Թավշյա հեղափոխությունն ու Արցախը. Հայկ Խանումյան

911

Ապրիլին Հայաստանում սկսված քաղաքացիական անհնազանդության ակցիաները տարբեր կերպ ընդունվեցին արցախյան հասարակության մեջ: Տրամադրությունների վրա մեծ ազդեցություն էր ունենում հատկապես սոցիալական ցանցերով տարածվող ապատեղեկատվությունը` ուղղորդված արցախյան իշխանությունների կողմից: Տարիներ շարունակ Արցախը կառավարող նեղ շրջանակը ստեղծել է հասարակական կարծիքի ձևախեղման մի հզոր գործիք, որը ապատեղեկատվության, սուտ ու վարկաբեկող տեղեկությունների միջոցով առնվազն կասկած է հարուցում այս կամ այն գործչի, քաղաքական ուժի կամ գործընթացի նկատմամբ: Այս մեխանիզմը, որի մաս են կազմում բազմաթիվ բյուջետային աշխատողներ, այդ թվում ոստիկաններ ու նրանց հարազատներ, անխնա օգտագործվում է Բակո Սահակյանի ընդդիմախոսների ու քննադատների նկատմամբ, հասարակության ներսում ստեղծում է անհանդուրժողականության մթնոլորտ, դեմոնիզացնում, հրեշի կերպար է հագցնում Բակո Սահակյանի և նրա նեղ շրջապատի քաղաքական հակառակորդներին: Ապրիլից սկսած այս մեքենայի թիրախը Նիկոլ Փաշինյանն ու հեղափոխական ամբողջ թիմն էր: Չնայած այս ամենին` Արցախում հանրության մի հստակ զանգված գոնե սոցիալական ցանցերի հստակ կամ զգուշավոր գրառումներով փորձում էր պաշտպանել Հայաստանում սկսված քաղաքացիական անհնազանդության ակցիաները:

Քաղաքական դաշտում վիճակն ավելի պարզ էր: Խորհրդարանական կուսակցություններից միայն ՛՛Ազգային վերածնունդ՛՛ կուսակցությունն անվերապահորեն և հրապարակային աջակցություն հայտնեց հեղափոխականներին, ինչը ես հնչեցրի Ազգային ժողովի ապրիլի 19-ի նիստի ժամանակ (ապրիլ ամսվա միակ նիստը):Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո անորոշության փուլ էր Արցախի կառավարող նեղ շրջանակի մոտ: Ինչպես Բակո Սահակյանն է խոստովանել, այդ թվում՝ իմ ներկայությամբ հանդիպման ժամանակ, ապրիլի 23-ից հետո նա ամեն գիշեր բարձրաձայն ողբում է: Կարելի է ասել, որ Բակո Սահակյանն ու նրա թիմը ակնհայտ ցայտնոտի մեջ էին: Փոքր հույսերը, որ Ազգային ժողովը մայիսին վերջնականապես կմերժի Փաշինյանի թեկնածությունը, չարդարացան, ու նրանք ստիպված էին հաշտվել իրականության հետ: Հունիսի 1-ին ուժայինների ապօրինությունների դեմ Արցախում սկսված ակցիաներն ավելի խորացրին իշխանությունների վախերը: Թեև ակցիաներն այդքան էլ բազմամարդ չէին, սակայն երևանյան իրադարձությունների հետ զուգահեռներ անցկացնող  Բակո Սահակյանի համար դա մի իսկական մղձավանջ էր: Սեփական իշխանությունը երկարաձգելու համար սահմանադրական փոփոխություններ նախաձեռնած ու նախագահության երրորդ ժամկետում պաշտոնավարող Բակո Սահակյանն անդադար օգնություն էր հայցում: Նա կարճ ժամանակում զրույցներ ունեցավ ՀՀ նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Ամենայն հայոց և Կիլիկիո կաթողիկոսների հետ: Օրը մի քանի անգամ կապվում էր ՀՀ վարչապետի հետ: Արդյունքում ՀՀ առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը Բակո Սահակյանի վարչախմբին պաշտպանող մի հոդված գրեց, որի մեջ անթույլատրելի համարեց զանգվածային գործողությունները և ճնշումները ԼՂՀ իշխանությունների վրա: Նա նաև անթույլատրելի համարեց ԱԱԾ և Ոստիկանության ղեկավարների հրաժարականները:  Վերջիններիս, սակայն, Տեր-Պետրոսյանի պաշտպանությունը չօգնեց, նրանք հրաժարական տվեցին:

Դրանից հետո, մի շարք քաղաքական խմբեր, այդ թվում մեր ուժը` ՛՛Ազգային վերածնունդ՛՛ կուսակցությունը հանդես եկան Բակո Սահակյանի հրաժարականի պահանջով: Այս պահանջը մեր կուսակցության մոտ ձևակերպվեց շրջաններում լայն խորհրդակցություններից հետո, երբ մեծամասնությունը համարեց, որ Բակո Սահակյանի պես թույլ նախագահն իրական սպառնալիք է երկրի անվտանգության համար: Բ.Սահակյանի այսօրինակ կերպարը ձևավորվել էր դեռ 2016թ. ապրիլյան էսկալացիայի ժամանակ, սակայն մինչ հայաստանյան հեղափոխությունը ավտորիտար ռեժիմի առկայությունը թույլ չէր տալիս մարդկանց արտահայտվել:

Նախագահի հրաժարականի պահանջով հավաքները սկսելուց առաջ Բակո Սահակյանը հեռուստատեսությամբ հայտարարեց, որ չի առաջադրվի 2020թ. ընտրությունների ժամանակ: Սա լուրջ զիջում էր, քանզի սահմանադրական փոփոխություններ նախաձեռնած թիմը ցանկանում էր նախագահի պաշտոնում Բակո Սահակյանին տեսնել նաև 2020թ.-ից հետո: Չնայած այս ձեռքբերմանը՝ Սահակյանի հրաժարականի պահանջը չմարեց: Հավաքների հնարավոր ուժից վարչախումբն այնքան էր վախեցած, որ առաջին հավաքի ժամանակ ոստիկանության ուժերով պաշարել էր Վերածննդի հրապարակը՝ օղակի մեջ առնելով Բակո Սահակյանի նստավայրն ու նրան վերածելով կալանավորի, չնայած հավաքը նախաձեռնողները հայտնել էին, որ հավաքի մասնակիցների թիվը լինելու է 180-300:

Բակո Սահակյանի հրաժարականի պահանջով հավաքների ժամանակ իշխանության կերպարի դեսակրալիզացիա տեղի ունեցավ, երբ ամենակոշտ գնահատականն էր տրվում ու քննադատվում գործող վարչախումբը: Հավաքները, սակայն, չհասան իրենց գլխավոր նպատակին՝ Բակո Սահակյանը հրաժարական չտվեց և շարունակում է իր ապօրինի պաշտոնավարումը որպես Արցախի նախագահ:

Հավաքների անհաջողության ամենամեծ պատճառը թույլ քաղաքացիական հասարակությունն է: Բակո Սահակյանն իր իշխանության տարիներին ամեն միջոց ձեռնարկել է Արցախում ցանկացած նախաձեռնողականություն իր բնում խեղդելու, ցանկացած այլընտրանք կամ քննադատություն ոչնչացնելու համար: Նրա ավտորիտար ձգտումներն ամեն կերպ ողջունվել են Սերժ Սարգսյանի վարչախմբի կողմից, ավելին՝ Արցախում ավտորիտար ռեժիմ կառուցելու գործում Բակո Սահակյանի թիկունքը հենց Սերժ Սարգսյանն է եղել: Այժմ նախագահության երրորդ ժամկետը վայելող Բ.Սահակյանը զրկվել է իր թիկունքից: Կամ պետք էր նոր թիկունք գտներ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, կամ՝ ուղղակի հեռանար: Երևանից աջակցություն Բակո Սահակյանը ստացավ: Հունիսին Նիկոլ Փաշինյանն աջակցություն հայտնեց Բակո Սահակյանի ձեռնարկած բարեփոխումներին: Արդեն ամիսներ անց պարզ էր, որ որևէ բարեփոխում էլ չկա, ընդամենը մի քանի անվանափոխություն, որը ոչ մի բարելավում էլ չի բերել:

Անցումային շրջան ղեկավարող Նիկոլ Փաշինյանը գերադասել էր ցնցումների չգնալ այնքան նուրբ հարցում, ինչպիսին Արցախի ներքաղաքական կյանքն է, և որոշել էր պահպանել ստատուս քվոն: Հայաստանյան խորհրդարանական ընտրություններից հետո ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Նիկոլ Փաշինյանը նման խնդիր չի ունենա և կարող է ավելի հստակորեն զբաղվել Արցախով: Խոսքը Բակո Սահակյանի մասին չէ: Հաջորդ նախագահական ընտրությունների գործընթացի մեկնարկին ընդամենը մեկ տարի է մնացել և, հավանաբար, Բակո Սահակյանը կպաշտոնավարի մինչև 2020թ.:  Խոսքն արցախյան հասարակության մասին է՝ ընդհանրապես: Արդյո՞ք ՀՀ նոր իշխանությունները նախկինների պես կհարաբերվեն միայն կառավարող վարչախմբի հետ, թե՞ կփորձեն ուժեղացնել արցախյան հասարակությունը: Արդյո՞ք ՀՀ իշխանություններին ձեռնտու է, որ Արցախում առաջանա այնպիսի քաղաքացիական հասարակություն, որը փորձի վերահսկել հանրային միջոցների ծախսումը, պայքարի ընդդեմ կոռուպցիայի և կլիենտալիզմի, հանդես բերի նախաձեռնողականություն տարբեր օրախնդիր կամ ռազմավարական հարցերի շուրջ, վերափոխի խոշտանգումների և ապօրինությունների հակված ուժային կառույցները, դատախազության միջոցով նախագահականի պատվերները կատարող դատարանները և այլ կարևոր ատյաններ: Արցախում քաղաքացիական հասարակության կայացման, ուժեղացման համար առանցքային է լինելու ՀՀ կողմից անմիջական ֆինանսավորումը: Միայն Հայաստանի կառավարության կողմից Արցախի քաղաքացիական հասարակության նպատակային ֆինանսավորման դեպքում կարելի է հաղթահարել ավտորիտար ռեժիմի թողած խնդիրները: Ի դեպ, այդ ֆինանսավորման շահառուները պետք է լինեն ոչ միայն ստեփանակերտյան կազմակերպություններն ու խմբերը, այլ նաև երևանյան այն թիմերը, որոնք ակտիվորեն կաշխատեն Արցախում ու արցախյան հասարակության հետ: Եվ եթե նույնիսկ 2020թ. իշխանության գան Բակո Սահակյանին ու կառավարող նեղ խմբին ցանկալի ուժեր, ապա ուժեղ քաղաքացիական հասարակության ու ընդդիմության պայմաններում իշխանության փոխակերպումն անխուսափելի է:

Նիկոլ Փաշինյանին ու իր թիմին ձեռնտու է Արցախում ուժեղ ու ամուր հասարակության առկայությունը, դա բխում է նրանց արժեքային համակարգից: Սակայն իշխանությունն իր գործունեության մեջ առաջնորդվում է ոչ միայն արժեքներից ելնելով: Արցախյան հասարակության ակտիվ մասի ջանքներն առաջիկայում պետք է ուղղված լինեն հայաստանյան նոր իշխանություններին արցախյան հասարակության գլխավոր դաշնակիցը դարձնելուն, մինչև գա այն օրը, երբ արցախյան հանրությունն էլ ընտրությունների միջոցով մասնակցի Հայաստանում իշխանության ձևավորմանը:

Հայկ ԽԱՆՈՒՄՅԱՆ
ԼՂՀ ԱԺ պատգամավոր
Ստեփանակերտ

Աղբյուրը՝ ԱՆԱԼԻՏԻԿՈՆ, Ստեփանակերտ, նոյեմբեր, 2018

Արցախի իշխանական շրջանակներն ինչու են աշխատում Փաշինյանի դեմ․ Հայկ Խանումյան