Տեր-Պետրոսյանի հրաժարականը. Ռոբերտ Քոչարյան` «Կյանք և ազատություն»

2557

ՀՐԱՊԱՐԱԿ-ը ներկայացնել Ռոբերտ Քոչարյանի ռուսերենով «Կյանք և ազատություն» գրքից նոր հատված, որը վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականին։

Վարչապետի պաշտոնում աշխատելու ժամանակը հիշողությանս մեջ մնացել է որպես աշխատանքային օրերի անընդհատ շարք՝ առանց հանգստի ու դադարների: Ի տարբերություն որպես ՊՊԿ-ի նախագահ պաշտոնավարելու՝ խնդիրների շրջանակը շատ ավելի լայն էր, շատ բան ստիպված էի յուրացնել գործնականում զրոյից: Սակայն աշխատավայրում հրետակոծություններ ու հրդեհներ չկային:

Աշնանը նկատելի դարձան բարելավումները տնտեսության մեջ: Զգալիորեն ավելացան բյուջե վճարվող մուտքերը, բնակչությանն ունեցած պարտքն արագ կրճատվում էր, կարելի էր մտածել նաև զարգացման ծրագրերի մասին: Բայց նկատելի էր դառնում նաև նախագահի ու նրա շրջապատի դժգոհությունն իմ գործողություններից: Տեր-Պետրոսյանին շարունակում էին բողոքել ինձնից. ՀՀՇ-ում շատերին դուր չէր գալիս կառավարությունը, որը հաշվետու չէր իրենց: Արտաքուստ դա ոչ մի կերպ չէր դրսևորվում, բայց մեր հարաբերությունների լարվածությունը պահպանվում էր: Զգում էի, որ Տեր-Պետրոսյանին ավելի ու ավելի է նյարդայնացնում վարչապետի անկախությունը, բայց իմ մոտեցումները չէի փոխում, որովհետև համոզված էի՝ այլ կերպ հաջողության չես հասնի, նաև՝ ես այլ կերպ չեմ կարողանում: Ասենք, դա դժվար թե հանգեցներ լուրջ հետևանքների, բայց այստեղ նա ինձ և կարծում եմ՝ շատերի համար բացարձակ անսպասելի քայլ արեց:

Սեպտեմբերի 26-ին Տեր-Պետրոսյանը, որը լրագրողներին այնքան էլ չէր արժանացնում իր հետ շփվելու պատվին, հանկարծ մամուլի ասուլիս հրավիրեց իր ընտրության մեկամյակի առիթով: Հանդես եկավ ելույթով, որով կոչ արեց զիջումների գնալ Ղարաբաղի հարցում և համաձայնել փուլային կարգավորման ծրագրին, որն առաջարկում էին Մինսկի խմբի համանախագահները: Այդ ծրագրով Ղարաբաղը մնում էր Ադրբեջանի կազմում: Նախագահի փաստարկները հանգում էին նրան, որ Հայաստանն այլ ելք ուղղակի չունի, որ քանի դեռ Ղարաբաղի հարցը լուծված չէ, հնարավոր չէ հաջողության հասնել տնտեսական զարգացման մեջ, ու երկիրն ապագա չունի:

Լսելով դա՝ այն ժամանակ հայտնի լրագրող, «Կարծիք» հաղորդաշարը վարող Սերգո Երիցյանը նորից հարցրեց, թե արդյոք ճի՞շտ է հասկանում Տեր-Պետրոսյանի ասածը. նախագահը պատրաստվում է հրաժարվե՞լ Ղարաբաղից: Նա պատասխանեց. «Սե՛րգո ջան, լավ չես ապրելու, մինչև Ղարաբաղի հարցը չլուծվի»: Տեր-Պետրոսյանի այս արտահայտությունն անմիջապես մտավ ժողովրդի մեջ կամ, ինչպես հիմա են ասում, դարձավ մեմ, իսկ մամուլի ասուլիսը Հայաստանի պատմության մեջ մտավ «Սերգո ջան» անունով:

Հիշեցնեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ծրագիրը նախատեսում էր մեր զբաղեցրած տարածքների վերադարձ Ադրբեջանին, բացառությամբ Լաչինի միջանցքի, որի կարգավիճակը դեռ անորոշ էր: Դրա դիմաց հայկական կողմին առաջարկվում էին Ղարաբաղի անվտանգության դեկլարատիվ միջազգային երաշխիքներ և տնտեսական շրջափակման վերացում: ԼՂՀ-ի կարգավիճակի հարցը հետաձգվում էր անորոշ ժամանակով՝ առանց դրա ընդունման որևէ մեխանիզմի ամրագրման:

Ես համոզված էի, որ այդպիսի որոշումը բացարձակապես անընդունելի է: Հանձնել տարածքներ, որոնք եղել ու մնում են ԼՂՀ-ի անվտանգության ամենահուսալի երաշխի՞քը: Հանձնել Ադրբեջանին այն ամենը, ինչ ամրապնդում է մեր բանակցային դիրքերը՝ առանց ԼՂՀ-ի կարգավիճակի հստակությա՞ն: Մենք անմիջապես կզրկվեինք այն առավելություններից, որոնք հիմք էին ծառայում հրադադարի համաձայնագրի համար, և ոչ ոք էր կարող երաշխավորել, որ պատերազմական գործողությունները չեն վերսկսվի:

Ասուլիսի մասին իմացա մամուլից: Տեր-Պետրոսյանի ելույթն ինձ չզարմացրեց: Գիտեի, որ նա պատրաստ է գնալ անընդունելի զիջումների: Բայց ինձ ապշեցրին նրա փաստարկները: Հայաստանի ժողովրդին հայտարարել, որ վատ են ապրում Ղարաբաղի պատճառով, ու կոչ անել հրաժարվե՞լ Ղարաբաղից:

Ասուլիսի հաջորդ օրը հանդիպեցի Տեր-Պետրոսյանին ու նրան հայտնեցի կարծիքս, ընդ որում՝ բավական կտրուկ.

– Լևո՛ն, լավ կլինի հրաժարվես այդ գաղափարից: Այստեղ որևէ զիջում չի կարող լինել: Այն, ինչ առաջարկում ես, Ղարաբաղի հանձնումն է: Ես այստեղ չեմ տեղափոխվել, որ քեզ հետ հանձնեմ Ղարաբաղը:

– Դա իմ կարծիքն է, ու ես իրավունք ունեմ բացահայտ խոսել այդ մասին,- պատասխանեց նա:

Այսպես վերջին ամիսներին մեր միջև աճող լարվածությունը վերածվեց բացահայտ առճակատման: Դա առաջին դեպքը չէր: Դեռևս պատերազմի տարիներին, երբ խոսք էր լինում Քելբաջարը հանձնելու մասին, իմ ու Տեր-Պետրոսյանի միջև տարաձայնություններ ծագեցին, բայց այն ժամանակ դրանք հանրային չդարձան: Ինչպեսև այն ժամանակ, սա դեռ անհատների առճակատում չէր, այլ բարդ խնդրի լուծման մոտեցումների բախում: Մեկն առաջարկում էր ազատվել այդ ծանր բեռից, իսկ մյուսը կարծում էր, որ թեև բեռը ծանր է, մենք այն առել ենք մեր ուսերին և պետք է արիաբար տանենք մինչ վերջ, այնքան ժամանակ, քանի դեռ հնարավոր է: Տեր-Պետրոսյանին թվում էր, որ այլևս անհնար է: Իսկ ես կարծում էի, որ դեռ կան բազում չօգտագործված հնարավորություններ, ու պիտի փորձենք իրագործել դրանք: Ես տեսնում էի, թե որքան անարդյունավետ է աշխատում կառավարությունը, որքան անարդյունավետ են կառուցված երկրում բազմաթիվ գործընթացներ, և վստահ էի, որ դա հնարավոր է փոխել:

Մամուլի ասուլիսն ալեկոծեց Հայաստանը՝ թե՛ հանրությանը, թե՛ իշխանական համակարգերը, և ցայտուն ընդգծեց ղարաբաղյան հարցի շուրջ հայացքների տարբերությունը: Բայց այդ տարաձայնության կայծից հրդեհը միանգամից չբռնկվեց. մենք շարունակում էինք շփվել՝ աշխատելով չխորացնել ընդհարումը: Մանավանդ որ խոսքը միայն կարգավորման բարձրաձայնված մոտեցման մասին էր: Իհարկե, ներսում քննարկում էինք ծագած խնդիրը. կառավարությունում կային մարդիկ, որոնք կիսում էին իմ տեսակետը, կային նաև նախագահի կողմն անցածներ:

