Քոչարյանի որդու՝ Լևոնի պատասխանը Նիկոլ Փաշինյանին

1462

Արցախի առաջին (1994-1997) և Հայաստանի երկրորդ նախագահ (1998-2008) Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոնը, Ֆեյսբուքի իր էջում պատասխանել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։ Վերջինս երեկ հայտարարել էր, որ Քոչարյանի որդիները «ծառայել են» Երևանում և ոչ մի գիշեր չեն անցկացրել զորամասում։

Լևոն Քոչարյանի ստատուսը ներկայացնում ենք ստորև ամբողջությամբ, միայն կատարելով կետադրական որոշ ճշգրտումներ

Այսօր լսեցի ինձ վերաբերող հերթական սուտը: Չեմ զարմանում, քանի որ շարունակվում է նույնը, ինչը տարիներ շարունակ արվել է հայտնի օրաթերթի միջոցով: Օրինակները շատ են:

Մանկությունս անց եմ կացրել Ստեփանակերտում` ռմբակոծության տակ, նկուղներում, ինչպես և բոլորը, ովքեր չեն լքել Արցախը այդ տարիներին:

Անկասկած, պատերազմի տարիները Արցախում անցկացրած հասակակիցներս կհամաձայնեն ինձ հետ, որ բոլորս երազում էինք մի օր կրել զինվորական համազգեստ և մասնակցել մարտերին:

Հիշում եմ, թե ինչպիսի ամոթանքների էին արժանանում այն չափահաս տղաները, ովքեր խուսափում էին մարտի գնալուց:

Կարծում եմ ոչ մեկ չի կասկածում, որ լինելով նախագահի որդի կարող էի շարունակել ուսումս մագիստրատուրայում, այնուհետև ասպիրանտուրայում և ոմանց պես օգտվելով օրենքից՝ խուսափել ծառայությունից ու հետագայում մատ թափ տալ չծառայածների վրա:

Այդուհանդերձ որոշեցի անցնել ծառայության: Ազգային անվտանգության հատուկ նշանակության ջոկատում անցել եմ նախատեսված մարտական պատրաստվածության ծրագիրը: Գիշերել եմ ոչ միայն զորամասում, այլ նաև վրաններում` Փամբակի լեռներում: Չեմ թաքցնում, որ եղել է հատուկ ուշադրություն սպայական կազմի կողմից, որը ամենայն անկեղծությամբ հաճելի չէր:
Մինչ այժմ ունեմ ջերմ կապեր ծառայակից ընկերների հետ:

Ինչպես ծառայությունից առաջ, այնպես էլ հետո և մինչև հիմա զբաղվում եմ սպորտով, սպորտի և առողջ ապրելակերպի զարգացմամբ: Կարծում եմ երիտասարդների բարձր ֆիզիկական պատրաստվածությունը բանակի մարտունակության կարևորագույն բաղադրիչներից է:

Միշտ հպարտ եմ զգացել ինձ՝ հորս անցած ճանապարհի, պատերազմին մասնակցելու և առանցքային դերակատարություն ունենալու համար և ինքս էլ պատրաստ եմ ծառայել հայրենիքիս:

Խոնարհվում եմ բոլոր նրանց առջև ովքեր իրենց կյանքը զոհաբերել կամ վտանգի տակ են դրել հայրենիքի պաշտպանության համար:

Խաղաղ ծառայություն եմ մաղթում բոլորին: