Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև հակասությունը «բաց գաղտնիք է»

1180

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերի 30-ին Արցախում հանդիպումներ է ունեցել նախագահ Բակո Սահակյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի, Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանի, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Սամվել Շահրամանյանի և Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Արշավիր Ղարամյանի հետ։

«Հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են շփման գծում տիրող իրավիճակը, անվտանգության խնդիրներին վերաբերող այլ հարցեր, ինչպես նաև Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքը։ Հանդիպման արդյունքում ևս մեկ անգամ վերահաստատվեց հայկական երկու պետությունների միջև առկա լիակատար փոխըմբռնման և փոխաջակցության բարձր մակարդակը»,- ասվում է Հայաստանի անվտանգության խորհրդի տարածած հայտարարույթունում։

Արցախի նախագահականի տարածած հայտարարությունը Արմեն Գրիգորյան-Բակո Սահակյան հանդիպման մասին ժլատ է. «Քննարկվել են անվտանգությանն առնչվող խնդիրների շուրջ հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր»:

Արմեն Գրիգորյանի այցը Արցախ տեղի է ունեցել Հայաստանի նոր ղեկավարության և Արցախի իշխանական շրջանակների միջև հրապարակային հակասությունների ֆոնին:

Գեղարքունիքի մարզում, նոյեմբերի 29-ին, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի ընթացքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը անդրադարձել էր Արցախի իշխանությունների պահվածքին։

Նա ասել էր, որ Արցախի իշխանության որոշ ներկայացուցիչներ ակտիվացել են և մեկնաբանություններ են անում, այդ թվում՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակը։ Փաշինյանը սթափության կոչեր է արել և հորդորել, որ յուրաքանչյուրը զբաղվի իր գործով, ապա նշել, որ այս թեմայով խոսելու է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ։

«Ես ընդհանրապես վերջին օրերին, անկեղծ ասած, լավ չեմ հասկանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանության ներկայացուցիչների ակտիվությունը։ Էդ ինչի՞ են ակտիվացել և ինչի՞ են տարբեր մեկնաբանություններ անում և ինչի՞ են փորձում որևէ ձևով խառնվել և իրենց ներկայությունը ցույց տալ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում։ Ես պարոն Սահակյանին հորդորում եմ, որ կարգի հրավիրի իր կառավարության ներկայացուցիչներին և իրենց ուղարկի իրենց աշխատանքով զբաղվելու։ Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակը օրը մեջ իմ ասածի վերաբերյալ մեկնաբանություն է տալիս։ Այ քեզ բա՜ն։ Սթափվեք, հարգելիներս, և զբաղվեք ձեր աշխատանքով։ Իհարկե, այն, ինչը որ տեղի է ունեցել, ձեզ հետ կքննարկեմ ես անպայման, բայց՝ ընտրություններից հետո»,- ընդգծել էր Փաշինյանը։

Արցախի խորհրդարանում ներկայացված ամենամեծ ուժի՝ «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախի նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանը Երևան-Ստեփանակերտ հակասությունների ֆոնին միանշանակ իր աջակցությունն է հայտնել Փաշինյանին և նրա քաղաքականությանը:

Հարությունյանը հայտարարել է.

«ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում ներքաղաքական դաշտում Արցախի շուրջ սկսված որոշակի քննարկումները որևէ կերպ չեն կարող ազդել հայ ժողովրդի միասնականության և, առավել ևս, Արցախի ու Մայր հայրենիքի իշխանությունների ունեցած ջերմ, բացարձակ փոխվստահության վրա հիմնված և ամենաբարձր մակարդակի հարաբերությունների վրա: Անհարկի շահարկումների արհեստական այս ալիքի խորացումը բացառելու համար, որպես քաղաքական ուժի ղեկավար և Արցախի իշխանությունների ներկայացուցիչ, պարտավոր էի արձագանքել:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, անցած մի քանի ամիսների ընթացքում մշտապես սրտացավ մոտեցում է ցուցաբերել Արցախին առնչվող բոլոր հարցերին՝ աջակցելով պաշտպանունակության և տնտեսական զարգացման մակարդակի բարձրացմանն ուղղված Արցախի իշխանությունների ձեռնարկումներին: Լիովին տիրապետելով Արցախում նախատեսվող տնտեսական խոշոր նախագծերին (դրանց մի մասի վերաբերյալ առիթ եմ ունեցել ձեզ տեղեկացնելու), որոնք ապահովելու են Արցախի տնտեսության թռիչքային զարգացումը, ՀՀ կառավարությունը բառացիորեն արել է ամեն ինչ դրանց իրագործմանը նպաստելու համար: Եվ հավաստիացնում եմ ձեզ, որ առաջիկայում մեկնարկելիք խոշորամասշտաբ այդ ծրագրերը հնարավորություն են տալու կտրուկ բարձրացնելու արցախցիների սոցիալ-տնտեսական կենսամակարդակը: Ի դեպ, այդ ծրագրերն ընդգրկում են Արցախի՝ Սահմանադրությամբ ամրագրված ամբողջ տարածքը: Կարծում եմ՝ ուղերձս հստակ էր, և փակագծերը բացելու անհրաժեշտություն չկա:

Արցախի հարցում որոշ քաղաքական շրջանակների կողմից այս օրերին հաճախակի հնչող մտահոգություններին ի պատասխան ասեմ, որ մենք ողջունում ենք պարոն Փաշինյանի ունեցած մոտեցումը, այն է՝ հակամարտության լուծման հարցում պետք է վճռական լինի ժողովրդի դիրքորոշումը: Ըստ այդմ կոչ ենք անում քարոզարշավի ժամանակ բացառել Արցախի հետ կապված բոլոր տեսակի շահարկումները:

Համոզված եմ՝ դեկտեմբերի 10-ին մենք մեկ անգամ ևս ամրագրելու ենք հայկական երկու հանրապետությունների առաջնորդների լիովին նոր որակի հարաբերություններ, և առկա բոլոր տեսակի հարցերը այդ հարաբերություններում հաղթահարելի մանրուքներ են: Այս իմաստով անթույլատրելի էր մամլո պատասխանատուների դրսևորած անպատասխանատու վարքագիծը, քանի որ վերջիններս հաշվի չեն առել իրենց խոսքի հանդեպ հանրային ընկալումը:

Ավելի քան վստահ եմ, որ դեկտեմբերի 9-ին ՀՀ-ում անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները, իսկապես, կլինեն աննախադեպ Հայաստանի պատմության մեջ և կամբողջացնեն Նոր Հայաստանի նկատմամբ մեր բոլորիս սպասումները, որի անբաժան մասն է կազմում Արցախը:

Արցախի առաջատար քաղաքական ուժի անունից հայտարարում եմ, որ «Ազատ հայրենիք» կուսակցությունն անվերապահորեն իր աջակցությունն է հայտնում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին:

Ուրեմն՝ առա՛ջ հանուն մեր միասնական հաղթած և հզոր Հայրենիքի, որտեղ պետք է տիրեն արդարությունը, միասնականությունը, սերն ու հանդուրժողականությունը յուրաքանչյուրի համար»:

Արցախի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ «Բակո Սահակյանն իր նեղ թիմով հարվածում է Հայաստանի ներկա իշխանություններին»: Ըստ Խանումյանի, այդ նեղ թիմի մեջ են ԱԱԾ նախկին տնօրեն Արշավիր Ղարամյանը, ով ներկայումս Բակո Սահակյանի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչն է, Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը, և այլ ուժայիններ:

Արխիվային լուսանկար