1995 թվականի խորհրդարանական ընտրություններն անցան առանց ՀՅԴ-ի, քանի որ քվեարկությունից կես տարի առաջ Լևոն Տեր-Պետրոսյանի ջանքերով այդ կուսակցության գործունեությունը կասեցվել էր, իսկ ղեկավարության մի մասը, տարբեր ամբաստանություններով հայտնվել բանտերում: Մի կողմ թողնենք, թե որքանով էր արդարացված ՀՅԴ-ի կասեցումը և կամ ինչ կապ կար (չկար) ՀՅԴ-ի և “Դրո” գործի միջև և փաստենք այն օրվա իրականությունը. ՀՅԴ-ն ազդեցիկ, ժողովրդայնություն վայելող ընդդիմադիր ուժ էր:
Միջազգային դիտորդների որակումը, որ 1995-ի խորհրդարանական ընտրությունները եղել են ազատ, բայց ոչ արդար, վերաբերում էր հենց ՀՅԴ-ի՝ ընտրություններին մասնակցելու հնարավորությունից զրկելուն: Եթե ՀՅԴ-ն մասնակցեր ընտրություններին, ապա, անկասկած, ոչ միայն կհաղթահարեր 5 տոկոսի շեմը, այլ կարող էր երկրորդ տեղը զբաղեցնել “Հանրապետություն” միավորումից հետո (իշխանական այս միավորման մաս էին կազմում ՀՀՇ-ն, Հանրապետականը և մի քանի այլ մանր կուսակցություններ):
Իշխանությունների կողմից ստեղծվել էր կեղծ Հայ Դաշնակցություն կուսակցություն, որը ընտրություններին մասնակցեց «Կամք» միության հետ և, բնականաբար, չհաղթահարեց 5 տոկոսի շեմը:
Խորհրդարանական ընտրություններում համամասնական ընտրակարգով մասնակցության հայտ էին ներկայացրել 22 հասարակական-կազմակերպություններ և միավորումներ, սակայն վերջնարդյունքում մասնակցեցին 13-ը: Արդյունքները այսպիսին էին.
- Ազգային ժողովրդավարական միություն (ԱԺՄ) 57.996 քվե 7.51 %
- Ազգային ինքնորոշում միավորում (ԱԻՄ) 42.987 5.57 %
- «Ազգային պետություն» 8.397 1.09 %
- «Առաքելություն» 10.426 1.35 %
- «Ժողովրդական կազմակերպություն» 6.706 0.87 %
- «Կամք» միություն հքկ և Հայ Դաշնակցություն կուսակցություն 15.424 2.00 %
- Հայաստանի Ագրարային ժողովրդական կուսակցություն 12.143 1.57 %
- Հայաստանի գիտա-արդյունաբերական և քաղաքացիական միություն 9.940 1.29 %
- Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն 13.784 1.79 %
- Հայաստանի կոմունիստական կուսակցություն (ՀԿԿ) 93.353 12.10 %
- Հայաստանի Ռամկավար-Ազատական կուսակցություն (ՀՌԱԿ) 19.437 2.52 %
- «Հանրապետություն» միավորում 329.300 42.66 %
- «Շամիրամ» 130.252 քվե 16.88 %
Լուսանկարում՝ խորհրդարանի նախագահ Բաբկեն Արարքցյանը (1991-1998)