Տեր-Պետրոսյանին ակտիվորեն աջակցում էր ՀՀՇ-ն՝ կուսակցությունը, որի առաջնորդը փաստացի, ըստ էության, դեռ նա էր: Իհարկե, երբ նա դարձավ նախագահ, ղեկավարը պաշտոնապես փոխվեց, բայց Տեր-Պետրոսյանը փաստացի շարունակում էր առաջնորդել կուսակցությունը: ՀՀՇ խորհրդի անդամները սկսեցին ակտիվորեն տարածել նախագահի տեսակետը: Նրան աջակցեց նաև Վանո Սիրադեղյանը1՝ այն ժամանակ Հայաստանի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը, շատ զգացմունքային և կոլորիտային անձնավորություն: Կրթությամբ բանասեր Սիրադեղյանը նախկին գրող ու լրագրող էր: Երբ սկսվեց ղարաբաղյան շարժումը, դարձավ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ավելի ուշ ստանձնեց Հայաստանի ներքին գործերի նախարարության ղեկավարությունը: 1997 թվականի աշնանը զբաղեցնում էր Երևանի քաղաքապետի պաշտոնը: Ներքին գործերի նախարար նշանակվեց քաոսային ժամանակաշրջանում, երբ միլիցիայի հանդեպ վերաբերմունքն այնքան վատ էր, որ ոչ ոք չէր ցանկանում աշխատել այնտեղ, մարդիկ նույնիսկ վախենում էին ոստիկանական համազգեստ կրել: Հայտնվել էին բազմաթիվ զինված խմբեր, ինչ-որ շարժումներ, ինքնապաշտպանական ջոկատներ, զինված խմբավորումներ: Նախարարի պաշտոնում Վանո Սիրադեղյանին հաջողվեց կարգուկանոն հաստատել ու վերականգնել հարգանքը միլիցիայի հանդեպ, բայց իրավիճակը կարգի բերելով՝ ինքը խնդիր դարձավ: Դասական իրավիճակ, երբ հաղթելով հանցավորությանը՝ մարդը կորցնում է ներքին առանցքը, սկսում իրեն վեր դասել օրենքից և արդյունքում ինքն էլ դառնում հանցագործ: Երբ Հայաստանում կատարվեցին մի շարք քաղաքական սպանություններ, քչերն էին կասկածում նրա ուղղակի մասնակցությանը: Հետագայում Սիրադեղյանը խուսափեց քննությունից ու մինչ օրս հետախուզման մեջ է:

Խորհրդարանի նախագահ Բաբկեն Արարքցյանը փորձում էր հնարավորինս հարթել իրավիճակը: Նա ակտիվ աջակցություն չէր ցուցաբերում Տեր-Պետրոսյանին, բայց չէի կասկածում, որ կիսում է նրա կարծիքը:

Դեռ հույս ունեի, որ նախագահը չի գնա ԵԱՀԿ-ի ծրագրի գործնական իրագործմանը, կգտնի դրանից խուսափելու միջոց: Գիտեի, որ Տեր-Պետրոսյանը շատ համառ է. եթե որոշում է կայացրել, ծայրահեղ բարդ կլինի համոզել նրան: Բայց չէ՞ որ ես էլ համառ էի: Փորձեցի համոզել թվերով.

– Տե՛ս, մի քանի ամիս է, ինչ զբաղվում եմ տնտեսությամբ, և արդեն լավ արդյունքներ կան, առաջընթացը տեսանելի է:

– Այդ ամենը ժամանակավոր է, պարզապես մեր բազան ցածր էր, իսկ հետո անկում կսկսվի,- պատասխանեց նա:

– Այո՛, հասկանում եմ անհանգստությունդ: Բայց արի փորձենք: Արի մեզնից կախված ամեն ինչ անենք, ու եթե չստացվի, այդ դեպքում ես առաջինը կմիանամ քեզ: Լևո՛ն, այո, մենք բազմաթիվ ներքին խնդիրներ ունենք, բայց ինքներս ենք ստեղծել դրանք: Ես տեսնում եմ զարգացման հսկայական ռեսուրսներ, որոնք պարզապես չենք օգտագործում: Խնդիրը մեր մեջ է: Իսկ հարցի քո ձևակերպումը վտանգավոր է նաև նրանով, որ մասնատում է հայ հասարակությունը: Չի կարելի մեր ժողովրդի մի հատվածը հակադրել մյուսին: Նույնիսկ եթե դու այդպես ես կարծում, չարժի խոսել այդ մասին: Պատկերացրու. ունես երեք երեխա, որոնցից մեկն առողջական խնդիր ունի: Եվ երեքին ասում ես՝ դուք վատ եք ապրելու, քանի դեռ սա հիվանդ է, որովհետև ես ստիպված եմ գումար ծախսել նրա բուժման համար: Հիմա դու ճիշտ այդպես ես վարվում Ղարաբաղի հետ:

