«Բեռնատարով մանուկների 5-6 դագաղներ էին տանում թաղելու, այդ մեքենայի հետևից գնում էին 5-6 հոգի»

2872
Vladimir Movsisyan

ՀԱՆԳՈՒՑՅԱԼ ՎԼԱԴԻՄԻՐ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ՀԵՏ ԱՅՍ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ 2008թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-ԻՆ

Վլադիմիր Մովսիսյանը մեր ժամանակների ամենափորձառու գործիչներից է: Մի քանի օր առաջ լրացավ նրա 75 ամյակը: Խորհրդային տարիներին զբաղեցրել է պետական-կուսակցական բարձր պաշտոններ, եղել Խորհրդային Հայաստանի վարչապետի տեղակալ, 1990 թ. ապրիլից զբաղեցրել Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնը: Կարճ ժամանակ եղել է Խորհրդային Միության գյուղատնտեսության նախարարի տեղակալ: Խորհրդային Միության փլուզումից հետո էլ նա մնաց քաղաքականության մեջ` անկախ Հայաստանի փախստականների հարցերով վարչության պետ, Գեղարքունիքի մարզպետ, ապա երեք տարի գյուղատնտեսության նախարար: 1988 թ. դեկտեմբերին, երբ աղետալի երկրաշարժը ցնցեց Հայաստանը, Վլադիմիր Մովսիսյանը զբաղեցնում էր փոխվարչապետի պաշտոնը եւ անմիջական մասնակցություն է ունեցել երկրաշարժի հետեւանքների վերացման գործում: Մովսիսյանի հայրական տունը` Շենավան գյուղը, երկրաշարժի էպիկենտրոն Շիրակամուտ գյուղից մի քանի կիլոմետր է հեռու: Արհավիրքին զոհ գնացին նաեւ Մովսիսյանի հարազատ եղբայրը, մի քանի տասնյակ ազգականներ, հարազատներ:

Հարց- Պարոն Մովսիսյան, Ձեր հետ զրուցելուց առաջ կրկին թերթեցի Ձեր հուշերի գիրքը, որտեղ մի հատված հենց 1988-ի դեկտեմբերյան երկրաշարժի մասին է: Երկրաշարժի մասին ես շատ գրքեր եւ հոդվածներ եմ կարդացել, լսել հարյուրավոր մարդկային ողբերգական պատմություներ, բայց ամենից շատ ինձ վրա ազդել են այն տողերը, որ Դուք գրում եք Ձեր հուշերում. ՙՄինչեւ հիմա չեմ կարողանում մոռանալ, որ եղբորս հուղարկավորության ժամանակ բեռնատար ավտոմեքենայով մանուկների հինգ-վեց դագաղներ էին տանում թաղելու եւ այդ մեքենայի հետեւից գնում էին հինգ-վեց հոգի՚: Այսօր, արհավիրքից 20 տարի անց, ի՞նչ եք հիշում ամեն անգամ, երբ խոսք է գնում երկրաշարժի մասին:

Պատասխան- Քսան տարի առաջ մեր ժողովուրդը իր պատմության մեջ հերթական անգամ մեծ ողբերգություն ապրեց: Կործանարար երկրաշարժը տարավ մեր հայրենակիցներից շուրջ 26 հազար մարդու կյանք: Հազարավոր մարդիկ մնացին անօթեւան, հազարավոր ընտանիքներ որբացան, խեղվեցին, դարձան հաշմանդամ: Փլատակների տակ մնացին անբողջական ընտանիքներ: Իմ հիշողության մեջ 1988-ի դեկտեմբերի 7-ը կարծես երեկ էր, որովհետեւ իմ ուղեղում որպես դոմինանտ այդ արհավիրքը ամուր նստած է: Իմ ուղեղում այդ արհավիրքը կմնա մինչեւ իմ կյանքի վերջին օրերը: Գուցե դա նրանից է, որ ես ապրել եմ կրկնակի ողբերգություն: Ես ինձ համարում եմ ազգային մարդ եւ իմ ազգի հետ ապրել եմ այդ ողբերգությունը: Ես նաեւ անձնական ողբերգություն եմ ապրել. իմ հարզատներից եղբայրս, հորեղբորս, մորաքրոջս տղաները, 57 մարդ մահացան այդ մի քանի վայրկյանների ընթացքում: Սա ես ասում եմ ոչ թե նրա համար, որ ինձ կարեկցեն: Չէ, ես կարեկցանքը չեմ սիրում, որովհետեւ ամեն մարդ իր ճակատագիրը, իր վիշտը ունի, իր լուծը, իր խաչը պետք է տանի: Վերջերս մահացավ իմ հարազատ որդին (Վահագն Մովսիսյանը Չինաստանում Հայաստանի դեսպանն էր, երբ վրա հասավ հանկարծակի մահը Պեկինում-խմբ.): Յուրաքանչյուր մարդ պետք է կարողանա ճակատագրի հարվածներին դիմանալ, դիմակայել: Եթե ճակատագրի հարվածներին չես դիմանում, ճակատագիրը քազ վայր է գցում, տրորում: Դա իմ բնավորության գիծն է, եւ դա գալիս է մեր ժողովրդի բնավորությունից:

Արհավիրքներին դիմանալը մեր ժողովրդի գեների մեջ է, որը ժառանգել է սերնդե-սերունդ: Երկրաշարժի ժամանակ էլ մեր ժողովուրդը դիմացավ արհավիրքներին: Բերեմ մեր գերդաստանի ամենամեծերից մեկի` Փայլակ Կարապետյանի օրինակը, որը բնակվում էր մեր գյուղում` Շենավանում (Լոռու մարզ, Սպիտակի շրջան): Երկրաշարժից մահացան նրա կինը, տղան եւ աղջիկը, 13 թոռները: Երբ երկրաշարժից որոշ ժամանակ անցավ, ես մոտեցա նրա ու հարցրեցի, թե ո՞նց եղավ, որ դու չմահացար (նրան փլատակների տակից էին հանել, 88 տարեկան էր): Պատասխանեց, որ իրեն փրկեց Ավետարանը: 1915-ին, Եղեռնի ժամանակ, նա Ղարսից իր ծոցում պահած բերել էր Վենետիկում տպված Ավետարանը, որը մինչեւ հիմա էլ իրենց տանն է: Հարցրի` ո՞նց ես դիմանալու այս ցավին, պատասխանեց, որ ապրելու 12 տարի է մնացել` մինչեւ 100 տարեկանը: Ասաց, որ զոռով էլ լինի պետք է ապրեմ: Եվ նա ապրեց 100 տարուց ընդամենը 44 օր պակաս: Դիմանալը մեր ժողովրդի գեների մեջ է: Երկրորդ, մեր ազգը ունի յուրահատուկ բնավորություն: Երբ Միխայիլ Գորբաչովը երկրաշարժից մի քանի օր անց եկավ Գյումրի, մարդիկ նրան հարցում էին Ղարաբաղի մասին: Նա բարկանում էր, ասելով որ ինքը եկավ Գյումրի, հարցուփորձ անելու, թե ինչով կարող է օգնել, իսկ մարդիկ իրենց վիշտը թողած նրան հարցնում են, թե Ղարաբաղի հարցը ե՞րբ պետք է լուծես: Մեր ժողովուրդը անձնականը ստորադասել է ազգայինին: Ես հպարտանում եմ մեր ժողովրդի ապրելու համառությամբ:

Հարց- Ե՞րբ իմացաք երկրաշարժի մասին:

Պատասխան- Այդ օրը Հայաստանի Կոմկուսի բյուրոյի նիստն էր: Երեւանում էր ԽՍՀՄ վարչապետի տեղակալը: Ես պետք է զեկուցեի փախստականների տեղավորման արդյունքների մասին (մինչեւ 1988 թ. դեկտեմբեր Ադրբեջանից Հայաստան էին փախել կամ տեղափոխվել տասնյակ հազարավոր հայեր-խմբ.): Ժամը 11.45-ին ցնցվեց նաեւ Կենտկոմի շենքը: Բյուրոյի նիստն ընդհատվեց: Քիչ անց իմացանք, որ ահավոր ուժգնությամբ երկրաշարժ է եղել Հայաստանի հյուսիսում:

Հարց- Ինչպե՞ս արձագանքեց Խորհրդային Միությունը: Մոսկվան պատրաստ էր դիմակայելու նման արհավիրքների:

Պատասխան- Երկրաշարժից անմիջապես հետո Հայաստանում ստեղծվեց միութենական շտաբ, որը ղեկավարում էր ԽՍՀՄ կառավարության նախագահ Նիկոլայ Ռիժկովը: Աշխատում էինք երեք հիմնական ուղղություններով: Առաջինը փրկարարական աշխատանքն էր, փլատակների մաքրումը, տուժածներին բուժօգնության կազմակերպումը: Երկրորդ հիմնական ուղղությունը տուժածների տեղավորման խնդիրն էր, քանի որ հազարավոր մարդիկ մնացել էին անտուն: Մարդկանց տնավորելու համար օգտագործվեցին Հայաստանի հյուրանոցները, առողջարանները, դպրոցները: Խորհրդային Միության տարբեր վայրերից կազմակերպեցինք տնակների տեղափոխման աշխատանքները: Տասնյակ հազարավոր տնակներ բերվեցին Հայաստան: Բացի այդ, հազարավոր մարդկանց տեղավորեցինք ԽՍՀՄ տարբեր քաղաքներում: Երրորդ հիմնական ուղղությունը աղետի գոտու վերականգնողական աշխատանքների սկսումն էր: Նիկոլայ Ռիժկովի գլխավորությամբ մեծ աշխատանք կատարվեց: Ռիժկովը մեզ հետ վերապրեց երկրաշարժի ողբերգությունը: Նա ոչ միայն տնտեսապես, նյութապես եւ ֆինանսապես էր օգնում Հայաստանին, այլ նաեւ կիսում էր մեր վիշտը, ապրում այդ ողբերգությունը: Նա ցնցված էր եւ ամեն ինչ անում էր, որպեսզի արագ վերականգնվեր տնտեսությունը:

Հարց- Ինչո՞ւ այդ երկրաշարժը նման չափերի ավերածություններ պատճառեց: 

Պատասխան- Շատ ուշեղ երկրաշարժ էր: Գաղտնիք չէ, որ կապիտալ շինարարության որակը չէր համապատասխանում սեյսմիկ գոտու պահանջներին: Դա երկու պատճառ ուներ: Նախ որ Խորհրդային Միությունում գոյություն ուներ բնակարանային շինարարության համամիութենական նորմատիվ: Մեկ քառակուսի մետրի արժեքը չպետք է անցներ 180 ռուբլին: Դու չէիր կարող այդ գումարը անցնել, այսինքն` ի սկզբանե դրված էր անորակ, ոչ սեյսմակայուն շենք կառուցելու նորմատիվը: Երկրորդ, շինարարության որակը չէր համապատասխանում առանց այն էլ ցածր նորմատիվներին: Չկար մասնավոր հատվածին շինանյութ վաճառելու շուկա եւ մասնավորները իրենց կարիքները հոգում էին պետական շինարարությունից տարված շինանյութի հաշվին: Մեր կառուցած շենքերի որակը չէր համապատասխանում սեյսմիկ չափանիշներին: Մենք երկրաշարժին պատրաստ չէինք ոչ կազմակերպական, ոչ օպերատիվ տեսանյունից: Չունեինք սեյսմիկ հզոր ծառայություն` փրկարարական եւ առաջին օգնության կազմակերպման համալիր կառույցներով: Եվ այդ պատճառով էր նաեւ, որ ունեցանք այդքան շատ զոհեր:

Հարց- Պարոն Մովսիսյան, ի՞նչ դասեր պետք է քաղել 1988-ի աղետալի երկրաշարժից:

Պատասխան- Դասեր քաղելու տեսանկյունից մենք` հայերս ալարկոտ ենք, ամեն ինչ շուտ ենք մոռանում: Առաջին` պետք է վերանայվեն ամբողջ շինարարական նորմերն ու պահանջները եւ համապատասխանեցվեն Հայաստանի սեյսմակայունությանը: Ըստ Ռիխտերի սանդղակ 9 բալից ցածր աստիճանի սեյսմակայունության ոչ ոչ մի բան չպետք է կառուցվի: Պարիսպ էլ չպետք է կառուցվի, որովհետեւ ծախս է, փլվեց, նորից պետք է կառուցել: Երկրորդ, շինարարության որակը պետք է լինի պետության հսկողության տակ, որովհետեւ պետությունն է այս ժողովրդի պատասխանատուն: Եթե շինարարության որակը չի համապատասխանում, այդ շինությունը չպետք է հանձնվի շահագործման: Երրորդ, այսօրվա վթարային շենքերից եւ դպրոցներից պետք է մարդկանց հանել, որովհետեւ ոչ ոք չի կարող ասել, թե վաղը ինչ ուժգնությամբ երկրաշարժ կարող է լինել: Երկրաշարժի ժամանակ կորուստների մի մասի պատճառը փրկարարարկան ծառայություն չունենալն էր: Եվ վերջինը, արտակարգ իրավիճակների նախարարությունը պետք է լուծի մի քանի խնդիրներ` կանխատեսումները, ժողովրդին տեղեկացնելը, եւ պետք է պատրաստ լինել: Ռուսները մի լավ ասացված ունեն` երբ ուզում են որսի գնալ, նոր միայն շներին կերակրում են:

Հարցազրույցը՝ Թաթուլ Հակոբյանի

17 նոյեմբերի, 2008թ.