«Դովեղ» ֆուտբոլային ակումբը տեղեկացնում է, որ 2019-ի հունվարի 12-13-ին Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանում կամակերպում է մինի ֆուտբոլի մրցաշար դպրոցականների միջև երկու տարիքային խմբերում՝ 2003-2005 թվականներ և 2006-2008 թվականներ:
Եթե եղանակային պայմանները լինեն բարենպաստ, մրցաշարը անց կկացվի Նոյեմբերյանի քաղաքային մարզադաշտում, եթե ոչ՝ մարզադահլիճում:
Հունվարի 12-ին կմրցեն 2003-2005 թվականների ծնված դպրոցականների թիմերը, իսկ հաջորդ օրը՝ հունվարի 13-ին, 2006-2008 թվականները:
Դեկտեմբերի 7-ին և 8-ին «Դովեղ» ֆուտբոլային ակումբի հիմնադիր Թաթուլ Հակոբյանը և մարզիչ Կարեն Ասատրյանը այցելել են Նոյեմբերյանի շրջանի բոլոր գյուղեր և տեղերում դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչներին տեղեկացրել մրցաշարարերի անցկացման պայմանների մասին:
Մինչև դեկտեմբերի 20-ը դպրոցները պետք է տեղեկացնեն իրենց մասնակցության մասին:
Մրցաշարին հայտ ներկայացնող թիմերը պետք է ունենան առնվազն 5 ֆուտբոլիստ և 1 մարզիչ/ֆիզկուլտուրայի ուսուցիչ յուրաքանչյուր տարիքային խմբի համար:
Նման մրցաշար կազմակերպելով՝ «Դովեղ» ֆուտբոլային ակումբը հետապնդում է երեք հիմնական նպատակ.
- մասսայականացնել աշխարհի ամենասիրված խաղը՝ ֆուտբոլը, Տավուշի մարզի սահմանային համայնքներում,
- փորձել նոր ֆուտբոլիստներով համալրել ՀՀ ֆուտբոլի մինչև 16 տարեկանների 2018-2019թթ. առաջնությունում հանդես եկող «Դովեղ» թիմը,
- 2019-2020 թթ. ՀՀ ֆուտբոլի մանկապատանեկան առաջնության համար ընտրել ապագա ֆուտբոլիստների: Եկող՝ 2019-2020 թթ. ՀՀ ֆուտբոլի մանկապատանեկան առաջնություններում «Դովեղը» ևս երկու թիմով՝ մինչև 14 և մինչև 15 տարեկանների, ցանկություն ունի մասնակցելու:
Հայտ ներկայացնելու և այլ տեղեկություններ ստանալու համար պետք է գրել «Դովեղ» ֆուտբոլային ակումբի էլեկտրոնային հասցեին՝ doveghfc@gmail.com և կամ ֆեյսբուքի էջին՝ Դովեղ ֆուտբոլային ակումբ/Dovegh Football Club:
Կարող եք նաև զանգահարել «Դովեղ» ակումբի մարզիչ Կարեն Ասատրյանին՝ (Նոյեմբերյան) հետևյալ հեռախոսահամարով՝ 093 24 24 86, ակումբի հիմնադիր Թաթուլ Հակոբյանին (հեռախոս՝ 091 42 64 35 կամ 098 65 53 21):
Առավել աչքի ընկած ֆուտբոլիստները կներառվեն ՀՀ ֆուտբոլի մինչև 16 տարեկանների 2018-2019թթ. առաջնությունում հանդես եկող «Դովեղ» թիմի կազմում և նրա հետ կմասնակցեն ուսումնամարզական հավաքներին, այդ թվում՝ կմեկնեն Վրաստան՝ մի քանի ընկերական խաղեր անցկացելու վրաց իրենց հասակակիցների հետ:
Եթե կան անհատ բարերարներ, ՀԿ-ներ կամ հիմնադրամներ, որոնք ցանկություն ունեն իրենց ներդրումը բերել այս մրցաշարի անցկացմանը՝ համաֆինանսավորելով այն, կարող են գրել «Դովեղ» ֆուտբոլային ակումբի էլեկտրոնային հասցեին՝ doveghfc@gmail.com:
«Դովեղ» ֆուտբոլային ակումբ ՀԿ