«Բաց նամակ Z-ին. Թուրքիա՞, թե՞ Ռուսաստան». Հովհաննես Քաջազնունի

6698

Ձեզ ենք ներկայացնում հայ քաղաքական մտքի պատմության ևս մեկ ուշագրավ, հակասական աշխատություն, որի հեղինակը Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին է: Այն գրվել է 1924-ին՝ Բուխարեստում: Քաջազնունին ինքը ժամանակին՝ Թուրքիայի և թուրքերի հետ լեզու գտնելու կողմնակից էր, հատկապես իր վարչապետության շրջանում: Հետագայում, երբ Հայաստանը խորհրդայնացվեց և մաս կազմեց ԽՍՀՄ-ին, նա կողմնակից էր, որ աշխարհի հայությունը սատար կանգնի Խորհրդային Հայաստանին:

Քաջազնունին, պատրաստվելով վերադառնալ Խորհրդային Հայաստան, ՀՅԴ իր երեկվա կուսակից ընկերների հետ հրապարակային բանավեճում համոզմունք էր հայտնում, որ բոլշևիկյան Խորհրդային Ռուսաստանը և ԽՍՀՄ-ը առաջիկա տարիներին չի կործանվի, ինչպես պնդում էին նրա շատ ու շատ ընկերներ:

«Բաց նամակ Z-ին. Թուրքիա՞, թե՞ Ռուսաստան» աշխատությունը տեղ է գտել Հովհաննես Քաջազնունու երկերի հատորում, որը օգոստոսին հրատարակել է ԱՆԻ կենտրոնը՝ նվիրելով Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետի ծննդյան 150-ամյակին և Հայաստանի Հանրապետության հիմնադրման 100-ամյակին:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԿ կենտրոն

_______________________

Այսպես ուրեմն. կազմակերպվել պետականորեն՝ հասունացած պահանջ էր սա, պատմական ստիպողություն, որ ծառացավ հայ ազգի առջև մեծ պատերազմի ընթացքում և նրանից անմիջապես հետո՝ քաղաքական հին քարտեզի վերաքննության ու պետական նոր միավորներ հաստատվելու շրջանում:

Արդեն յոթ տարվա անցյալ ունի խնդիրը, բայց յոթ տարին շատ քիչ է մի պետություն հաստատելու համար և Հայաստանը դեռ այսօր էլ շարունակում է ապրել կազմակերպման տագնապը:

Ինչպե՞ս պիտի լուծի հայ ազգը այս դժվարին խնդիրը:

Հայության կեսը անջատված է, պոկված մայր երկրից, փոշիացած է, ցրված աշխարհի չորս կողմը: Պետության համար սա, լավագույն դեպքում, օժանդակիչ կամ պահեստի ուժ է միայն, ոչ ավելին: Իբրև պետական գործոն տարր, մնում է երկրորդ կեսը՝ մեկ միլիոն հայ մարդ, որ հայրենի հողի վրա՝ Արարատյան դաշտում ու նրա շուրջը, պետք է կառուցի հայ պետության շենքը:

Փոքր է Հայաստանը, զուրկ հարստություններից, կտրված հաղորդակցության մեծ ճանապարհներից, սեղմված ու փակված իր խստաշունչ լեռնաստանի մեջ:

Փոքր է թվով Հայաստանի հայը, աղքատ է, տգետ. միանգամայն անվարժ պետական կյանքի ու պետական շինարարության:

Կարո՞ղ է այդպիսի մի ժողովուրդ, այդպիսի մի երկրում պետություն կազմել:

Պետք է որ կարողանա, հարկադրված է կարողանալու, եթե ուզում է ապրել: Եվ իրականությունն այն է, որ կանգնել է արդեն այդ ճամփի վրա, դրել է պետության հիմնաքարը 1918 մայիս 28-ին, ու այսօր մենք ունենք Հայաստանի Խորհրդային Հանրապետությունը:

Պետությո՞ւն է արդյոք այդ հանրապետությունը:

Պետություն է, թեև ո՛չ ինքնակալ ու ո՛չ ինքնիշխան, այսինքն՝ ոչ բացարձակապես անկախ ու ոչ բացարձակապես ազատ, որովհետև կապված է դաշնակցային կապերով Անդրկովկասյան մյուս հանրապետությունների (Ադրբեջանի ու Վրաստանի) հետ, ու ապա՝ սրանց հետ միասին, մտնում է մեծ Խորհրդային Միության մեջ:

Հայաստանի Խորհրդային Հանրապետությունը իրավականորեն պետություն է այն իմաստով, ինչ իմաստով պետություններ են Վյուրդեմբերգի հանրապետությունը Գերմանական միության, Նեոշատել կանտոնը՝ Շվեցարական Համադաշնության, կամ Կալիֆոռնիա նահանգը Հյուսիս-Ամերիկյան Միացյալ Նահանգների մեջ: Եվ ավելի ճիշտը՝ պետություն է այն իմաստով, ինչ իմաստով պետություններ են Վիկտորիան Ավստրալիական Դաշնակցության մեջ, Օնտարիոն՝ Կանադական ու Տրանսվալը՝ Հարավ-Աֆրիկյան Դաշնակցության մեջ:

Այս կիսանկախ դրությունը կարո՞ղ է բավարարել Հայաստանի պետականորեն կազմակերպվելու պահանջը՝ այն հրամայական պահանջը, որ քաղաքական հրապարակ է նետել ու մեծամեծ փորձանքների ենթարկել հայաստանցի հային:

Կարող է, այո՛, եթե ոչ ամբողջովին՝ գեթ շատ խոշոր չափերով:

Դաշնակցելու, հավաքական պետություններ կազմելու համակարգը լավագույնն է հայ ազգի նման փոքր ու տկար ազգերի համար: Ոչ միայն լավագույնը, այլ հաճախ նաև միակ հնարինը:

Հայաստանի ծավալը, աշխարհագրական դիրքը, քաղաքակրթական աստիճանը, տնտեսական կարողությունները, ապա նաև պատմական անցյալ ու քաղաքական ներկա վիճակը՝ այս հիմնական տվյալները այնքան աննպաստ են, որ թույլ չեն տալիս ինքնակալ պետություն կազմելու:

Այսօրվա Հայաստանը չի կարող ապրել միմիայն սեփական ուժերով. նա պետք է իրենից դուրս որոնի օժանդակ ուժեր, հաստատուն ու վստահելի նեցուկներ: Այսինքն՝ պետք է դաշնակցի ուրիշ պետությունների հետ, որովհետև միմիայն տևական ու սերտ դաշնակցությունն է, որ կարող է նկատվել հաստատուն նեցուկ. պատահական կապերն ու ժամանակավոր, մասնակի համաձայնությունները ապահովություն չեն ներքուստ թույլ մի պետության համար:

Ո՞ւմ հետ պիտի դաշնակցի Հայաստանը:

Բնականորեն, իր անմիջական դրացիների՝ Վրաստանի և Ադրբեջանի հետ, քանի որ սրանց հետ արդեն կապված է աշխարհագրական ու տնտեսական զորեղ կապերով, մասամբ իսկ՝ պատմնական անցյալով:

Հայաստան, Վրաստան, Ադրբեջան ու մի շարք ավելի փոքր ազգային-քաղաքական միավորներ (Աբխազիա, Աջարիա, Հարավային Օսեթիա, Զաքաթալ, մասամբ իսկ՝ Դաղստան), բնական դաշնակիցներ են սրանք՝ պետական մի միություն կազմելու համար:

Այդպիսի միություն՝ Անդրկովկասյան Դաշնակցային Ռամկավար Հանրապետություն անվան տակ, կազմվեց 1918 թվականի սկզբներում, ռուսական Մեծ հեղափոխության առաջին շրջանում: Կազմվեց, իսկույն լուծարվեց և, երեք տարի անցած, վերակազմվեց՝ արդեն բոլշևիկյան դրոշակի տակ:

Ինչո՞ւ քանդվեց հազիվ մի քանի շաբաթվա կյանք ունենալուց հետո:

Քանդվեց, որովհետև կային ներքին անհամաձայնություններ և կային արտաքին ուժեր, որոնք խրախուսեցին, բորբոքեցին ու շահագործեցին այդ անհամաձայնությունները:

Դաշնակցությունը կազմող երեք պետությունների մեջ կային սահմանային շատ կնճռոտ վեճեր, կար հնուց սնված հակառակություն, փոխադարձ անվստահություն, կասկած ու երկյուղ, և ապա՝ արմատական տարբերություն արտաքին օրիանթասիոնի [կողմնորոշում] վերաբերմամբ: Ադրբեջանը անվերապահորեն, Վրաստանը՝ աննշան վերապահումներով, ձգտում էին կապվել Թուրքիայի հետ՝ Ռուսաստանի դեմ ընդհանուր ճակատ կազմելու համար, մինչդեռ Հայաստանը նկատում էր Թուրքիայի գերիշխանությունը Անդրկովկասում ոչ միայն վտանգավոր, այլև պարզապես մահացու իր գոյության համար:

Եթե Անդրկովկասի ժողովուրդները լինեին քաղաքականապես մի քիչ ավելի հասունացած, անշուշտ, կգտնեին մի ելք՝ ներքին վեճերը խաղաղությամբ ու սեփական ուժերով լուծելու համար: Բայց այդ հասունությունը չունին նրանք և դաշնակցությունը քանդվեց, որպեսզի հետագայում վերաշինվի արտաքին ճնշման տակ:

