Թուֆենկյան հիմնադրամը՝ Տավուշի սահմանամերձ երեխաների և «Դովեղ» ֆուտբոլային ակումբի կողքին

1254

«Դովեղ» ֆուտբոլային ակումբը տեղեկացրել է, որ 2019թ հունվարի 12-ին և 13-ին, շաբաթ և կիրակի օրերին, Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի Կողբ գյուղի մարզադահլիճում կազմակերպում է մինի ֆուտբոլի մրցաշար դպրոցականների միջև տարիքային երկու խմբերում՝ մինչև 16 տարեկաններ (2003-2005 թվականներ) և մինչև 13 տարեկաններ (2006-2008 թվականներ):

Մենք նշել էինք, որ եթե կան անհատ բարերարներ, ՀԿ-ներ կամ հիմնադրամներ, որոնք ցանկություն ունեն իրենց ներդրումը բերել այս մրցաշարի անցկացմանը՝ համաֆինանսավորելով այն, կարող են գրել «Դովեղ» ֆուտբոլային ակումբի էլեկտրոնային հասցեին:

Մեր ցանկությանը արձագանքել է «Թուֆենկյան Բարեգործական Հիմնադրամ»-ը և նրա տնօրեն Ռաֆի Դուդակլյանը՝ նվիրաբերելով 200 հազար դրամ:

Այս գումարը «Դովեղ» ֆուտբոլային ակումբը կօգտագործի երկօրյա մրցաշարի ընթացում դպրոցականների համար սնունդ, նրանց տեղափոխման, մրցաշարի մրցանակակիրներին և լավագույն ֆուտբոլիստներին նվերներ տալու և կազմակերպչական այլ ծախսեր հոգալու նպատակով:

«Դովեղ» ֆուտբոլային ակումբը իր և Տավուշի սահմանամերձ դպրոցների աշակերտների անունից շնորհակալություն է հայտնում Թուֆենկյան Բարեգործական հիմնադրամին և նրա տնօրեն Ռաֆի Դուդակլյանին՝ առատաձեռն նվիրատվության և սահմանամերձ գյուղերի աշակերտներին հատուկ ուշադրություն դարձնելու համար:

Երկու օրերի մրցաշարին մասնակցելու է դպրոցների ավելի քան 30 թիմ և ավելի քան 200 աշակերտ:

Մինչև 13 տարեկանների դպրոցականների մրցաշարին մասնակցելու է 13 թիմ, որոնցից 11-ը Տավուշի մարզի սահմանային Նոյեմբերյանի շրջանի գյուղերի դպրոցներ են, իսկ 2-ը՝ Իջևանի «Նիկարմ» ֆուտբոլային ակումբի «Նիկարմ» և «Այգեհովիտ» (գյուղ Այգեհովիտ) թիմերը:

Մինչև 16 տարեկանների դպրոցականների մրցաշարին մասնակցելու է 18 թիմ, որոնցից 14-ը Նոյեմբերյանի շրջանի գյուղերի դպրոցներ են, իսկ 4-ը՝ Նոյեմբերյանի «Դովեղ», Իջևանի «Նիկարմ» ֆուտբոլային ակումբի «Նիկարմ» և «Այգեհովիտ» (գյուղ Այգեհովիտ) թիմերը, ինչպես նաև՝ Բերդի տարածաշրջանի Ներքին Կարմիր Աղբյուր գյուղի դպրոցի թիմը:

«Դովեղ» ֆուտբոլային ակումբ