Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Սաշիկը, պատրաստ է 30 միլիոն դոլարը վերադարձնել պետբյուջե

2195

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, ով հանրությանը հայտնի է Սաշիկ անունով, պատրաստակամություն է հայտնել իր բանկային հաշիվներից մեկի վրա առկա 30 միլիոն դոլար գումարն ամբողջությամբ վերադարձնել պետական բյուջե:

Այս մասին հայրենի Իջևան քաղաքում, ըստ «Արմենպրես»-ի, ասել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի բանկային հաշիվներից մեկի վրա 30 միլիոն դոլար ունենալու վերաբերյալ բազմիցս խոսվել է: Իմ ելույթից հետո Սերժ Սարգսյանի եղբայրը հայտարարություն էր արել, որ ինքը պատրաստ է այդ գումարի առնվազն մի մասը ինչ-որ նպատակների համար տրամադրել: Եվ ինձ ասում են, որ նա վերջերս պատրաստակամություն է հայտնել այդ ողջ 30 միլիոն դոլարը վերադարձնել պետական բյուջե»,- ասել է Փաշինյանը և ընդգծել, որ վերադարձված գումարները պետք է առաջին հերթին ծախսվեն զինված ուժերի վրա: