Ադրբեջանական գերության մեջ գտնվող երեք հայերին պե՛տք է փրկել

1329

2014-ի հուլիսին ՍիվիլՆեթի իմ գործընկեր Գևորգ Հարոյանի հետ շտապել էինք Քարվաճառի (Նոր Շահումյան) շրջանի Նոր Էրքեջ գյուղ։ Այդ օրերին ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի կողմից սպանվել էր 16-ամյա Սմբատ Ցականյանը։ Լրագրողական իմ տարիների գործունեության ընթացքում ամենադժվար լուսաբանումն էր հավանաբար՝ ամառվա կիզիչ արևի տակ ներկա լինել փակ դագաղով հողին հանձնվող պատանու հուղարկավորությանը և կես ժամ անց հարցազրույցներ անել նրա հարազատների, այդ թվում՝ հոր հետ։

Լրագրողական էթիկայի տեսակետից դա անելու բան չէր, և երբ մենք վերադարձանք ՍիվիլՆեթի գրասենյակ, իմ գործընկերներից մեկը քննադատեց մեզ։ Մի քանի օր անց մենք մեկնեցինք Սևանի ափին գտնվող Ծովինար գյուղ, որտեղ հողին էր հանձնվել հայկական բանակի սպա, մայոր, 42-ամյա Սարգիս Աբրահամյանի մարմինը: Երեք մանկահասակ երեխաների հայր Աբրահամյանը սպանվել էր Քարվաճառի ճանապարհին` ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի հարձակման հետևանքով: Մենք հեռարձակեցինք «Ընդհատված պատմություն. մայոր Սարգիս Աբրահամյան» տեսանյութը։

Քարվաճառ ներխուժած դիվերսիոն խմբի անդամներից մեկը սպանվեց, իսկ մյուս երկուսը ձերբակալվեցին մի քանի օր անց։ Շահբազ Գուլիևը և Դիլհամ Ասկերովը մեղավոր ճանաչվեցին սպանության, առևանգման ու լրտեսության համար: Արցախի դատարանը Ասկերովին դատապարտեց ցմահ, իսկ Գուլիևին՝ 22 տարվա ազատազրկման։

Տարբեր առիթներով հայտարարվել է, որ ադրբեջանցիները պետք է կրեն իրենց պատիժը, և այս երկու հանցագործների թեման չի կարող լինել սակարկության առարկա։

Մի քանի անգամ Թբիլիսիում հանդիպել եմ ադրբեջանցի լրագրողների, ինչպես նաև գերիների ու պատանդների փոխանակման հարցերով զբաղվող միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ։ Նրանք միշտ կրկնել են, որ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը պատրաստ է ամեն ինչ անել, որպեսզի «հայկական գերությունից փրկի երկու ադրբեջանցիներին»։ Թե ինչու են այդ երկու ադրբեջանցիները այդքան կարևոր, նրանք դժվարանում էին ասել։ Նրանք ասում էին, որ Գուլիևին ու Ասկերովին ազատելը Իլհամի պատվի հարցն է։ Գերիների ու պատանդների հարցերով զբաղվող մի գերմանացի ինձ հետ մասնավոր զրույցում ասաց, որ Ադրբեջանը անգամ պատրաստ է երրորդ երկրի տարածքում նստել բանակցային սեղանի շուրջ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ և հրապարակավ համաձայնության գալ Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում պահվող հայերի ու ադրբեջանցիների փոխանակության շուրջ։

Երբ գերմանացուն հարցրեցի, թե ինչու դա իրականություն չի դառնում, նա առանց թաքցնելու ասաց, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները որևէ պարագայում պատրաստ չեն Գուլիևին և Ասկերովին վերադարձնել։ Բացի այս երկուսից, Արցախում պահվում է ևս մեկ ադրբեջանցի, իսկ Ադրբեջանում պահվում են երեք հայեր, որոնք մեղադրվում են դիվերսիայի և պատերազմական հանցագործությունների մեջ:

Վերջերս ադրբեջանական կողմը հայտարարել է, որ պատրաստ է փոխանակում կատարել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Արցախի իշխանությունները արդեն հայտարարել են, որ այդ սկզբունքը անընդունելի է։ Արցախի նախագահի խոսնակը Ազատություն ռադիոկայանին ասել է․ «Մենք չեն կարող հավասար հարթության մեջ դիտարկել ադրբեջանցիներին, որոնք լուրջ հանցագործություն են կատարել, և հայ հասարակ քաղաքացիներին, որոնք սահմանն անցել են պատահմամբ։ Համաձայն չենք, որ ընդհանրապես այդ կատեգորիաները մեկը մյուսի հետ փոխարինելու, որովհետև դրանք անփոխարինելի են: Ահաբեկիչն ու մարդասպանը պիտի իր պատիժը կրի, և նրան չենք փոխանակելու մենք»:

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ Բաքվից փոխանակման առաջարկ չի ստացել։

Իրականում, այստեղ կարևորը ոչ այնքան առաջարկ ստանալ-չստանալն է, այլ այն բարդ ընտրությունը, որի առաջ կանգնել է հայկական կողմը կամ կողմերը։

Կշեռքի նժարին են դրված արժանապատվությունն ու երեք հայ գերիների կյանքը։

Որպես շարքային քաղաքացի, ես կնախընտրեի երեք հայ գերիների կյանքը և նրանց շուտափույթ վերադարձը տուն։ Եթե Ասկերովը մինչև կյանքի վերջը պիտի մնա բանտում, իսկ Գուլիևը՝ ևս 18 տարի, ապա չկա որևէ երաշխիք, որ երեք հայ գերիները կվերադառնան տուն։

Իմ ականջում դեռ սպանված 16-ամյա պատանու հոր պահանջն է Արցախի իշխանություններից՝ ոչ մի դեպքում հանցագործներին հետ չտալ։

Անասելի դժվար ընտրությունը մերն է։

Թաթուլ Հակոբյան

Դիտեք նաև Բերդավանի գերեվարված բնակիչ Կարեն Ղազարյանի մասին տեսանյութը․