Հորդորներս ապարդյուն էին: Որոշ ժամանակ անց՝ նոյեմբերի 1-ին, Տեր-Պետրոսյանը հրապարակեց «Պատերազմ թե խաղաղություն. լրջանալու ժամանակը» հոդվածը, որով կոչ էր անում գնալ զիջումների, քանի դեռ ուշ չէ. ընտրել վատի ու վատթարի միջև: Նա պնդում էր, որ հակամարտության ու շրջափակման պայմաններում Հայաստանը չի կարող զարգանալ: Այդ հոդվածից հետո համընդհանուր հանրային քննարկում ծավալվեց, և ղարաբաղյան կարգավորման թեման առանցքային էր 1997 թվականի աշնան ամբողջ ընթացքում:

Ակնհայտ էր, որ Տեր-Պետրոսյանն իր համար ամեն ինչ որոշել է և ակտիվորեն հանրային կարծիք է նախապատրաստում: Իշխանությունների վերահսկողության տակ գտնվող ԶԼՄ-ները նպատակաուղղված տարածում էին նրա տեսակետը, մինչդեռ սոցհարցումները միանգամայն այլ բան էին վկայում: Եթե մինչև մամուլի ասուլիսը դրանք փաստում էին, որ մարդկանց ամենից շատ հուզում են գործազրկությունն ու այլ սոցիալական հարցեր, իսկ Ղարաբաղը նրանց համար չորրորդ կամ հինգերորդ տեղում է, ապա այն բանից հետո, երբ նախագահը հայտնեց ղարաբաղյան կարգավորման խնդրով իր մտահոգության մասին, հարցը եկավ առաջին պլան: Սա ազգային հոգեկերտվածքի առանձնահատկություն է. երբ չկա ուղղակի սպառնալիք, հարցը դուրս է մնում ուշադրության գոտուց: Իսկ հենց վտանգ է հայտնվում, տեղի է ունենում ամբողջ հասարակության կայծակնային համախմբում:

Ինչո՞ւ Տեր-Պետրոսյանը գնաց այդ քայլին: Կարծում եմ՝ նա անկեղծ էր: Ըստ երևույթին, իսկապես հավատում էր, որ այլ ճանապարհ չկա: Ինչ-որ պահի նրան թվացել էր, որ Ղարաբաղը չափազանց ծանր բեռ է Հայաստանի համար, և երկիրը չի կարող պատանդ մնալ այդ խնդրին: Այդպիսի տրամադրություններ ավելի վաղ էլ էին նկատվում, թեև նախագահ էր դարձել ղարաբաղյան շարժման ալիքի վրա: Երկրում տիրող ծանր վիճակը Ղարաբաղի խնդրով բացատրելը շատ ավելի հեշտ էր, քան խոստովանել, որ գործերը վատ են անարդյունավետ կառավարման և այն պատճառով, որ ինչ-որ բան չես կարողանում: Մարդիկ հակված են ենթագիտակցաբար փնտրել սեփական անհաջողությունները բացատրելու արտաքին պատճառ: Դա նրանց մասամբ օգնում է հաղթահարել ներքին անհարմարավետության զգացումը, բայց, որպես կանոն, նոր անհաջողությունների պատճառ է դառնում:

Ըստ երևույթին, 1996 թվականի խնդրահարույց ընտրություններն ու այն գիտակցությունը, որ իր իշխանության լեգիտիմությունը խիստ կասկածելի է, Տեր-Պետրոսյանին պահում էին մշտական հոգեբանական լարվածության մեջ: Ու հիմա էլ ես էի կրակի վրա յուղ լցնում. հանկարծ հայտնվում է նոր վարչապետ ու կարճ ժամանակում գործերը զգալիորեն բարելավում: Բացի դրանից՝ պարզվում է՝ վարչապետը չափից դուրս անկախ է, և իշխանության իրական կենտրոնը թեքվում է դեպի կառավարության շենք: Հնարավոր է՝ այդ գործոնների հանրագումարն էլ նրան բերել էր այդպիսի որոշման՝ համաձայնել ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ մեզ համար պարտվողական ծրագրին: Չնայած այս ամենը զուտ իմ ենթադրություններն են, այլ մարդու զգացողություններն ու վիճակը վերլուծության ենթարկելու փորձ:

Իսկ ես առաջվա պես վստահ էի, որ չնայած ղարաբաղյան խնդրի ծայրաստիճան բարդությանը՝ այն կարելի է լուծել: Պետք է կամք ունենալ ապրելու այդ խնդրով թեկուզ շատ երկար տարիներ, և միայն այդպես հնարավոր կլինի ի վերջո հասնել հաջողության: