Նիկոլ Փաշինյանը դեղին քարտ է ցույց տալիս Բակո Սահակյանին և Արցախի կառավարության ներկայացուցիչներին

1599

Գեղարքունիքի մարզում, նոյեմբերի 29-ին, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի ընթացքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է նաև Արցախի իշխանությունների պահվածքին, հաղորդում է Ազատությունը։

Նա ասել է, որ իշխանության որոշ ներկայացուցիչներ ակտիվացել են և մեկնաբանություններ են անում, այդ թվում՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակը։ Փաշինյանը սթափության կոչեր է արել և հորդորել, որ յուրաքանչյուրը զբաղվի իր գործով, ապա նշել, որ այս թեմայով խոսելու է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ։

«Ես ընդհանրապես վերջին օրերին, անկեղծ ասած, լավ չեմ հասկանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանության ներկայացուցիչների ակտիվությունը։ Էդ ինչի՞ են ակտիվացել և ինչի՞ են տարբեր մեկնաբանություններ անում և ինչի՞ են փորձում որևէ ձևով խառնվել և իրենց ներկայությունը ցույց տալ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում։ Ես պարոն Սահակյանին հորդորում եմ, որ կարգի հրավիրի իր կառավարության ներկայացուցիչներին և իրենց ուղարկի իրենց աշխատանքով զբաղվելու։ Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակը օրը մեջ իմ ասածի վերաբերյալ մեկնաբանություն է տալիս։ Այ քեզ բա՜ն։ Սթափվեք, հարգելիներս, և զբաղվեք ձեր աշխատանքով։ Իհարկե, այն, ինչը որ տեղի է ունեցել, ձեզ հետ կքննարկեմ ես անպայման, բայց՝ ընտրություններից հետո»,- ընդգծել է Փաշինյանը։