Նիկոլ Փաշինյանը՝ «Տարվա քաղաքական գործիչ» ռուսական «Վեդոմոստի»-ի վարկածով

659

Ռուսաստանյան «Վեդոմոստի» հեղինակավոր թերթը Նիկոլ Փաշինյանին ճանաչել է «Տարվա քաղաքական գործիչ»՝ ընթերցողների քվեարկության արդյունքում։ Նույն անվանակարգում Փաշինյանի հետ մրցել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Խակասիայի Հանրապետության ղեկավար Վալենտին Կոնովալովը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը։

«Վեդոմոստի»-ն տեղեկացնում է, որ «Տարվա քաղաքական գործիչ» անվանակարգում ի սկզբանե Նիկոլ Փաշինյանի անունը ընդգրկված չէր, և խմբագրությունը որոշել է «ուղղել սխալը և ներառել Փաշինյանին թեկնածուների ցանկում»։

Թերթը գրում է, որ անցնող տարում հետխորհրդային տարածքում տեղի ունեցավ ևս մեկ «գունավոր հեղափոխություն», այս անգամ՝ Ռուսաստանի ամենամոտ և հավատարիմ դաշնակից Հայաստանում։ Հակիրճ տեղեկանք է ներկայացվում Հայաստանում Թավշյա հեղափոխության, դրան հաջորդած քաղաքական իրադարձությունների մասին։

Արձագանքելով «Վեդոմոստի»-ի ընտրությանը՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրել է․ «Իհարկե, հաճելի է ռուսական հեղինակավոր հանդեսի ընթերցողների կողմից տարվա քաղաքական գործիչ ճանաչվելը, բայց կարծում եմ պետք է մեկընդմիշտ արձանագրել, որ Հայաստանում տեղի է ունեցել ոչ թե «գունավոր» այլ Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն: Երկուսի միջեւ սարերի ու ձորերի տարբերություն կա»: