Քոչարյանի որդիները «ծառայել են» Երևանում և ոչ մի գիշեր չեն անցկացրել զորամասում. Փաշինյան

1866

Գեղարքունիքի մարզում, նոյեմբերի 29-ին, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի ընթացքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է ներքաղաքական կյանքին, հաղորդում է Ազատությունը։

Փաշինյանը ասել էր, որ ինքը Հայաստանի միակ ղեկավարն է, որի որդին ծառայում է Արցախում։ Դրանից հետո եղան մեկնաբանություններ, թե Ռոբերտ Քոչարյանի որդիները նույնպես ծառայել են։ Նիկոլ Փաշինյանն այսօր պարզաբանեց, որ նրանք ծառայել են Երևանում և ծառայության ընթացքում գեթ մեկ օր չեն անցկացրել զորամասում։

Նա ասաց, որ նրանց ծառայության վերաբերյալ ունի փաստեր. «Ասում են՝ վայ էժան, նախընտրական շահարկումներ, Ռոբերտ Քոչարյանի որդիները…. Ի՞նչ Ռոբերտ Քոչարյանի որդիները։ Ես պաշտոնական տեղեկանք եմ ուզել Ռոբերտ Քոչարյանի որդիների ծառայության վերաբերյալ, և հիմա պաշտոնապես ասում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի երկու որդիները «ծառայել են» Երևանում, ոչ մի գիշեր չեն անցկացրել որևէ զորամասում, ծառայել են Պաշտպանության նախարարության վարչական մասում․․․ Մյուս որդին էլ ձևակերպված է եղել որպես վարորդ, որտեղ ուզեցել է գնացել է՝ պետության բենզինի հաշվին, ավտոյի հաշվին։ Էդ ինչի՞ եք տենց ոգևորվել, որ մի բան ասում եմ, գիտեմ ինչ եմ ասում»։

Արխիվային լուսանկար` Քոչարյանների ընտանիքը