Մարտիրոս գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին

2748

Վայոց Ձորի Մարտիրոս գյուղը մաս է կազմում Զառիթափ խոշորացված համայնքի:

Զառիթափ համայնքը կազմավորվել է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին ՀՀ օրենքում 2016 թվականի հունիսի 17-ին կատարված փոփոխության արդյունքում՝  Վայոց ձորի Արտավան, Բարձրունի, Գոմք, Խնձորուտ, Մարտիրոս, Նոր Ազնաբերդ, Սարավան, Սերս գյուղական համայնքների միավորումից և իր վարչական տարածքում ընդգրկում է Ախտա, Կապույտ, Ուղեձոր գյուղական բնակավայրերը։

Մարտիրոս գյուղի սահմանակից բնակավայրերն են` հյուսիս-արևելքից` Զառիթափը, հարավ-արևմուտքից` Սերսը, Խնձորուտը, հարավ-արևելքից սահմանակից է Նախիջևանի ինքնավար հանրապետությանը։ Հեռավորությունը մարզկենտրոն Եղեգնաձորից 33 կմ է, Վայք քաղաքից՝ 20 կմ, մայրաքաղաք Երևանից` 155 կմ։

Այսօր գյուղը, ըստ մարզպետարանի տվյալների, 654 հոգի է:

Մարտիրոսի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 301 հոգի, որից 206-ը՝ հայ, 95-ը՝ իսլամ

1873 թվական – 644 հոգի, բոլորը՝ հայ

1886 թվական – 933 հոգի, բոլորը՝ հայ

1897 թվական – 1022 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ

1904 թվական – 1506 հոգի

1914 թվական – 1503 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի

1914 թվական – 1653 հոգի, ըստ արխիվային տվյալների

1916 թվական – 1312 հոգի

1919 թվական – տվյալներ չկան

1922 թվական – 1241 հոգի, բոլորը՝ հայ

1926 թվական – 1293 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 1278-ը՝ հայ, 9-ը՝ թուրք, 6-ը՝ քյուրդ

1931 թվական – 1612 հոգի, որից 1611-ը՝ հայ, 1-ը՝ թուրքական խումբ:

Մարտիրոսը մեկն է Վայոց ձորի, ինչպես նաև ողջ Հայաստանի այն սակավաթիվ
գյուղերից, որի հիմնադրման ստույգ տարեթիվը և հիմնադրողների անունները
պահպանվել են։ Այդ կարևոր տեղեկությունը արձանագրված է գյուղամիջի մեծ աղբյուրի մոտ 1283թ. վարդագույն գրանիտից կանգնեցված երեք մետրից ավելի բարձրություն ունեցող գեղաքանդակ խաչքարի վրա` ներքևում հետևյալ արձանագրությամբ.

Ես` Դեղիկի որդի Մխիթարս, Իշխանաց իշխան Պռոշի և նրա որդի Հասանի
հրամանով, 1283թ. շինեցի Մարտիրոս գյուղը և կանգնեցրի այս խաչքարը սուրբ
վկայարանի (եկեղեցու) դռան առջև, ի բարեխոսություն և իմ ամուսին Մամջրին և իմ որդի Ղարիբ Շահին և իմ դուստր Ռուզաքանին, ովքեր որ ընթերցեք, հիշեցեք մեզ։ Շինվեց Շնորհավորի ձեռքով

Մարտիրոսի ամենանշանավոր ճարտարապետական հնությունը 13-րդ դարի վիմափոր Սուրբ Աստվածածին վանքն է, որը գտնվում է գյուղից 2,5 կմ հարավ-արևելք, Նզար սարի ստորին հատվածում։ Ըստ պահպանված արձանագրությունների, վանքը 1286 թվականին կառուցել է Մարտիրոս վարդապետը։