Այդպես եղավ շատ մոտ անցյալում:

Իսկ այսօ՞ր:

Որքա՞ն կայուն է դրությունը այսօր, ի՞նչ փոխվեց 1918 թվականից, երբ անդրկովկասցիները խռովեցին, բաժանվեցին հակառակ բանակների և նույնիսկ զենք բարձրացրին իրար վրա:

Վեց տարին, ու նույնիսկ վեց անգամ վեց տարին, շատ կարճ ժամանակ է, հարկավ, ժողովուրդների դաստիրակության համար, ինչպես և շատ քիչ է՝ զանգվածների մեջ արմատացած հակակրանքները վերացնելու և նոր համակրանքներ պատվաստելու համար: Անդրկովկասցին այսօր  էլ մոտավորապես նույնն է՝ ինչ էր վեց տարի առաջ և վեճերն էլ տակավին մնում են վեճեր, ու բավարար լուծում ստանալու կարոտ են դեռ երկար տարիների, երկար աշխատանքների:

Փոխվել է մի բան միայն՝ այն, որ այսօր Անդրկովկասը չի ձգված իր բախտին, այլ մտնում է Խորհրդային Հանրապետությունների Ընդհանուր Միության մէջ:

Այս մի հատիկ հանգամանքը արմատապես փոխում է դրությունը (Դաշնակցության ներսն ու դուրսը) և հնարին է անում այն, ինչ որ այլապես պիտի լիներ:

Տխուր իրականությունն այն է, որ անդրկովկասյան պետությունները՝ ոչ միայն ամեն մեկը առանձնապես, այլև սրանց միությունը (Անդրկովկասյան Դաշնակցությունը), այսօր ու այսօր, ի վիճակի չէ անջատ պետական կյանքով ապրելու: Այս Դաշնակցությունը ևս կարիք ունի հենարան որոնելու իրենից դուրս, այսինքն՝ դաշնակցելու մի ուրիշ պետության կամ պետությունների հետ:

Ու՞մ  հետ կարող է դաշնակցել Անդրկովկասը՝ իբրև պետական մի ամբողջություն:

Թուրքիայի կամ Ռուսաստանի՝ երրորդը չկա ասպարեզում:

Մեծ պատերազմից անմիջապես հետո, երբ չարաչար պարտված էին թե՛ Թուրքիան և թե՛ Ռուսաստանը, հայերը խանդավառ հույսեր ունին դրած Արևմտյան Եվրոպայի (հատկապես հաղթական Անգլիայի) ու Ամերիկայի Միացյալ Նահանգների վրա:

«Մանդատների» ու «մանդատեորների» շրջանն էր այն շրջանը:

Իրականությունը ցույց տվեց, սակայն, թե որքան ցնորամիտ էին եղել հույսերը: Շատ դռներ բախեցինք, շատ շեմքեր մաշեցինք, բայց Արևմուտքից չեկավ «մանդատեորը» մեր երկիրը փրկելու, մեր նորածին պետությանը թև տալու:

Ինչո՞ւ չեկավ:

Հանգամանքները այնքա՜ն նպաստավոր էին, այնքա՜ն գայթակղեցուցիչ…

Թուրքիան, պարտված ու արյունաքամ, քաշել էր զորքերը Անդրկովկասի սահմաններից դուրս, սարսափահար սպասում էր հաղթողների անողոք դատավճռին և ամենամեծ հույսը, ամենամեծ իղձը, որ կարող էր ունենալ այն օրերին՝ իր սեփական գոյությունը փրկելն էր, թեկուզ Անատոլիայի խորքերում միայն: Ռուսաստանը՝ նույնպես պարտված պատերազմի դաշտում ու ներքուստ բռնված քաղաքացիական արյունահեղ կռիվներով՝ լքել էր Անդրկովկասը, հապճեպ հեռացել ու դռները լայն բաց թողել ետևից: Թիֆլիսում նստել էր տիրորեն անգլիական զորավարը ու իր հրամանի տակ էր պահում ամբողջ երկիրը: Մյուս կողմից, ոչ միայն հայերը, այլև Անդրկովկասի մյուս ժողովուրդները՝ պետություն կամ պետություններ կազմելու ծանր տագնապի մեջ՝ աղերսում էին օգնություն և պատրաստ էին ընկնելու ամեն ցանկացողի գիրկը:

Գայթակղեցուցիչ էին հանգամանքները, այո, այնքան գայթակղեցուցիչ, որ ավելին դժվար է պատկերացնել և որ հազիվ թե կրկնվի մի անգամ ևս: Բայց և այնպես, ոչ ոք չգայթակղվեց, ոչ ոք չհրապուրվեց, չուզեց մեկնել ձեռը ու տիրանալ մի բանի, որը ինքը տեր էր որոնում:

Ինչո՞ւ:

Որովհետեև, վերջին հաշվով, արևմտյան մեծ պետությունները շահեր չունեին Անդրկովկասում, կամ, եթե ունեին, շահերը այնքան ծանրակշիռ չէին, որ արժենային ապագա գլխացավանքների (անխուսափելի ընդհարում Ռուսաստանի հետ, որ գալու էր վաղ թե ուշ):

Այդպես էր դրությունը հինգ վեց տարի առաջ:

Ինչպե՞ս է այսօր:

Այսօր Թուրքիան՝ Լոզանում տարած ապշեցուցիչ հաղթանակից հետո, բնավ տրամադիր չէ զիջող լինելու ու հեշտությամբ տեղի տալու մեկի առջև: Իսկ Ռուսաստանը վերադարձել է Անդրկովկաս, վերջացրել է քաղաքացիական կռիվները, կազմակերպվում է ներքուստ և քայլ առ քայլ վերագրվում է իր նախկին տեղն ու կշիռը մեծ պետությունների շարքում:

Եթե 1918 թվականին՝ խուսափելով ապագա բարդություններից, արևմտյան պետություններից ոչ մեկը չկամեցավ կամ չկարողացավ առնել իր հովանու տակ Անդրկովկասը ամբողջապես կամ Հայաստանը մասնավորապես, այսօր է՛լ ավելի չի կամենա կամ էլ ավելի չի կարողանա:

Հինգ վեց տարի առաջ թերևս ներելի էր տարվել արևմտյան երազներով, բայց այսօր, Լոզանից հետո, աններելի է արդեն: Այսօր աններելի է չհասկանալ, որ միայն երկու իրական ուժ կա՝ երկու հակառակ ճակատների վրա, որոնց հետ կարող է դաշնակցել Անդրկովկասը (հետևապես և Հայաստանև)՝ Ռուսաստան և Թուրքիա:

Կամ մեկը կամ մյուսը, երրորդը չկա:

Չկա նաև հնարավորություն՝ ապրել երկուսի արանքում, առանց մեկին կամ մյուսին հարելու: Պետք է ընտրել մեկին:

Արդ՝ Ռուսաստա՞ն, թե՞ Թուրքիա:

Եթե հարցը դրվի ընդհանուր ու ազատ քվերակության ամբողջ Անդրկովկասում, հավանական է, ավելի քան հավանական, դժբախտաբար, որ ձայները բաժանվեն: Բայց նույնպես ավելի քան հավանական է՝ այս անգամ արդեն բարեբախտաբար, որ Հայաստանը (թերևս շատ չնչին բացառությամբ ու հակառակ քո բոլոր փաստաբանությունների)՝ իր քվեն կտա Ռուսաստանին՝ վճռականորեն և անվերապահորեն:

Միանգամայն պարապ գործ կլիներ՝ համեմատության դնել Ռուսաստանն ու Թուրքիան ընդհանրապես, անկախ այն հատուկ սպասելիքներից, հույսերից կամ վախերից, որ կարող է ունենալ Անդրկովկասը իր դրացիների հանդեպ: Պարզ է, որ բոլոր կարգի առավելությունները՝  քաղաքական, տնտեսական, մշակութային, անվիճելիորեն Ռուսաստանի կողմն են և ո՛չ Թուրքիայի: Խոսք կարող է լինել միայն այդ հատուկ սպառնալիքների մասին. սրա՛նք են, որ կարող են բաժանել Անդրկովկասի ձայները և սրա՛նք են, որ պիտի թելադրեն հային՝ պինդ բռնել ռուսի ձեռը:

Զննիր ուշադրությամբ Անդրկովկասի ցեղագրական քարտեզը:

Շատ բարդ, խճճված և բազմերանգ է այն: Բայց երեք գույն գերիշխում են որոշակի. արևմուտքում` վրացիները, արևելքում` թուրք-թաթարները, կենտրոնում, առաջիններից մի քիչ հարավ ընկած` հայերը: Հայերի երկիրը կտրված է ծովերից, կտրված է անդրկովկասյան մեծ պողոտայից (Բաթում-Բաքու գծից), պաշարված է վրացի-թաթար-քուրդ-թուրք-աջարական օղակի մեջ: Ազգային բաժանումներին համապատասխանում են, խոշոր գծերով և մոտավորապես, պետական բաժանումները` հետևյալ տարբերութիւններով սակայն, մինչդեռ թուրքերը շատ մեծ չափերով, իսկ վրացիները` ամբողջապես, առնված են Ադրբեջանի ու Վարստանի սահմանների մեջ, անդրկովկասյան հայերի մեկ երրորդից ավելին դուրս է մնում Հայաստանից:

