Ադրբեջանական ներկայությունը՝ գերեզմանատան ու հուշարձանի տեսքով․ Շղարշիկ (Կապան)

1219

Կապանցի 60-ամյա Էդուարդ Մովսիսյանը Շղարշիկի ադրբեջանական գերեզմանատան պահապանն է․ նա հետեւում է, որպեսզի ցանկապատն ու տապանաքարերը չվնասվեն ու չկոտրվեն, ընտանի կենդանիները գերեզմանատուն մուտք չգործեն։

Էդուարդի տունը  գերեզմանատնից ընդամենը  մի քանի մետր է հեռու

Շղարշիկը, որ Երևանից 320 կմ հեռավորության վրա է գտնվում, Սյունիքի մարզկենտրոն Կապանի  ծայրամասային թաղամասերից է: Մինչև ղարաբաղյան հակամարտությունն այն բնակեցված էր ադրբեջանցիներով: Թաղամասի հին ու նոր բնակիչները երբեք իրար չեն հանդիպել: 50-60 տնտեսությունների նախկին տերերը՝ ադրբեջանցիները, տները լքել են դեռևս 1988-1989թթ.-ին, իսկ Բաքվից և Սումգայիթից գաղթած հայ փախստականները կառավարության որոշմամբ Շղարշիկում են հաստատվել 1990 թվականին:

էդուարդը 18 տարի առաջ է գնել ադրբեջանական գերեզմանատան հարևանությամբ գտնվող տունն ու հարակից այգին։

Գերեզմանատունն ու շիրիմաքարերը վնասված չեն, տարածքի հիմնական մասի խոտը հնձված է․ միայն տեղանքի դժվարամատչելի հատվածներն են խոտով ու ակացիաներով պատված։

Շղարշիկի ադրբեջանական գերեզմանատունը

Ադրբեջանական  գերեզմանաքար Շղարշիկում

«Տան հարակից գերեզմանի տարածքն արդեն ցանկապատված էր, ես էլ շարունակեցի նույն կերպ տիրություն անել: Խոտն էի հնձում, ավելորդ թափուկներն ու ցախերը հավաքում, ձմռանն օգտագործում: Խիտ պատված ծառերից ու թփերից մի անգամ մաքրեցինք, բայց ավելի տարածվեցին ու  գլխացավանք դարձան»:

60-ամյա Էդուարդ Մովսիսյանը ցույց է տալիս  պահպանված ադրբեջանական գերեզմանները

«Չգիտեմ՝ ում գերեզմաններն են, ոչ մեկը մինչ օրս չի այցելել: Ես քրիստոնյա մարդ եմ, երբեք ձեռքս չի բարձրանա գերեզման քանդել: Եթե հարազատները մի օր որոշեն այցելել գերեզման, դեմ չեմ լինի. սուրճ էլ կհուրասիրեմ, եթե լավ մարդիկ լինեն, տանս բանալիները կտամ՝ թող մի քանի օր էլ ապրեն»,- ասում է էդուարդը և վստահեցնում, որ քանի այդ տարածքն իր տան կողքին է,  գերեզմանները նույնությամբ կպահպանվեն:

7 անդամ ունեցող ընտանիքի միակ կերակրող էդուարդը,  ով փախստական չէ, տաքսի վարելով է օրվա ապրուստը հոգում:

Նա Կապանում է բնակվում և Շղարշիկ գալիս է շաբաթական մի քանի անգամ` տնամերձ այգին ջրելու, բերքը հավաքելու համար։ Նրա բացակայության ժամանակ էլ շունը՝ Չալոն է տարածքը հսկում:

Էդուարդի բացակայության ժամանակ  Չալոն է տարածքը հսկում։

Շղարշիկից և Կապանի տարածաշրջանի մյուս բնակավայրերից ադրբեջանցիները սկսեցին հեռանալ 1988-ից, երբ հայ-ադրբեջանական հարաբերություններն աստիճանաբար  վատթարացան Ղարաբաղյան հակամարտության զարգացմանը զուգահեռ:

Շղարշիկը, որ նախկինում կրել է Շեկք անվանումը և ունեցել է գյուղի կարգավիճակ, 1990թ.-ից ի վեր  դարձել է 40 հայ փախստական ընտանիքների նոր բնակատեղին:

Այսօր Շղարշիկում 200 մարդ է ապրում: 46 տնտեսությունից միայն 10-ում  են փախստական ընտանիքներ բնակվում։ Մյուսները Կապանի տարբեր թաղամասերից տեղափոխված բնակիչներ են։

Կապան համայնքի Շղարշիկ թաղամասի  լիազոր ներկայացուցիչ Շահեն Բաբայանցն այստեղ հաստատված առաջին բնակիչներից է:  Նա ծնվել և մեծացել է Բաքվում։

«Մեր դասարանում 35 աշակերտներից 20-ը հայ էին: Ադրբեջանցիների հետ մտերիմ էինք, երբեք տարբերություն չէին դնում հայի ու ադրբեջանցու մեջ: Ադրբեջանցի դասընկերներս  հիմա Ռուսաստանում ու Ամերիկայում են: 2001թ.-ին, Երբ Բոստոն էի գնացել դասընթացների, դասընկերոջս՝ Նազիմին հանդիպեցի, այն տարիները հիշեցինք», – ասում է Բաբայանցը:

Շահեն Բաբայանցը Շղարշիկի առաջին բնակիչներից է

Ասում է՝ փախստական ընտանիքների անդամների ստորագրությամբ նամակի հիմքով տարբեր պաշտոնյաներին համառորեն դիմելուց հետո միայն Շղարշիկի տները սեփականության իրավունքով հատկացվեցին փախստականներին:

«1993թ.-ին կառավարության համապատասխան որոշմամբ այդ տներն ու տնամերձ  հողակտորներն անհատույց տրամադրվեցին արդեն տներում բնակվող փախստականներին», – հավելում է Շահեն  Բաբայանցը:

Շղարշիկի բնակիչ 51-ամյա Արթուր Աբրահամյանը 1989թ.-ին ընտանիքի հետ ստիպված լքել է Բաքվի հարմարվետ երեք սենյականոց բնակարանը՝ հաստատավելով խարխլված պատերով ու տարրական կենցաղային պայմաններից զուրկ մեկհարկանի տանը:

Աբրահամյան ամուսինները 28 տարի է Շղարշիկում են ապրում

Աբրահամյանների կիսախարխուլ տունն օրեցօր ավելի է ավերվում: Ննջասենյակն այլևս վաղուց դադարել են օգտագործել:

Այս սենյակը ժամանակին որպես ննջարան է ծառայել։

«Երբեք չէինք մտածում, որ մի օր  էս պայմաններում կապրենք: Բաղնիք, զուգարան ի սկզբանե չկար տանը,  էլ ինչ նորմալ կենցաղային պայմանների մասին է խոսքը: Պետական աջակցություն չկա, ով ոնց կարողանում՝ ապրում է: Տարիներ առաջ «Օքսֆամ»-ի  տրամադրած շինանյութով փոքրիկ կցակառույց շինություն սարքեցինք, անասուն ու բերքատու ծառերի տնկիներ ստացանք, յոլա գնացինք»,– պատմում է  Ռայիսա Աբրահամյանը, ով 16 տարեկան դպրոցական էր, երբ նկարիչ-դիզայներ դառնալու երազանքներով Ադրբեջանի Սումգայիթ քաղաքից ընտանիքի հետ գաղթեց Հայաստան:

«Օքսֆամ» բրիտանական մարդասիրական բարեգործական կազմակերպությունը մի շարք ծրագրեր է իրականացրել Շղարշիկում․  հենց այդ ծրագրերից մեկի շնորհիվ 1996թ.-ին Շղարշիկը խմելու ջրով ապահովվեց:

Գործազրկությունը շարունակում է մնալ Շղարշիկի և Կապանի կարևորագույն խնդիրներից մեկը։

«Առավոտյան 5-ից ընտանիքով գնում ենք անտառից տարբեր տեսակի կանաչեղեն,  մոշ, հոն հավաքում, որ ժամը 8-ին տանենք քաղաքում վաճառենք: Հազիվ օրվա ուտելիք ենք անում, չենք կարողանում  ձմռան համար փող հետ գցենք »,- ասում է Արթուր Աբրահամյանը:

