920 883 ԱՄՆ դոլար Ամուլսարի հարակից համայնքներին

811

Լիդիանը շարունակում է հավատարիմ մնալ թափանցիկ և հաշվետու գործելաոճին և տարեվերջին, ավանդույթի համաձայն, հրապարակում է համայնքներին արված վճարումները, ասվում է ընկերության տարածած հայտարարությունում:

Չնայած Ամուլսարի ծրագիր տանող ճանապարհների ապօրինի շրջափակմանը, ինչի հետևանքով Ծրագիրը փաստացի կասեցված է արդեն գրեթե 6 ամիս՝ Լիդիանը շարունակել է պատշաճ իրականացնել Ամուլսարի ծրագրի ենթակառուցվածքների համար հողի վարձակալության դիմաց վճարումները շրջակա համայնքների բյուջեներ:

Այսպես, 2018թ. Լիդիանը հողի վարձակալության դիմաց վճարել է ընդհանուր 920 883 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որից՝
Ջերմուկ/Գնդեվազ – 403 701 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ
Զառիթափ/Սարավան – 265 955 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ
Գորայք – 251 227 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
Այս փոխանցումները մի քանի անգամ գերազանցում են այս համայնքեր վճարվող պետական դոտացիաները:

2008-2018թթ. ընթացքում հողի վարձակալության դիմաց Լիդիանն այս համայքներին վճարել է ընդհանուր առմամբ 5,1 մլն ԱՄՆ դոլար:

Ամուլսարի ծրագրի տնտեսական ազդեցությունը շրջակա համայնքների վրա դժվար է թերագնահատել: Մինչ ճանապարհների ապօրինի շրջափակումը Ամուլսարի ծրագրում աշխատում էր մոտ 1400 մարդ, որից 428-ը շրջակա համայնքներից: Այսօր այս մարդկանց զգալի մասը դարձել է գործազուրկ:

Միայն Լիդիանի կապալառու ընկերությունները 2017-18թթ. ընթացքում տեղի համայնքներից կատարել են ավելի քան 2,2 մլն ԱՄՆ դոլարի գնումներ: Գնումների 75%-ը իրականացվել է Ջերմուկ և Գնդեվազ համայնքներում՝ հիմնականում վառելիքի, սպասարկման, հյուրանոցների և տրանսպորտի ոլորտներում:

2008թ.-ից սկսած այս համայքներում սոցիալական զարգացման ծրագրերում Լիդիանն իրականացրել է ընդհանուր առմամբ 3,7 մլն ԱՄՆ դոլարի ներդրում: Այս ծրագրերի արդյունքում նորոգվել և բարեկարգվել են համայնքային նշանակության ենթակառուցվածքներ՝ ճանապարհներ, ոռոգման և ջրամատակարարման համակարգեր, կրթական հաստատություններ և այլն, ներդրվել են գյուղատնտեսական նորարարական ծրագրեր, աջակցություն է ցուցաբերվել համայնքներում փոքր բիզնեսի զարգացմանը, որի համար ներդրվել է 130 000 ԱՄՆ դոլար:

Այս պահի դրությամբ, Ամուլսարի ճանապարհների ապօրինի շրջափակման հետևանքով այս ծրագրերի մեծ մասը կասեցված է: