Ինը հարց Նիկոլ Փաշինյանին

1401

Նոյեմբերի 20-ի երեքուկես ժամանոց մամուլի ասուլիսում  Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պատասխանեց նաև գերեվարված Կարեն Ղազարյանի մասին հարցին։

Անկասկած, Հայաստանի իշխանությունները և կոնկրետ Նիկոլ Փաշինյանը անում են և անելու են ամեն հնարավորը, որ գերությունից ազատեն Տավուշի մարզի Բերդավան գյուղի 34-ամյա բնակչին, որն ադրբեջանական դատարանում մեղադրվում է մի շարք, այդ թվում՝ ահաբեկչության հոդվածներով։ Այն փաստը, որ վարչապետի տիկինը՝ Աննա Հակոբյանը, երկու անգամ այցելել է Կարենի ծնողներին, ինքնին ցույց է տալիս, որ վարչապետն ու ընտանիքը ամենամեծ ուշադրությունն են դարձնում այս պատուհասին։

Մյուս կողմից, կան հարցեր, որոնց չանդրադարձավ Փաշինյանը, ինչպես նաև արեց պնդումներ ու մեկնաբանություններ, որոնք հակասական են ու նաև՝ անընդունելի։

Առաջին․ ինչքանո՞վ է հիմնավոր գրեթե պաշտոնական մակարդակով շրջանառվող պնդումը, որ Կարեն Ղազարյանը մոլորվել ու հատել է Հայաստան-Ադրբեջան սահմանը։ Եթե անգամ դա այդպես է, ապա անհասկանալի է, թե ինչու նրա սահման հատելը չեն նկատել հայ դիրքապահները կամ Կարենին, բարեբախտաբար, չի հանդիպել ցանված ականը հայկական կամ ադրբեջանական կողմում։

Երկրորդ․ ինչո՞ւ ենք բացառում, որ ադրբեջանական դիվերսիոն խումբ է մտել գյուղ և Կարենին գերեվարել Ադրբեջան։ Այս դեպքում կրկին և առավել լրջանում է առաջին հարցում հնչեցվածը՝ ինչպե՞ս չեն նկատել հայ դիրքապահները։ Ի դեպ, Բերդավանում համոզմունք կա, որ Կարենին տարել են։ 90-ական թվականներից ի վեր բազմաթիվ անգամ եղել են գերեվարումների դեպքեր սահմանի հենց այս հատվածում։

Երրորդ․ Նիկոլ Փաշինյանը հարց է տալիս․ «Եթե մեկը մեկին պետք է փոխանակենք, ի՞նչ տարբերակներ կան, մենք պե՞տք է գնանք դրան, երկու ադրբեջանցիները մարդ են սպանել, երկու Ռամիլ Սաֆարո՞վ ենք վերադարձնում Ադրբեջանին»։ Փաշինյանը ապա հակադրում է՝ իսկ դուք հարցրե՞լ եք երկու ադրբեջանցիների կողմից սպանվածների ծնողներին։ Այս հռետորականի հարցով Փաշինյանը նախ փակում է փոխանակման թեման և, երկրորդ՝ հակասություն ստեղծում։ Եթե սպանված 16-ամյա տղայի և հայկական բանակի 42-ամյա սպանված մայորի ընտանիքը այո ասի, ուրեմն կքննարկե՞ք երկու Ռամիլների վերադարձի հնարավորությունը։

Չորրորդ․ ոչ վաղ անցյալի պատմությունը գիտի օրինակներ, երբ, այո՛, մարդկային կյանք փրկելու համար անգամ ահաբեկիչների հետ են փոխանակել։ 2011-ին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, որպեսզի 5-ամյա գերությունից փրկի իր բանակի մեկ զինվորին, Պաղեստինին հանձնեց 1000 հոգու, այդ թվում՝ Համասի գրոհայինների։

Հինգերորդ․ քաղաքական-փորձագիտական դաշտում շրջանառվում է տեսակետ, որ եթե երկու Ռամիլների հետ փոխանակենք հայ քաղաքացիներին, ապա Ադրբեջանը առիթը բաց չի թողնի՝ կրկին գերելու հայերի։ Այս հարցի պատասխանը պարզ է՝ պետությունը պետք է ամրապնդի սահմանները, որպեսզի ո՛չ մոլորված հայ մարդը անցնի սահմանը և ո՛չ էլ ադրբեջանական դիվերսիոն խումբը մտածի Հայաստան մտնելու փորձի մասին։

Վեցերորդ․ Նիկոլ Փաշինյանը հարցնում է․ «Ո՞ւմ դեմ էր ուղղված [միջպետական ճանապարհ փակելը]։ Եթե Ադրբեջանի, ապա ինչու էր այդ ճանապարհը փակվում»։ Սա անհասկանալի հարց է։ Նույն կերպ բերդավանցիները ապրիլին, ի համերշխություն և աջակցություն Թավշյա հեղափոխության, փակել էին միջպետական նույն ճանապարհի նույն հատվածը։ Հիմա մենք իրավունք ունե՞նք հարց տալու, ինչպես ՀՀԿ-ականներն էին մայիսի 1-ին անում ընդդեմ Նիկոլ Փաշինյանի, ասելով՝ դուք ճանապարհ եք փակում, որից Ադրբեջանն է օգտվում, Ադրբեջանն է ուրախանում։ Իրականում, սակայն, պետք է վերջ տալ այս ռազմահայրենասիրական, դատարկ հռետորաբանությանը և ուշադրություն դարձնել կարևոր հարցերին։

Յոթերորդ․ եթե Սերժին մերժելու համար շռայլ էինք շաբաթներով տասնյակ փողոցներ ու կամուրջներ փակելու, ապա ինչու գերության մեջ գտնվողի ծնողներն ու հարազատները չեն կարող ընդամենը մի քանի ժամով ճանապարհ փակել։ Ո՞վ է որոշում՝ երբ, որտեղ, ինչ ճանապարհ փակել։

Ութերորդ․ Նիկոլ Փաշինյանը հարցնում է․ «Որբանոցի տղայի մասին ո՞վ պետք է մտածի։ Թե որ նա ծնողներ չունի, չհիշենք նրա մասին» [խոսքը Վանաձորի բնակիչ Զավեն Կարապետյանի մասին է, որն Ադրբեջանում էր հայտնվել ավելի վաղ սահմանի այդ, ավելի ճիշտ՝ Բերդավան-Դովեղ հատվածով]։ Սա ուղղակի անթույլատրելի համեմատություն ու հռետորաբանություն է։ Անկասկած, Զավենի մասին էլ պետք է պետությունը մտածի և անկասկած մտածում է։ Պետությունը պետք է մտածի ամեն մի քաղաքացու մասին, հատկապես ադրբեջանական գերության մեջ գտնվողի։ Բայց ինչո՞ւ ենք այսօր հիշում Զավենին և ինչո՞ւ ենք նման համեմատություն անում։

Իններորդ․ Կարեն Ղազարյանի թեմայի շուրջ վարչապետի պաշտոնակատարի խոսքի տոնայնությունը փոքր ինչ մեղադրող էր և հետևաբար՝ անընդունելի։

Անկասկած, Նիկոլ Փաշինյանը մտահոգ է այս խնդրով և անում ու անելու է հնարավորը, որ բոլոր գերիները վերադառնան տուն։ Հասկանալի է նաև, որ մենք գործ ունենք դժվարագույն խնդրի հետ, որի լուծումը միայն մեզանից չէ կախված։

Թաթուլ Հակոբյան

ՍիվիլՆեթ

Լուսանկարում՝ բերդավանցիները փակել են Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը, 18․11․2018

Կարեն Ղազարյանի գերեվարման մասին ՍիվիլՆեթի ֆիլմը՝ ստորև․