Գյուղի նախկին բնակիչները՝ ադրբեջանցիները հիմնականում անասնաբուծությամբ են զբաղվել․

«Անասուն փորձել ենք պահել, օձերի խայթոցից  սատկեցին, օձերը շատ են էստեղ ․․․ »,- ասում է Արթուր Աբրահամյանը, ով տարիներ շարունակ չի կարողանում այնպիսի  աշխատանք գտնել, որով հնարավոր է ընտանիք պահել։

«Մի քանի տեղ փորձել եմ աշխատել որպես պահակ, բայց ստացածս չէր բավականացնում մինիմալ կարիքները հոգալու համար» , – ասում է Արթուր Աբրահամյանը։

Ի տարբերություն Արթուրի, մասնագիտությամբ ֆինանսիստ Շահեն Բաբայանցին հաջողվել է ակտիվ կարիերա ծավալել Հայաստանում․ նա բժշկական ու իրավաբանական կրթություն էլ է ստացել, այժմ աշխատում է Կապանի քաղաքապետարանում, որտեղ անվտագության հարցերով պատասխանատուն է։

Շահենը նաև Սյունիքի մարզի կարատեի ֆեդերացիայի նախագահն է, իսկ 2004թ-ից՝ Առողջության պահպանման Սյունիքի հիմնադրամի տնօրենը։

Նա հիշում է. որ երբ նոր էին տեղափոխվել, տարածաշրջանում ադրբեջանցիների շատ գերեզմաններ կային։

«Արցախի պատերազմի տարիներին ռմբակոծության հետևանքով տասնյակ գերեզմաններ ջարդվեցին: Իսկ մենք՝ գյուղի բնակիչներով, որոշեցինք չքանդված մոտ 10  գերեզմանները պահպանել, թեև գիտեինք, որ մեր գերեզմաններն Ադրբեջանում քանդել են»:

Շղարշիկի կենտրոնում կանգուն է նաև Հայրենական մեծ պատերազմում զոհված   ադրբեջանցիների հիշատակը հավերժացնող հուշարձանը:  Կոթողի վրա ռուսերենով փորագրված են գյուղից պատերազմին մասնակցած շուրջ երեք տասնյակ ադրբեջանցիների անուն ազգանունները:

Հայրենական  մեծ պատերազմում զոհված ադրբեջանցիների հուշարձանը Շղարշիկում

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Սյունիքի մարզային ծառայության պետ Արամ Դավթյանի խոսքով՝ Հայրենական մեծ պատերազմում զոհված ադրբեջանցիներին նվիրված ընդամենը երեք հուշարձան կա Սյունիքի մարզում՝ Շղարշիկում, Սիսիանի Արևիս և Մեղրու Լեհվազ գյուղերում:

ՄԵՐԻ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Աղբյուրը՝ ՋԵՄ ՆՅՈՒԶ
Չլսված ձայներ» նախագիծը International Alert’s կազմակերպության` Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող աշխատանքի մաս է կազմում: Այն հակամարտությունից տուժող հասարակությունների լրագրողների աշխատանքի և «ոչ պատերազմի, ոչ խաղաղության» վիճակում ապրող մարդկանց առօրյա կյանքի վրա հակամարտության ազդեցությունը լուսաբանող նրանց համատեղ ջանքերի արդյունքն է: Նախագծի նպատակն այդ մարդկանց ձայները լսելի դարձնելն է` և’ սեփական հասարակության մեջ, և’ հակամարտության հակառակ կողմում` ընթերցողներին հնարավորություն տալով տեսնել «թշնամու» կերպարի հետևում թաքնված իրական դեմքերը:
Այս ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից` «Եվրոպական գործընկերություն` հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման» (EPNK) նախաձեռնության շրջանակներում:
Այս էջում հրապարակված նյութերի համար պատասխանատու են բացառապես լրագրողները, դրանք պարտադիր չէ, որ արտացոլեն «International Alert»-ի կամ դոնոր կազմակերպությունների կարծիքը կամ քաղաքականությունը: