Կանանց-մայրերի հավաքական ձայնը անտարբեր չի թողնի կրակի հրաման տվող տղամարդկանց

757

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը Մոսկվայում, խոսելով իր գործունեության ուղղություններից մեկի՝ «Կանայք հանուն խաղաղության» արշավի ստեղծման պատմությանն ու առաքելությանը, ասել է.

«Ես առաջարկում եմ, որ բոլոր կանայք, որոնց համար թանկ է թեկուզ մեկ երիտասարդի կյանքը, համախմբվեն եւ որպես կին ու մայր կոչ անեն հակամարտությունները լուծելու ճանապարհին զերծ մնալ զենքի եւ ուժի կիրառումից եւ օրինակ՝ ղարաբաղյան հակամարտության դեպքում, հարցի կարգավորումը փնտրել բանակցությունների սեղանի շուրջ: Մեր այդ քայլով մենք կարող ենք փրկել հարյուրավոր ուրիշ, թեկուզ մեզ անծանոթ մայրերի երեխաների կյանքեր: Ես հավատում եմ, որ կանանց-մայրերի հավաքական ձայնը լսելի կդառնա, անտարբեր չի թողնի կրակի հրաման տվող տղամարդկանց եւ կազդի նրանց որոշման վրա»:

Հակոբյանը պատմել է արշավի շրջանակներում այս տարվա հոկտեմբերին ռուսաստանցի մի խումբ ականավոր մտավորականների՝ Հայաստան և Արցախ կատարած այցի մասին՝ ընդգծելով, որ այս արշավի հիմքում քաղաքական ենթատեքստ չկա։

Հակոբյանը ելույթ է ունեցել Մոսկվայի ՀՀ դեսպանությունում կազմակերպված պաշտոնական ճաշի ժամանակ, որին հրավիրված էին Հայաստանում հավատարմագրված այն կին դեսպանները, ինչպես նաև դեսպանների կանայք, որոնց նստավայրը Մոսկվայում է, ինչպես նաև տարբեր հիմնադրամների ներկայացուցիչներ:

Հակոբյանը խոսել է նաև իր գործունեության մյուս ուղղությունների մասին. «Ժպիտների քաղաք» հիմնադրամն, որն ստեղծվել է մանկական քաղցկեղով երեխաների բուժմանն աջակցելու նպատակով, և «Իմ քայլը» հիմնադրամ, որի նպատակը Հայաստանում առողջ, ներառական հասարակության կառուցմանն աջակցելն է: