«Արաքսին հարակից չորս շրջանների վերադարձը կնշանակեր շփման գծի ձգվածության ավելացում 200-220 կմ»

1059

Հատված Ռոբերտ Քոչարյանի` «Կյանք եւ ազատություն» գրքից, որը վերցրել ենք ՀՐԱՊԱՐԱԿ-ից

[1997-ի] Դեկտեմբերին հանկարծ հրավեր ստացա Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակից այդ երկիր այցելելու։ Ինձ դա զարմացրեց եւ մտահոգեց, ինչու պետք է նախագահը հրավիրի վարչապետին։ Սակայն այնքան էի կլանված աշխատանքով, որ այդ հարցի ուղղությամբ չմտածեցի․․․ Ելիսեյան պալատում տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտնի դարձավ հրավերի պատճառը։ Շիրակն ուզում էր քննարկել ինձ հետ ղարաբաղյան կարգավորման հետ կապված հարցերը։

Ֆրանսիան ակտիվորեն մասնակցում էր միջնորդական գործունեությանը եւ աջակցում ԵԱՀԿ փուլային պլանին։ Շիրակի խոսքերով, Տեր-Պետրոսյանը պատրաստ էր ստորագրել, սակայն հղում էր տալիս դժվարություններին․ «Ես շատ համառ վարչապետ ունեմ, որը ոչ մի կերպ չի համաձայնում։ Նա Ղարաբաղից է։ Փորձեք ինքներդ նրան համոզել»։

Շիրակը որոշել էր ուղիղ ինձ հետ խոսել, եւ հենց դա էլ եղել էր պատճառը, որ ես Ֆրանսիա հրավիրվեմ։ Նա անկեղծորեն պատմեց ողջ նախապատմությունը մեր հանդիպման առաջին իսկ րոպեներին։ Ես հասկացա, որ Շիրակի նպատակն է համոզել ինձ այն բանում, որ Ադրբեջանին տարածքների վերադարձը մինչեւ ԼՂ կարգավիճակի որոշումը միակ հնարավոր ելքն է։ «Դե ինչ ․․․»,- մտածեցի ես ու բացեցի Ֆրանսիայի նախագահի առաջ քարտերս։ Ես նրան ցույց տվեցի, թե ինչ կարող է նշանակել մեր անվտանգության համար հեռանալն այդ տարածքներից։ Արաքսին հարակից չորս շրջանների վերադարձը կնշանակեր շփման գծի ձգվածության ավելացում 200-220 կմ։ Շատ ավելի կավելանար շփման գծի ձգվածությունը եթե հանձնվեր Քելբաջարը, որտեղ մենք պահում ենք ընդամենը մի կիրճ՝ 3200 մետր բարձրությունից։ Ով կգնա նման ինքնասպան քայլի առողջ բանականությամբ, առանց ռեալ երաշխիքների։

Ինչպիսի ուժերով ենք մենք ապահովելու Ղարաբաղի անվտանգությունը։ Ես եւս մեկ անգամ կրկնեցի, որ այդ տարածքների հանդեպ մեր վերահսկողության իմաստը բացառապես ռազմական է եւ այնտեղից մենք կարող ենք հեռանալ, միայն եթե սպառնալիքի լիակատար բացակայություն լինի։

Նշեցի, որ հաշտությունը հիմնվում է ոչ թե խաղաղապահների, այլ ուժերի հավասարակշռման վրա, եւ հենց այդ տարածքներն են, որ հանդիսանում են կարեւոր բաղադրիչն այդ հավասարակշռության։ Իսկ հետո ես մի այսպիսի պարզ հարց տվեցի նրան․ «Պարոն նախագահ, իսկ դուք պատրա՞ստ եք այնտեղ զորք ուղարկել, որոնք կերաշխավորեն խաղաղությունը»։ Պատասխանը լռությունն էր։ Նման երաշխիքներ ոչ ոք տալ չէր կարող։ Ցույց տալով, թե ինչպիսի հետեւանքներ կարող է ունենալ Արցախի համար «փուլային» պլանը, ես եւս մեկ կարեւոր փաստարկ ներկայացրի։

Բանակցությունները արդյունավետ կերպով կավարտվեն միայն այն ժամանակ, եթե ողջ պրոցեսի ընթացքում կողմերի մոտ պահպանվի այն շարունակելու մոտիվացիան։ Հենց որ մենք այդ տարածքները վերադարձնենք Ադրբեջանին, նա կկորցնի մոտիվացիան առհասարակ։ Ինչի շուրջ բանակցի կամ պայմանավորվի, եթե նա ստանում է այն, ինչ ուզում էր։ Եվ բացի այդ, մենք մեր ձեռքերով ստեղծում ենք գայթակղություն՝ օգտագործելով այդ տարածքները ուժով վերադարձնել ողջ Ղարաբաղը։ Դուք դա ուզում եք։ Զրուցակիցս կրկին ոչինչ չուներ պատասխանելու։ Այնպիսի տպավորություն ստացա, որ նման կոնտեքստով խոսակցություն Շիրակի հետ երբեք չի եղել եւ ես կարողացա նրան եւ ներկաներին հասցնել իմ տեսակետը՝ ստիպելով նրանց խնդրին նայել նոր, մինչ այդ իրենց համար անծանոթ տեսանկյունից։

Հանդիպման արդյունքը մտածվածի հակապատկերն էր։ Ոչ թե Շիրակն ինձ համոզեց, այլ ես կարողացա նրան ակնհայտ կերպով ցույց տալ, որ իրենց պլանը չի աշխատի, եւ այն պետք է հիմնովին փոխել։ Ես տրամաբանական եւ ծանրակշիռ փաստարկներ բերեցի, եւ դրանք բավական եղան, որպեսզի նրանք բոլորը սկսեն մտածել։ Ես էլ հասկացրեցի, որ բաց եմ քննարկումների համար եւ պատրաստ քննակելու լուծման ցանկացած տարբերակ, որը չի հարվածի Հայաստանի եւ Ղարաբաղի կենսական շահերից։ Երբ դուրս էի գալիս բանակցությունների սրահից, աչքիս զարնեց ֆրանսիական ԱԳՆ ներկայացուցչի այլայլված դեմքը, որը պատասխանատու էր ղարաբաղյան կարգավորման բանակցությունների համար։

Նա ակնհայտորեն ծանր էր տանում։ Ինչ որ մի երկու ժամի պատճառով նրա բոլոր ջանքերն ի դերեւ ելան։ Ինձ համար այդ ուղեւորությունը շատ արդյունավետ էր։ Ժակ Շիրակը հասկացավ մեր դիրքորոշումը եւ հետագայում բազում տարիներ օգնում էր բանակցություններում։

Արխիվային լուսանկար, ապրիլ, 2001 թ., Քի Վեսթ, Ֆլորիդա