Բերդավան` գերեվարված Կարեն Ղազարյանի գյուղը. Թաթուլ Հակոբյանի և Յուրի Մանվելյանի զրույցը

1706

Նոյեմբերի 24-ին Epress.am-ի լրագրողական խումբը մեկնեց Տավուշի մարզի Բերդավան համայնք։ Օրեր առաջ տեղացիները Վրաստան տանող ճանապարհը փակեցին՝ պահանջելով վերաձարձնել Ադրբեջանում ամիսներ շարունակ գերության մեջ գտնվող Կարեն Ղազարյանին։ Վերջինիս սահմանից այնկողմ դատում են որպես «դիվերսանտ»։

Գնում էինք Բերդավան հասկանալու, թե ինչպես մեկ մարդու ազատման պահանջը վերածվեց մարդասպանների հետ փոխանակման հարցի քննարկմանը։

Ինչո՞ւ են տասնամյակներ շարունակ իշխանության կողմից բարդացվող հայ-ադրբեջանական խնդիրները ընտրությունների նախաշեմին բարդվում են նոր կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանի վրա։

Ինչո՞ւ է Հայաստանի ղեկավարությունը որոշ դեպքերում պատասխանատու Ղարաբաղի իշխանությունների արածների համար, իսկ որոշ դեպքերում՝ դա Արցախի Հանրապետություն է՝ իր Սահմանադրությունով, ուժային համակարգով, դատարաններով և այլն։

Ինչո՞ւ են սահմանամերձ բնակավայրերում ապրողները ռմբակոծվելիս հերոսացվում, իսկ երբ պահանջներ են առաջ քաշում՝ մեղադրվում դավադրության մեջ։

Ինչո՞ւ Բերդավանի սահմանին կանգնած չէ ամեն թփին ծանոթ տեղացին։

Ֆեյսբուքի «Berdavan» խմբից տվեցին գյուղապետի հեռախոսահամարը։ Նա ասաց, որ գանք՝ կդիմավորի և ամեն ինչով կօգնի։

Գյուղապետարանում էինք, երբ գերեվարված Ղազարյանի հարազատները համայնքի ղեկավարի միջոցով փոխանցեցին, որ դեռ չեն ցանկանում խոսել՝ անընդհատ լուրի են սպասում, չեն ուզում ավելի բարդացնել իրավիճակը։ Սակայն դեմ չէին լինի, եթե լրագրողները գան նաև իրենց՝ գյուղացիներին, պետք եղած ժամանակ։

Մյուս օրը՝ Երևան գալուց առաջ, որոշեցինք այնուամենայնիվ հանդիպել բերդավանցիների հետ՝ չձայնագրել, ուղղակի ծանոթանալ, խոսել առանց միջնորդների։

Մինչ այդ տեղեկատվական միակ խողովակը Սիվիլնեթի լրագրող Թաթուլ Հակոբյանն էր։ Իրեն պատահական հանդիպեցինք Նոյեմբերյանում։ Պարզվեց, որ գնալու է Բերդավան։

Երբ հասանք գյուղամեջ, Թաթուլը հարցազրույցներ էր անում։ Նա այս կողմերից է՝ Դովեղից։ Անցած օրերին հասցրել էր գնալ Քելբաջար և խոսել Սմբատ Ցականյանի մոր հետ։ Վերջինս դեմ էր իր տղային սպանած ադրբեջանցիներին հանձնելուն։

Թաթուլին սպասելիս շփվում էինք կենտրոնում հավաքվածների հետ։ Զրույցը պարբերաբար թեժանում էր՝ չձայնագրելու պահանջը ուժի մեջ էր։

Մեզ հարցազրույց տալուց հետո լրագրող Թաթուլ Հակոբյանը հույս հայտնեց, որ մոնտաժելուց կոնտեքստը կպահենք։

Աղբյուրը՝ epress.am