Այսպես է քարտեզը, շատ աննպաստ՝ հատկապես հայերի համար:

Ապա հիշիր, թե քաղաքական ի՛նչ ձգտումներ են արտահայտվել Մեծ Պատերազմի ընթացքում և թե ի՛նչ խոշոր փոփոխություններ են տեղի ունեցել վերջին մի քանի տարվա ընթացքում Անդրկովկասի ներսը և նրա շուրջ:

Հայկական ձանձրալի խնդրին կտրուկ վերջ դնելու նպատակով Թուրքիան տեղահան արեց կամ կոտորե՛ց, ջնջեց արևելյան վիլայեթների ամբողջ հայ ազգաբնակչությունը: Հետո, օգտվելով Ռուսաստանի բացակայությունից, վերագրավեց Կարսի շրջանը, որը կորցրել էր կես դար առաջ ու գրավեց Սուրմալուի գավառը, որ թուրքական չէր եղել երբեք և այսպիսով հաստատվեց Արփաչայի և Արաքսի ափերին, ոտին տեղ արեց Մասիսի հյուսիսային փեշերի վրա: Միաժամանակ, անջատեց Շարուր-Նախիջևանը Հայաստանից ու քաղաքականապես կապեց Ադրբեջանի հետ:

Այս փոփոխությունների հետևանքով Թուրքիան բաժանված է այսօր Նախիջևանից միմիայն Արաքսի հոսանքով, իսկ Նախիջևանը բաժանված է Ադրբեջանից միմիայն հայկական Զանգեզուրի մի շատ կարճ անցքով: Ալյաթ-Ջուլֆա երկաթուղային գիծը, որ ավարտելու վրա է այսօր, կվերացնեն այդ վերջին բաժանումը ևս, ու Բաքուն ֆիզիկապէս կկապվի Նախիջևանի, ուրեմն և՝ Անկարայի հետ:

Միամտություն կլիներ կարծել, թե մի պատահական դասավորում է սա, անակնկալ դեպքերի անակնկալ հետևանք: Եթե չասեմ էլ, թե կանխամտածված և պատրաստված ծրագիր է սա, այնուամենայնիվ, շատ որոշակի արտահայտված քաղաքական ձգտում է: Օսմանյան թուրքերը՝ աստիճանաբար կորսնցնելով իրենց դիրքերը արևմուտքում ու հարավում (Բալկաններում, Աֆրիկայում, Սիրիայում և Արաբիայում), ակնհայտորեն ձգտում են դեպի հյուսիս-արևելք, դեպի այն երկրները, որոնց վրայով անցել են դարեր առաջ և անցան ճամփի վրա, իրենց թիկունքում թողել են ցեղային խոշոր հատվածները:

Ո՞ւր է տեսնում այս վերադարձը, և զարգանալով՝ ո՞ւր է բերելու Թուրքիան. առաջին հերթին՝ Ադրբեջան:

Թերևս ավելի ճիշտ լիներ, եթե ասեի հոգնակի՝ Ադրբեջաններ, որովհետեև բացի անդրկովկասյանից կան նաև պարսկական Ադրբեջան, որը նույնքան գայթակղեցուցիչ է Թուրքիայի համար:

Բայց որպեսզի չբարդացնեմ խնդիրը, անտես եմ թողնում այս երկրորդ Ադրբեջանի գոյությունը և հաշվի եմ առնում միայն առաջինը:

Թուրքիան աչք ունի Ադրբեջանի վրա: Պատճառները միանգամայն հասկանալի են:

Ադրբեջանը՝ իր ավելի քան երկու միլիոն թուրք ազգաբնակչությունով, ազգային-պետական տեսակետից շատ կարևոր հավելումն է Թուրքիայի համար, այն Թուրքիայի, որ ինքը հազիվ հինգ-վեց միլիոն թուրք ունի ամբողջ Անատոլիայում: Սա մեկ:

Երկրորդ, իր մեջ առնելով Ադրբեջանը, Թուրքիան կհաստատվի Կասպից ծովի ափերի վրա ու ծովով կկապվի անդրկովկասյան ցեղակից Թուրքեստանի հետ:

Երրորդ, Ադրբեջանն ունի այնպիսի մի հսկայական հարստություն՝ Ապշերոնյան թերակղզու (Բաքվի) նավթը, որը կարող է շլացնել ոչ միայն Թուրքիայի պես աղքատ ու սնանկ, այլև ամեն մի ուրիշ պետության անկուշտ աչքը:

Ակնկալություն կա: Իսկ հնարավորությո՞ւն… Կարո՞ղ է Թուրքիան տիրել Ադրբեջանին:

Միակ արգելքը (շատ խոշոր արգելք, հարկավ) Ռուսաստանն է: Ադրբեջանը ինքը պատրաստ է գրկաբաց ընդունելու Թուրքիային:

Ապացույց՝ իր բռնած դիրքը պատերազմի ընթացքում ու մանավանդ նրա վերջին շրջանում: «Մուսավաթ» կուսակցությունը՝ ունևոր դասերի և սրանց հետ կապված մտավորականների դրոշակակիրը, որ մոտիկ անցյալում միահեծան տերն էր Ադրնեջանի և անդրկովկասյան ամբողջ թրքության առհասարակ, իրոք ուրիշ բան չէր, քան Թուրքիայի առաջնապահը մեր երկրում:

Եթե այսօր չի լսվում «Մուսավաթ»-ի ձայնը, դա չի նշանակում, թե հոսանքը գոյություն չունի այլևս. հենց որ վերանա կամ թուլանա Ռուսաստանի զսպիչ ազդեցությունը, նույն հավատի մարդիկ (գուցե ուրիշ անվան տակ) նորից իջնելու են ասպարեզ և նորից աշխատելու են բանալ Անդրկովկասի դռները Թուրքիայի առջև: Հակառակ տարրերը շատ թույլ են Ադրբեջանում: Թուրք բանվորությունը (կենտրոնացած համարյա բացառապես Բաքվում), որը կապված է երրորդ ինտերնացիոնալի հետ կամ որ, առհասարակ, սոցիալիստական իդիոլոգիա ունի և այս իսկ պատճառով հակված է Ռուսաստանի կողմը՝ այնքան փոքր է թվով, որ չի կարող քաղաքական որոշ արժեք ներկայացնել: Իսկ գյուղացիությունը ծայր աստիճանի տգետ է, հետամնաց, ծույլ ու անկազմակերպ… Սրանք չեն, որ պիտի կարողանան ուղղություն տալ քաղաքական կյանքին, և ղեկը անցնելու է դարձյալ մուսավաթականների ձեռքը:

Երկրորդ կարևոր ուժը Անդրկովկասում՝ Վրաստանը, ոչ միայն հանձին շովեն կամ պահպանողական տարրերի (մեռնող ազնվականության և սրա գաղափարախոսների) այլ շատ խոշոր չափերով նաև հանձին սոցիալ-դեմոկրատ մենշևիկների, տրամադիր է որոնելու իր պետական ապահովությունը Թուրքիայի թևի տակ: Մենշևիկների վարած քաղաքականությունը 1918-20 թվականներում, ինչպես և նրանց առաջնորդների բռնած այսօրվա դիրքը Եվրոպայում այնքան ցուցական են, որ տեղ չեն թողնում որևէ կասկածանքի:

Ադրբեջանը պատրաստ է, ուզում է անձնատուր լինել Թուրքիային, վրացիները առնվազն չեն հակառակի դրան: Ներքին դիմադրությունների չի հանդիպի Թուրքիան Անդրկովկասում, իսկ եթե հանդիպի (հայերի և գուցե մասամբ վրացիների կողմից), դիմադրությունը կլինի այնքան չնչին, որ հեշտությամբ կվերացվի ճամփի վրայից:

Միակ արգելքը Ռուսաստանն է:

Եվ այս արգելքը վերացնելու միակ միջոցը Անդրկովկասը Ռուսաստանից անջատելն է:

Եթե սա հաջողվի՝ մնացածը կկատարվի ինքն իրեն:

Կտրվելով Ռուսաստանից, Անդրկովկասը պիտի կապվի Թուրքիայի հետ. ուրիշ ելք չկա: Շատ հավանական է ու նպաստավոր թուրքերի համար, որ կապը՝ գեթ սկզբնական շրջանում՝ կրի «դաշնակցություն» անունը: Բայց դաշնակցությունը պիտի վերածվի անխուսափելիորեն գերիշխանության, գերիշխանությունը՝ բացարձակ տիրապետության:

Անցյալներում եղել է ռուսական Անդրկովկաս, ապագայում կարող է լինել թուրքական Անդրկովկաս:

Թուրքիան (միևնույնն է՝ սուլթանականը, իթթիհատականը, թե քեմալականը) այն պետությունը չէ, որի հետ անդրկովկասյան նորակազմ հանրապետությունները կարողանան դաշնակցել առանց մեծամեծ վտանգվելու: Իր պատմության ամբողջ ընթացքում Թուրքիան չէ եղել ուրիշ բան, քան կրոնական-ռազմական կազմակերպությունը, որ այսօր վերածվել է ազգային-ռազմական կազմակերպության: Պատերազմել, զենքի ուժով գրավել երկրներ ու ապրել գրաված երկրների հաշվին՝ սա է եղել ու սա է Թուրքիայի ամբողջ պետական իմաստությունը, միակ պետական կարողությունը: Այդպիսի մի պետություն չի կարող լինել դաշնակից, այլ միմիայն տեր բառի ամենաբիրտ ու տարրական իմաստով:

Իսկ Ռուսաստա՞նը, հարցնում ես դու: Մի՞թե նա «դաշնակից» է եղել անցյալում ու «դաշնակից» է այսօր և ո՛չ «տեր» Անդրկովկասի: Ի՞նչ տարբերություն քեմալական Թուրքիայի ու բոլշևիկյան Ռուսաստանի մեջ:

Տարբերությունը շատ մեծ է:

Դաշնակցելու համակարգը բոլշևիկների քաղաքական համակարգի էական մասերից մեկն է, որը ոչ միայն հայտարարված է իբրև սկզբունք, դավանանք կամ ծրագիր, այլև արդեն կիրառված է շատ լայն չափերով Խորհրդային Միությունում: Թուրքիան այդպիսի տրամադրություն ցույց չի տվել մինչև հիմա՝ ո՛չ գործով, ո՛չ իսկ՝ լոկ խոսքով: Չենք լսել, օրինակ, թե Անկարայի վարիչները ծրագրում են կամ տրամադրություն ունեն քաղաքական որևէ իրավունքներ տալու Քուրդիստանին (էլ չեմ խոսում սրա հետ դաշնակցելու մասին): Տեսնում ենք հակառակը՝ այն, որ ամեն կերպ աշխատում են կենտրոնացած պահել իշխանությունը և ազգայնացնել պետությունը՝ որքան կարելի է շուտ, որքան կարելի է՝ լրիվ: Մի պետություն, որ, հակառակ աղաղակող իրականության, հայտարարում է, թե իր սահմաններում գոյություն չունեն «փոքրամասնություններ», ուրեմն և չի կարող դրվել սրանց «իրավունքների» խնդիր, այդպիսի մի պետություն հոգեբանորեն անպատրաստ է դաշնակցային կյանքի համար:

Երկրորդ, Միության մեջ իր գերիշխանությունը ապահովելու համար Ռուսաստանը կարիք չունի խեղդելու Անդրկովկասը. գերիշխանությունը ապահոված է արդեն իր կարողության անհաղթելի գերազանցությունով: Ուրիշ է Թուրքիայի դրությունը: Պետականապես լավ կազմակերպված Անդրկովկասը, իբրև ամբողջություն, Թուրքիայի համահավասար ուժ է: Որպեսզի ենթադրյալ թուրք-անդրկովկասյան դաշնակցության մեջ Թուրքիան կարողանա պահել պետական ղեկը իր ձեռքին, նա պիտի քանդի ներքին միությունը, բաժանի Անդրկովկասը անհաշտ, իրար մեջ մրցող ու միմիայն դեմ դավադրող մասերի, հենվի մեկի վրա՝ մյուսին ճնշելու և հնազանդության մեջ պահելու համար: Ռուսաստանը կարող է չվախենալ ներքուստ ուժեղ Անդրկովկասից, Թուրքիան չի կարող թույլ տալ իրեն այդ անզգուշությունը:

Երրորդ, Ռուսաստանը չունի Անդրկովկասում այն, ինչ որ ունի Թուրքիան՝ հանձին Ադրբեջանի, մասամբ Աջարիայի: Ռուսաստանի համար գոյություն չունի ազգային սահմանները ամբողջացնելու խնդիր (ոչ էլ կարիք), քանի որ ռուսական տարրը շատ աննշան է Անդրկովկասում, իսկ տեղական ժողովուրդներից և ոչ մեկը չի ձգտում ձուլվելու ռուս ազգի կամ ռուսական պետության մեջ: Մինչդեռ այն խիստ զգայական քաղաքականությունը, որ որդեգրել էր նոր Թուրքիան, անխուսափելիորեն մղելու է նրան՝ միանալ անդրկովկասյան թրքության հետ և հարկադրել այդ միության ոչ-թրքական տարրերին՝ չեզոքացնելու կամ թուլացնելու սրանց ազդեցությունը:

Դժվար չէ հասկանալ, որ դրության այս էական տարբերությունը բնականորեն տարբեր քաղաքականություն են թելադրելու Ռուսաստանին ու Թուրքիային՝ Անդրկովկասի հանդեպ: Անդրկովկասը կարող է դաշնակցել Ռուսաստանի հետ, ինչպես դաշնակցում է, օրինակ, Հարավային Աֆրիկան Անգլիայի հետ: Ռուսաստանի պետական պահանջները բավարարված կլինեն այդքանով, մինչդեռ Թուրքիան ուրի՛շ բան է որոնում մեր երկրում:

Այս այսպես լինելով, Անդրկովկասը ինչո՞ւ պիտի իր ապագան կապի Թուրքիայի հետ, դրական ի՞նչ սպասելիքներ ունի նրանից:

Ռուսաստանը իր անսպառ կարողություններով (նյութական և ոչ նյութական), ի վիճակի է շա՛տ բան տալու Անդրկովկասին, մինչդեռ Թուրիքան պիտի առնի միայն, առանց փոխարենը տալու, որովհետև ինքը չունի ոչինչ:

Ի՞նչ կացություն կստեղծվի հատկապես Հայաստանի համար, եթե Թուրքիան, այս կամ այն ձևի տակ, հաստատի իր գերիշխանությունը Անդրկովկասում:

Հայը կատարյալ իրավունք ունի դնելու այս խնդիրը: Եթե իր հարևանները (կամ սրանցից ոմանք) մասնակի սպառնալիքներ ունեն Թուրքիայից, հայ ժողովուրդը ևս կարող է ու պետք է հակադրի այս մասնակի սպասելիքներին իր մասնակի երկյուղները:

Այո, Թուրքիայի գերիշխանությունը մահացու սպառնալիք է Հայաստանի համար: Ամենից հավանականն այն է, որ նա վերջ դնի Անդրկովկասի հայության քաղաքական գոյությանը (իսկ մասամբ, ու թերևս շատ խոշոր չափերով նաև՝ ֆիզիքական գոյությանը):

Հայաստանը, դժբախտաբար, ընկած է Թուրքիայի առջև՝ Ադրբեջան տանող ճամփի վրա: Ինչ ուղղությամբ էլ առաջանալու լինի Թուրքիան դեպի Բաքու-Արաքսի հովիտով թե Քուռի հովիտով, նա միշտ ունենալու է իր թիկունքում (Արարատյան դաշտում և Լեռնահայաստանում) հայ ժողովրդին՝ իր ազգային գիտակցությամբ ու քաղաքական ձգտումներով: Սա մի խոչընդոտ է ներկայում և անհանգստացուցիչ հանգամանք՝ ապագայի համար: Խոչընդոտ, որը մի կողմից՝ այնքան աննշան չէ, որ անտես թողնվի, արհամարհվի, իսկ մյուս կողմից՝ այնքան մեծ չէ, որ դժվար լինի վերացնել:

Եթե Թուրքիան լիներ ավելի զորեղ ու ավելի վստահ իր ուժերի վրա, փոքրիկ Հայաստանի գոյությունը, հարկավ, չպիտի անհանգստացներ նրան: Բայց Թուրքիան ինքը ապրել է մեծ տագնապի շրջան ու իր սեփական ապագան ապահովելու, ներքուստ զորեղանալու համար կարիք ունի լայնացնելու պետական ներկա սահմանները, ոչ թե հողեր գրավելու, այլ ազգային- ցեղական նոր հատվածներ իրեն կցելու համար:

Եվ առաջին հերթին Ադրբեջանի կարիքն ունի:

Իսկ ապագա հայաստանցի հայը մնալու է իբրև մի օտար, խորթ ու անմարսելի տարր: Որքան էլ այդ տարրը, արտաքին հանգամանքների ճնշման տակ անվտանգ ձևացնի իրեն, սուս անի և զգալ չտա գոյությունը, հանգամանքների փոփոխման դեպքում կարող է հանկարծ շարժվել, բորբոքել շրջապատը, բարդություններ ու դժվարություններ հարուցել…

Հայն ու Հայաստանը թերևս մեծ սպառնալիք չեն ներկա կամ ապագա Թուրքիայի համար, բայց ակներև է որ Թուրքիան շատ ավելի հանգիստ ու ապահով կլինի. եթե սրանք բոլորովին վերացվեն մեջտեղից:

Ինչպե՞ս վերացվեն:

Թուրքիան գիտի մեթոդը՝ շատ պարզ, կտրուկ ու միանգամայն նպատակահարմար: Մի նոր գյուտ անելու կարիք չունի. դա նույն ծանոթ մեթոդն է, որ այնքան հաջողությամբ գործադրեց նա 1915 թվականին հայկական վիլայեթներում, իսկ 1918 ու 1920-ին  նաև՝ անդրկովկասյան Հայաստանում:

Ոչ Ադրբեջանը, ոչ Վրաստանը, ոչ էլ ամբողջ Անդրկովկասը չեն կարող արգելել Թուրքիային խեղդել Հայստանը, ինչպես չկարողացան, կամ (որ ավելի ճշմարիտ է, հարկավ) չցանկացան անել այդ 1918 թվականին:

Թուրքական սպառնալիքի առջն առնելու միակ միջոցը Ռուսաստանին հարելն է:

Եվ ահա թե ինչու, եթե խնդիրը ընտրության դրվի, անդրկովկասցի հայը չի տատանվի ձայնը Ռուսաստանին տալ:

Բայց դու ասում ես. մեր հարևանները՝ վրացիներն ու ադրբեջանցիները, չեն ուզում Ռուսաստանը (Ռուսաստանը ընդհանրապես ու բոլշևիկյանը՝ մանավանդ…): Չէ՞ որ մեր ընթացքը կխախտի անդրկովկասյան համերաշխությունը, կըմբոստացնի մեր դեմ հարևաններին և մեծապես կդժվարացնի խաղաղ կենակցությունը ա՛յն իսկ մարդկանց հետ, որոնց հետ կապված ենք անբաժանելիորեն և որոնց հետ խաղաղ կենակցելու մասին պիտի մտածենք ամենից առաջ:

Սա շատ լուրջ առարկություն է, ամենից լուրջը և թերևս միակ լուրջ քո բոլոր առարկութիւնների մեջ:

Բայց որքան էլ լուրջ ու ծանրակշիռ լինի, այնուամենայնիվ չի կարող լուծել խնդիրը Թուրքիայի օգտին:

Եթե, ինչպես ենթադրում ես դու, կազմվելու լինի թուրք-թաթար-վրացական մի դաշինք Ռուսաստանի դեմ (միևնույնն է՝ խորհրդային թե ոչ-խորհրդային), Հայաստանը չի կարող վստահել, շատ լուրջ պատճառներ ունի չվստահելու ոչ թուրքերի, ոչ իսկ վրացիների վրա (և հատկապես ա՛յն թուրքերի և ա՛յն վրացիների վրա, որոնք կազմելու են դաշինքը):

Հայաստանը պետք է մնա կառչած Ռուսաստանին և իր հետ միասին պետք է աշխատի պահել ռուսական ծիրի մեջ նաև ամբողջ Անդրկովկասը՝ նույնիսկ հակառակ հարևանների կամքի:

Սա շատ դժվար ասելու խոսք է, բայց պետք է որ ասվի շիտակորեն:

1918 թվականի ապրիլ ամսին, երբ հայերը Սեյմում ադրբեջանցիների ու վրացիների հետ միասին Թուրքիայի ճնշման տակ հայտարարեցին Անդրկովկասը անջատված Ռուսաստանից, տագնապի այն ժամին ընտրություն անելու տեղ չէր մնացել: Ապա վստահություն կար, թե Արևմտյան մեծ պետությունները (որոնց միամտորեն «դաշնակից» էինք անվանում) իր կողքին են, այսօր-վաղը հրապարակ կգան ու միջոցներ կգտնեն՝ Թուրքիան սանձահարելու:

Իրականությունը եկավ ցույց տալու, որ Հայաստանը դաշնակիցներ չունի Արևմուտքում, որ իսկական դաշնակիցը Ռուսաստանն է և Ռուսաստանի շնորհիվ է միայն, որ «Հայաստանի Հանրապետության» անունը այսօր ջնջված չէ, դուրս չի ձգված աշխարհագրական քարտեզներից:

Անշուշտ, Հայաստանի համար շատ կարևոր է իր անմիջական հարևանների բարեկամությունը և անդրկովկասյան համերաշխութիւնը: Բայց է՛լ ավելի կարևոր է Ռուսաստանի բարեկամությունը և դաշնակցությունը Ռուսաստանի հետ:

Պարզ է, որ դաշնակցել Ռուսաստանի հետ Վրաստանի ու Ադրբեջանի գլխի վրայով և հակառակ սրանց ցանկության, անբնական, շատ խախուտ, շատ վտանգավոր ու տևականորեն անհանդուրժելի վիճակ է, որ երբեք չի կարող նկատվել իբրև քաղաքական իդեալ:

Իդեալը մնում է՝ անդրկովկասյան սերտ ու հոժարակամ դաշնակցություն համառուսական մեծ միության մեջ:

Բոլշևիկները սիրում են հավաստիացնել (գուցե և իսկապես հավատում են), թե իդեալը իրականացած է արդեն, թե Անդրկովկասի ներսում տիրում է կատարյալ համերաշխություն և թե Անդրկովկասի կապը Ռուսաստանի հետ հոժարակամ է, գիտակցված ու ցանկացված:

Ինքնախաբեություն է սա առնվազն:

Այսօր դեռ այդպես չէ, բայց վաղը կարող է այդպես լինել և պիտի լինի անկասկած:

Այն տարրերը (Ադրբեջանում, Վրաստանում, մասամբ իսկ՝ Հայաստանում), որոնք այսօր հակառակ են Ռուսաստանին և դեռ ուժի մէջ են այսօր, կամաց-կամաց տեղի պիտի տան ուրիշ տարրերի՝ քաղաքականապես ավելի առողջ, ավելի գիտակից ու հասունացած: Խոսքը կոմունիստական պրոլետարիատի մասին չէ, որ տարաշխարհիկ երևույթ է մեր իրականության մեջ ու դեռ երկար ժամանակ անուժ է մնալու Անդրկովկասում, այլ «Դեմոսի»՝ աշխատավորական լայն զանգվածների ու հատկապես գյուղացիության մասին է: Սրանց իրական կարիքներն ու պահանջները՝ ամեն կարգի կարիքներն ու պահանջները, ռուսական շրջանակի մեջ բավարարված ու ապահով կլինի շատ ավելի լրիվ քան թուրքական շրջանակի մեջ: Եվ սա ճշմարիտ է ոչ միայն Հայաստանի կամ Վրաստանի, այլ նաև թուրքական Ադրբեջանի վերաբերմամբ:

Այս ճշմարտությունը լավագույն գրավականն է ապագայի համար:

Դժբախտաբար, սրա գիտակցությունը դեռ չի ընդհանրացած Անդրկովկասում, շատ հեռու է ընդհանրացած լինելուց, հակառուսական տրամադրությունը (հակաբոլշևիկյան անվան տակ) զորեղ է Վարստանում ու Ադրբեջանում: Հարկավոր է ժամանակ, որպեսզի քաղաքական ներկա կացությունը՝ դաշնակցություն նոր Ռուսաստանի հետ, արդարացնի իրեն, շոշափելի պտուղներ տա ու կապի իր հետ անկեղծորեն ու ազատորեն կապի ժողովրդական մեծ զանգվածները:

Իսկ մինչ այդ պետք է մի ուժ, որ թեկուզ բռնությամբ հարկադրի Անդրկովկասի ժողովուրդներին խաղաղ կենակցել իրար հետ, և, թեկուզ հակառակ սրանց կամքին, պատնեշ կանգնի Թուրքիայի առջև:

Այդ ուժը դարձյալ Ռուսաստանն է:

Ադրբեջանի մուսավաթականները ու Վարաստանի մենշևիկները կարող են չբաժանել այս տեսակետը. դա իրենց բանն է: Թերևս նրանք ունեն հեռանկարներ, որ շատ հրապուրիչ են իրենց համար, բայց ամենևին չեն ժպտում ինձ: Օրինակ՝ Հայաստանի բաժանումը Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի մեջ. սա ևս քաղաքական ծրագիր է, որ կարող է  լիուլի գոհացնել քեմալական-մուսավաթական-մենշևիկյան բլոկը, բայց ես և դու պատճառ չունենք ծափահարելու նման մի ձեռնարկ: Մեզ մնում է ուրիշ բան՝ որոնել Վրաստանում և Ադրբեջանում այն տարրերը, որոնց քաղաքական ձգտումները չեն հակասում մեր ձգտումներին, ուրիշ խոսքով՝ այն տարրերը, որ կապում են իրենց ապագան Ռուսաստանի և ո՛չ Թուրքիայի հետ:

Պետք է լավ հասկանալ և երբեք չմոռանալ հետևյալը. այն բոլոր ուժերը, որոնք ձգտում են Անդրկովկաս մտցնել Թուրքիան (ի՛նչ անվան տակ էլ լինի), թշնամի են անդրկովկասյան հայությանը և Հայաստանի պետությանը:

Ասում ես՝ բոլշևիկյան է Ռուսաստանը ու բռնությամբ բոլշևիկացրել է նաև Հայաստանը:

Ասում ես՝ բոլշևիկյան անհարազատ ու բռնակալ ռեժիմը ենթարկել է Հայաստանի ազգաբնակչությունը ամեն տեսակ զրկանքների՝ քաղաքական, քաղաքացիական ու տնտեսական…Վստահություն չունես բոլշևիկների վրա, չես հավանում նրանց քաղաքականությունը, ուզում ես փրկել Հայաստանը ներկա ու գալիք չարիքներից…

Բայց ի՞նչ ելք ես ցույց տալիս դու:

Մի՞թե Թուրքիան է, որ օգնության պիտի հասնի մեզ՝ մեր այս նեղ օրերին:

Ասում ես՝ Երևանից ու Ալեքսանդրապոլից գրում են, թե ընդհանուր անոթություն է այնտեղ, ավեր ու քայքայում… Ենթադրենք, թե այդպես է՝ հավանական է, որ այդպես լինի: Բայց բոլշևիկների՞նն է արդյոք մեղքը, և ի՞նչ են գրում քեզ Կարսից, Արդահանից, Կաղզվանից, ի՞նչ է դրությունը հենց Անկարայում. ավելի լա՞վ է:

Բոլոր պարապ բերանների ծամոն է դառել այն խոսքը, թե բոլշևիկները ընդունակ չեն շինարար աշխատանքի: Բայց ո՞ւմ հետ համեմատելով: Բոլշևիկները ընդունակ չեն, իսկ միլլիականները ընդունա՞կ են: Ե՞րբ և ո՞րտեղ են այդ մարդիկ ցույց տվել իրենց շինարարական կարողությունը:

Խորհրդային իշխանության ապիկարությունը հաստատելու համար հիշեցնում ես, որ մինչև հիմա նրանք հազիվ կարողացել են վերականգնել նախապատերազմական արդյունաբերչության 40-45 տոկոսը: Այո՛, այդքան միայն, ոչ ավելին: Իսկ ի՞նչ է վերականգնել միլլիական կառավարությունը: Եւ ի՞նչ է ունեցել, որ վերականգնեցնի:

Գանգատվում ես, քիչ բան են տալիս բոլշևիկ ռուսները Հայաստանին: Իսկ ի՞նչ պիտի տան Անկարայի թուրքերը, եթե վաղը նրանք գան մեր երկիրը: Ի՞նչ պիտի բերեն հետները. հնչուն դրա՞մ, պատրաստ ապրանքնե՞ր, գործիքներ ու մեքենանե՞ր, գիտություն ու արհե՞ստ, աշխատանք կազմակերպելու նախաձեռնություն ու փորձառությո՞ւն, խաղաղություն ու քաղաքակրթությո՞ւն…

Ի՞նչ ես սպասում դու այդ ժողովրդից, որ պատերազմելուց զատ ուրիշ ոչ մի կարողություն չի ցուցադրել մինչև այսօր:

Տնտեսական սպասելիքներս Թուրքիայից զրո են առ առավելն, քաղաքական սպասելիքներս՝ զրոյից էլ պակաս, ակներևորեն բացասական:

Ուրեմն ինչո՞ւ Հայաստան պիտի գերադասի Թուրքիան Ռուսաստանից, ինչո՞ւ պիտի դաշնակցի թուրքերի հետ ընդեմ Ռուսաստանի կամ այսօրվանից ճանապարհներ որոնի, պատրաստություններ տեսնի՝ ապագայում դաշնակցելու համար:

Դու ունես մի արգումենտ, որ քեզ թվում է շատ զորեղ, վճռական ու անխորտակելի:

Դու ասում ես. քաղաքական հանգամանքները կարող են փոխվել ու դասավորվել այնպես, որ Հայաստանը, նույնիսկ հակառակ իր կամքին, հարկադրված լինի մերձենալու (ասենք՝ դաշնակցելու) Թուրքիայի հետ: Օրինակ. Ռուսաստանը, ներիքն խռովությունների հետևանքով կամ արտաքին ճնշումների տակ  կամ մի այլ պատճառով, կարող է մի օր լքել Անդրկովկասը (ինպչես լքեց վեց-յոթ տարի առաջ), հեռանալ, մենակ թողնել մեզ թուրքերի հանդեպ: Հակառուսական տարրերը Ադրբեջանում ու Վրաստանում անմիջապես հրապարակ պիտի իջնեն և վերսկսեն նախկին սիրաբանությունը Թուրքիայի հետ: Ի՞նչ դրություն կստեղծվի Հայաստանի համար, հարցնում ես դու, եթե նա այսօրվանից չպատրաստի շտկել ճակատը՝ ըստ նոր կարիքների ու պահանջների: Ընդունում ես, որ Անդրկովկասում վճռական խոսքը պատկանում է Ռուսաստանին: Թո՛ղ այդպես էլ լինի և գուցե այդպես ավելի լավ է Հայաստանի համար… Սրա մասին դու ունես, հարկավ, շատ որոշակի կարծիք, բայց չես ուզում վիճել, որպեսզի խնդիրը չբարդացնես: Եվ ասում ես. Ռուսաստանի հետ մեր սերտ բարեկամությունը անխախտ պահելու համար կա Հայաստանի Խորհրդային իշխանությունն ու կա կոմունիստական հայկական հատվածը. սրանք լիուլի բավական են այդ դերը կատարելու համար և կատարում են մեծ եռանդով, այնպես որ՝ հյուսիսային ճակատի վրա ապահովված ենք արդեն: Բայց հակառակ ճակատը՝ թուրքականը, մնում է բաց: Եվ այդ բացն է, որ դու ուզում ես գոցել: Թո՛ղ հայ բոլշևիկները խորացնեն ու ամրացնեն ռուսական կողմնորոշումը, այնտեղ դու բան չունես անելու: Դու վերապահում ես քեզ թուրքական կողմնորոշումը, ուզում ես աշխատել այդ ուղղությամբ և կարծում ես, թե հայությունը շատ երախտապարտ պիտի լինի քո իմաստուն հեռատեսության ու բարձր հայրենասիրության համար:

Այս է քո ասածը, այս է այն ամենագլխավոր փաստարկը, որի վրա պատրաստվում ես հաստատել մի «նոր քաղաքականության» շինվածք:

Ծայրահեղ միամտությու՞ն է սա արդյոք, թե անգործ մարդու պարապ ժամանց:

Դու շարունակ ասել ես և դեռ այսօր պնդում ես, որ քո հիմնական պահանջն է՝ Միացյալ և Անկախ Հայաստան, և որ Լոզանի դաշնագրությունը գոյություն չունի քեզ համար…

Ի՞նչ ասել է «միացյալ» Հայաստանի պահանջ և ի՞նչ ասել է, թե Լոզանի դաշնագիրը՝ Հայաստանի վերաբերմամբ, չեղյալ թուղթ է քո աչքում:

Սա ասել է պարզապես, որ դու պահանջում ես թուրքերից դատարկել ու քեզ հանձնել ոչ միայն Անդրկովկասում նոր գրված հայկական կամ կես-հայկական հողերը (Սուրմալու, Կաղզվան, Ղարս, Արդահան, Օլթի), այլ նաև հայկական վիլայեթները հին, նախապատերազմյան Թուրքիայում (Վիլսոնի գծած սահմաններում և, թերևս, մի բան էլ ավելի…):

Այսպիսի պահանջներ առաջարկելո՞վ է արդյոք, որ դու պիտի գտնես ընդհանուր լեզու թուրքերի հետ խոսելու, նրանց բարեկամությունը շահելու և հետները դաշնակցելու համար:

Ինչո՞ւ պիտի լսեն քեզ թուրքերը, էլ չեմ ասում՝ կատարեն պահանջներդ:

Այդ ի՞նչ մեծ սպառնալիք ու վտանգ ես ներկայացնում թուրքերի համար կամ այդ ի՞նչ մեծ ծառայություն կարող ես մատուցել, որ նրանք համաձայնեն քո բարեկամությունը գնել այդպիսի թանկ գնով… Չե՞ս վախենում, թե կծաղրեն երեսիդ, հենց որ սկսես թոթովել պահանջներդ: Եվ դու լինեիր նրանց տեղը, այդպես չէի՞ր անի:

Եթե Թուրքիան կարողացավ խլել ռուսների ձեռքից Կարսը, ինչո՞ւ պիտի տա քեզ այդ թանկարժեք ամրությունը (դեռ Վանն ու Մուշն էլ վրեն ավելացրած): Որպեսզի պատնե՞շ լինես իր և Ռուսաստանի միջև… Բայց մի՞թե դու կամ քո հաջորդները կարող եք նորից փոխել քաղաքականությունը, նորից դեպի հյուսիս դարձնել երեսներդ և կամ ռուսը ինքը, առանց քո ցանկությունը հարցնելու, մի օր կարող է գլխիդ տալ ու դուրս հանել Կարսից, ինչպես դուրս արեց թուրքը 1920 թվականին… Պատնեշը պետք է ունենա մի քիչ այլ հատկություններ, քան ունես կամ կարող ես ունենալ դու: Եվ որքան էլ այսօր դու բարեկամ լինես թուրքերին և որքան էլ սիրեն ու հավատան քեզ թուրքերը, այնուամենայնիվ, չեն կարող չհասկանալ, որ իբրև Կարսի բերդապահ, թուրքական զորքը ավելի վստահելի ուժ է, քան դու քո բոլոր բարեկամություններով հանդերձ:

Թուրքը ոչինչ չի տա քեզ և արդեն շա՛տ մեծահոգի կլինի, եթե ունեցածդ էլ չառնի ձեռքիցդ:

***

Թուրքերի հետ հասկացողության գալու կամ այդ ուղղությամբ որևէ փորձ անելու, մի սոսկ խոսակցություն սկսելու համար, ամենից առաջ դու պիտի հրաժարվես «Միացյալ» Հայաստանից ու, առհասարակ, որևէ հողային պահանջներից, գոհանաս ներկա սահմաններով և մի նոր ստորագրություն ավելացնես Բաթումում, Ալեքսանդրապոլում ու Կարսում կնքված դաշնագրի տակ:

Սա պարզ է, այնքան պարզ ու անվիճելի, որ դու հենց այդտեղից էլ ուզում ես սկսել հայկական «նոր քաղաքականությունը»: Դու հասկանում ես լեզու փոխելու անհրաժեշտությունը և, մի քիչ տարածվելով, փորձ ես անում թոթովել նոր բառեր…

Բայց տատանումներն ու անորոշ ֆորմուլները չեն բավարարի քո ապագա բարեկամներին: Պետք է որոշակի ընտրություն անես, ճշտես դիրքդ ու ասես պարզապես, որ սրանից հետո քայլելու ես, և վճռականորեն, թուրքերի կողքին, ձեռ ձեռի տված:

Դյուրին բան չէ, հարկավ, այս voltface-ը, մանավանդ, որ թուրքերի բարեկամությունը՝ նույնիսկ քո այսօրվա ըմբռնումով, այնքան էլ սրտապնդիչ չէ… Բայց որպեսզի փրկես Հայաստանը բոլշևիկյան ոճրագործ ձեռքերից ու ռուսական բռնակալությունից ընդհանրապես, դու պատրաստ ես և այս զոհաբերության:

Շատ լավ:

Ենթադրում եմ, թե քո կողմից սա այսպես կոչված «քաղաքականություն» չէ միայն (ի դեպ ասեմ՝ շատ արդեն ետևը բաց «քաղաքականություն» կլինի սա), այլ լուրջ ու անկեղծ համոզմունք, այսինքն՝ ենթադրում եմ, թե դու, հաշվի առնելով ներկա չարիքը, կանխատեսելով գալիք բարդությունները, իրոք պատրաստ ես կտրվելու Ռուսաստանից ու կապելու քո ապագան Թուրքիայի հետ:

Ապա ենթադրում եմ, որ թուրքերը կհասկանան քո բռնած ընթացքը, կհավատան անկեղծությանդ ու գոհությամբ կնդունեն հայտարարություններդ:

Հետո՞:

Չէ՞ որ սոսկ հայտարարություններով չես կարող բավարարել նոր բարեկամներիդ. նրանք իրավացիորեն գործ են պահանջելու քեզանից:

Չես կարող ասել, քանի դեռ բոլշևիկները նստած են Երևանում, Թիֆլիսում ու Բաքվում, ես ի վիճակի չեմ ոչինչ ձեռնարկելու նրանց դեմ, որովհետեւ դա վտանգավոր կլինի Հայստանի համար: Գործելու իմ հերթը հետո կգա-այն ժամանակ, երբ դուք-առանց իմ օգնույան-մտնեք հաղթականորեն Անդրկովկաս: Ահա ա՛յն ժամանակ եւ գործի կ’անցնեմ, բարեկամական ձեռ կմեկնեմ ձեզ ու պատրաստ կլիմեն, բաժանելու ձեզ հետ հաղթության արդյունքը:

Չես կարող ասել այդպես, որովհետև դա կլիներ պարզ ծաղրանք թուրքերի ու նրանց հետ եղողների երեսին: Եթե սրանք դուրս պիտի քշեն բոլշևիկներին առանց քո մասնակցության ու մտնեն Անդրկովկաս առանց քո օգնության, այլևս ինչի՞ ես պետք դու:

Փաստն այն է, որ այսօր բոլշևիկները նստած են Երևանում, իսկ թուրքերը սպասում են Ախուրյանի այն ափին: Քո հայտարարությունը, որքան էլ հոխորտալի լինի, չի կարող փոխել դրությունը: Որպեսզի ռուսները դատարկեն Երևանը ու թուրքերը անցնեն Ախուրյանի այն կողմը, պետք է անել ուրի՛շ բան:

Եվ այդ ուրիշ բանն է, որ պահանջելու են քեզանից:

Չես կարող ասել նաև, թե շատ ցանկանում ես օգտակար լինել, բայց, դժբախտաբար, ոչինչ չես կարող անել, որովհետև մենակ ես, ուժ չունես… Եթե ուժ չունես մի բան անելու, ո՞ր հիմարը կդաշնակցի հետդ: Դաշնակցելու համար դու, ընդհակառակը, երկինք ու գետին պիտի վկա կանչես, թե շատ զորեղ ես, թե ամբողջ հայությունը քեզ հետ է, սպասում է քո հրամանին, որպեսզի շարժվի…

Հարկավ, կծափահարեն քեզ: Բայց քանի որ քաղաքական վեճերը չեն լուծվում սոսկ հայտարարություններով, սպառնալիքներով կամ հայհոյանքներով, անմիջապես դնելու են առջևդ գործ ծրագրելու, գործ կազմակերպելու, գործ կատարելու խնդիրը:

Ո՞րն է գործը:

Գիտես, որ բոլշևիկները այն մարդիկը չեն, որ տեղի տան աղմուկի առջև և, ահաբեկված մեծ-մեծ խոսքերից, հեզությամբ հանձնեն իշխանությունը քեզ կամ թուրքերին: Նրանց համոզելու համար զենքի լեզու է պետք…

Այդ լեզվով է, որ պիտի խոսես, եթե ուզում ես որևէ արժեք ունենալ հակաբոլշևիկյան բանակում:

Պատրա՞ստ ես դրան:

***

Մի՞թե կուրացել ես այն աստիճան, որ չես տեսնում, թե ու՞ր ես գնում, ու՞ր պիտի գնաս ճակատագրականորեն, հենց որ մի անգամ ոտդ դնես այդ նոր ճամփու վրա:

Դու շարունակ հավաստիացրել ես, թե պատրաստ ես ամեն կերպ աջակցելու Հայաստանում կատարվող շինարարական աշխատանքներին՝ թո՛ղ որ ռեժիմը բոլշևիկյան լինի, և շատ նեղացել ես, եթե մեկը կասկածի տակ է առել անկեղծությունդ: Բայց սա ի՞նչ տարօրինակ ձևի աջակցություն է՝ խռովությունների մշտական ապառնալիքի տակ պահել երկիրը… Շինարարական ի՞նչ աշխատանք կարող է կատարվել ընդհանուր անվստահության մթնոլորտում: Մարդիկ ի՞նչ սրտով սերմանեն դաշտերը, նորոգեն տներն ու ճանապարհները, մաքրեն առուները, չորացնեն ճահիճները կարգավորեն դպրոցն ու արհեստանոցը, եթե երկյուղ պիտի ունենան, թե վաղն ևեթ այդ բոլորը քանդվելու է՝ ներքին խռովութիւնների կամ թուրքական ներխուժման պատճառով:

Հետո՝ ի՞նչ դիրք պետք է բռնի Խորհրդային իշխանությունը, եթե, դժբախտաբար, արժեք տա անարժեք սպառնալիքներին: Բնականորեն պիտի որոնի ամեն տեղ դավադրության հետքեր և եռանդորեն հետապնդի, իրեն հատուկ մեթոդներով, ոչ այնքան իրական, որքան ենթադրյալ թշնամիներին, ուրիշ խոսքով՝ պիտի վերսկսի տեռորի շրջանը, ահաբեկելու ռեժիմը…

Ա՞յս է ուզածդ:

Մտածի՛ր մի քիչ. արդյոք այն վիճակի՞ն է Հայաստանը, որ իրավունք ունենա թույլ տալու իրեն նոր բարդությունների ու նոր փորձությունների շռայլությունը:

Ա՞յս է քո հայրենասիրությունը, ա՞յս է քո աջակցությունը վերաշինման աշխատանքներին:

Դու կասես, հարկավ, թերևս մի քիչ էլ վրդոված, թե քո մտքովն էլ չի անցնում որևէ բարդություն առաջ բերել երկրի ներսը կամ նրա շուրջը, թե քո միակ նպատակն է բարեկամություն հաստատել թուրքերի ու հակաբոլշևիկյան անդրկովկասցիների հետ, որպեսզի ապագայում, երբ ռուսները հեռանան մեր սահմաններից և երբ թուրքերը տեր դառնան դրության, ահա այդ ենթադրյալ ապագայում Հայաստանը չմնա անտեր, հրապարակում լինի մեկը, որ կարողանա իսկույն նոր դիրքեր բռնել ու քաղաքական նոր ճակատ հաստատել՝ նոր պայմանների համաձայն ու նոր ուժերի վրա հենած…

Երեխա մի՛ ձևացնի քեզ ու մանավանդ մի՛ տարվի այն ինքնախաբեությամբ, թե քեզ լսողները ու քեզ հետ խոսողները երեխաներ են:

Այդ քո ենթադրած ապագան չի գա ինքն իրեն, պետք է բերել նրան: Եվ բերողներից մեկն էլ դու պիտի լինես ու արդեն այսօրվանից պիտի անցնես աշխատանքի, իրական աշխատանքի: Եթե չանես, անողների կողմից պետք է նկատվես իբրև խաբեբա կամ առնվազն իբրև մի ավելորդ ու անպետք բեռ:

Ոչ մի «քաղաքականություն» չի փրկի քեզ այս դաժան անհրաժեշտությունից. մեկ անգամ որ ընտրությունդ արեցիր ու կանգնեցիր նոր ճամփի վրա, պիտի գնալ առաջ:

Նախադասելով միլլիական Թուրքիան բոլշևիկյան Ռուսաստանին (կամ Ռուսաստանին ընդհանրապես) և մերձենալով քեմալական-մուսաֆաթական-վրաց-մենշևիկյան մի դաշինքի հետ, դու չպիտի կարողանաս մնալ լոյալ Խորհրդային Հայաստանի հանդեպ, սիրաշահես բարեկամներիդ ու միաժամանակ խույս տաս վտանգավոր քայլերից: Չպիտի կարողանաս, որովհետև դու Տալերյանը չես, դիմացիններդ էլ քեզանից պակաս «քաղաքագեներ» չեն:

Հասկացի՛ր. մերձենալ մեկի հետ, ապագայում մերձավորությունը օգտագործելու նպատակով ու ներկայում անգործակից մնալու պայմանով, սա բացարձակապես անկարելի բան է. պետք է մի բան տաս այսօր, որպեսզի վաղը հատուցում պահանջես:

Կիրականանա՞ արդյոք երբևէ քո սպասած ապագան, թե չի իրականանա երբեք, և եթե կիրականանա՝ ե՞րբ արդյոք, ի՞նչ ձևերի տակ ու ի՞նչ պայմաններում, դու չգիտես, հետևապես և չես կարող այսօրվանից հարմարվել, գործնականորեն հարմարվել, մի անհայտ վիճակի: Քո գործն է, եթե լուրջ է և հետևողական քաղաքականությունդ, գնալ ընդառաջ այդ պարագային, հարթել նրա ճամփան, արագացնել գալուստը, այսինքն՝ թուլացնել ամեն միջոցներով բոլշևիկյան իշխանությունը Անդրկովկասում և զուգընթացաբար զորեղացնել, նույնպես ամեն միջոցներով, Թուրքիայի կարողությունները (որովհետև մեկը կապված է մյուսի հետ անբաժանելի կերպով):

Ա՛յդ է, որ պիտի անես դու, պիտի անես այսօրվանից սկսած ու այսօրվա իրականության մեջ և ո՛չ թե անորոշ ապագայում:

Պատրա՞ստ ես դրան և ի՞նչ կասի քեզ Հայաստանը, որի անունից հանդգնություն ունես խոսելու:

Ասենք, անգործ մնացած մարդու մի անմեղ ժամանց չէ քո նոր կողմնորոշումը, այլ լրջորեն մտածված քաղաքական ուղղություն:

Ապա ասենք, թե ուղղությունը հենարան գտավ երկրի ներսում (գուցե և դուրսը) և, իբրև իրական ուժ, գործի անցավ:

Ի՞նչ է լինելու հետևանքը:

Ամեն պարագայում ու անխուսափելիորեն անհանգիստ կացություն երկրում, ջղային վիճակ, անվստահություն ապագայի վրա, երկյուղ ու կասկած, շփոթ, խռովություն, շինարարական աշխատանքների խանգարում ու դադար… Ապա պետական հսկողության խստացում, քաղաքական հալածանքներ, զանգվածային ձերբակալություններ, աքսոր ու գնդակահարություններ… Ապա ապստամբության փորձեր, զինված ընդհարումներ, քաղաքացիական կռիվ, պատերազմ, փոխադարձ կոտորում, ավեր ու ընդհանուր թշվառություն…

Հանուն ինչի՞ այս  նոր զուլումը:

Եթե հակաբոլշևիկյան գրոհը չհաջողվեց, մի բան, որ ամենից հավանականն է հարկավ, ռուսները պիտի մնան Անդրկովկասում, բայց՝ փորձից խրատված, պիտի փոխեն այսօրվա ռեժիմը. կրճատեն կամ իսպառ վերացնեն կիսանկախ հանրապետությունների այժմյան իրավասությունները, ուժեղացնեն բանակն ու ոստիկանությունը (մեր երկրի հաշվին, հարկավ), տեղական պաշտոնեությունը փոխարինեն ռուսական պաշտոնեությունով, գուցե վերհիշեն սահմանների վրա ռուսական գաղութներ տեղավորելու ցարական քաղաքականությունը:

Եթե հաջողվեց՝ ռուսները պիտի արտաքսվեն Կովկասյան շղթայի այն կողմը, և մենք պիտի մնանք հաղթական Թուրքիայի և մուսավաթական Ադրբեջանի արանքում, ունենալով կողքներիս ազգայնական-մենշևիկյան Վրաստանը, որը, ռուսների ահից ու իր սեփական գոյությունը ապահովելու համար, պիտի աշխատի ամեն կերպ հաճո լինի թուրքերին… Ուրիշ խոսքով՝ նորից պիտի հաստատվի այն դրությունը, որ գոյություն ուներ 1918-20 թվականներին,  մի անտանելի դրություն, որի մեջ խեղդվում էր Հայաստանը և որից նրան փրկեց միմիայն ռուսների վերադարձը:

Ահա հեռանկարները:

Եվ սրանք պետք է իրականանան քո աջակցությամբ, քո գործոն մասնակցությամբ, հենց քո սեփական ձեռքերով…

Հասկանո՞ւմ ես, թե ի՛նչ անորակելի ոճիր կլիներ սա հայրենիքիդ հանդեպ, եթե, իսկապես, իրագործելի լիներ ու իրագործվեր մի օր:

Եթե դու իրոք ներկայացնում ես ինչ որ մի ուժ (ինչպես հավաստիացնում ես ինքդ) և եթե իրոք քո ներկայությունը այս կամ այն բանակում կարող է որևէ ազդեցություն ունենալ ռուս-թուրքական ենթադրյալ ընդհարման ելքի վրա, մի՞թե քո տեղը թուրքական շարքերում է…

Այսպես ասում եմ, ընդունելով իբր ճշմարտություն քո այն հավաստիքը, թե դու ուժ ես, թե հայ ժողովուրդը քեզ հետ է, սպասում է քո նշանին և պատրաստ է գնալու ուր որ տանես:

Ինքս գիտեմ, որ դա սնոտի խոսք է միայն, որ իրոք ոչինչ չես կարող անել, որովհետև ոչ ոք չի հետևի քեզ (մանավանդ այս նոր ճամփիդ վրա) և որ քո կողմնորոշումը ուրիշ բան չէ, քան ռուսերեն ասեմ՝ покушение с негодными средствами: Գիտեմ, որ ինչ էլ ասես, խոսքերի շրջանից այն կողմ չես անցնելու: Եվ թուրքերն էլ, եթե մի բան անելու, ոչ քեզ կսպասեն, ոչ համաձայնությունդ կհարցնեն, որովհետև նրանք էլ տեղյակ են քո կարողության մասին:

Մի բան միայն կարող ես անել, այն է՝ շփոթ ձգել տհաս մտքերի մեջ (հատկապես՝ գաղութներում), մոլորեցնել երկրից կտրված և հանգամանքներից անտեղյակ մարդկանց, հուսահատեցնել ու պաղեցնել սրտերը, անարժեքացնել սրանց աչքում Խորհրդային Հայաստանը, որ ցնորք չէ, այլ իրականորեն գոյություն ունի ու մի քիչ ևս թուլացնել այն արդեն շատ թույլ կապը, որ դեռ կապում է դրսում ցրված հայությունը մայր-երկրի հետ…

Այդքան կարող ես անել և եթե այդ է ցանկացածդ՝ հաջողելը դժվար բան չէ այսօրվա մթնոլորտում:

Հուսահատություն ու լքություն արդեն բարոյալքված գաղութներում՝ ահա թե ի՛նչ ես սերմանելու դու:

Դրսի հայը, տեղեկանալով քեզանից, թե ի՛նչ հրեշներ են բոլշևիկ անվանած արարածները ընդհանրապես, և թե ի՛նչ ազգադավ դահիճներ են հայ բոլշևիկները մասնավորապես, ապա նաև թե ի՛նչ դժոխք է Խորհրդային Հայաստան կոչված երկիրը այսօր և ի՛նչ դժոխագույն դժոխքի պիտի վերածվի վաղը, դրսեցի հայը պիտի եզրակացնի՝ եթե բոլշևիկ ռուսները՝ հայ դավաճանների առաջնորդությամբ, եկել ու խեղդել են մեր նորածին պետությունը և եթե ռուսական բռնակալությունից ազատվելու միակ միջոցը Թուրքիայի գիրկն ընկնելն է, վա՛յ մեր գլխին…

Այդպես պիտի եզրակացնի, որովհետև Հայաստանի համար թուրքական կողմնորոշման խնդիր չկա և չի կարող լինել, դա մի քաղաքական զավեշտ է, որի անհեթեթությունը չես տեսնում միայն դու, քո այսօրվա կուրության մեջ: Հայաստանի համար կարող է լինել՝ միմիայն ու պարզապես, թուրքերին «անձնատուր լինելու» խնդիրը… Հարկավ, անկարելի չէ այդ ծայրագույն դժբախտությունը, ուրեմն և համապատասխան գործողությունների անհրաժեշտությունը: Բայց դա քաղաքական կողմնորոշում չէ արդեն, այլ ամեն տեսակ պահանջներից հրաժարվելու հարկադրություն: Չե՞ս կարծում, որ այդ դերը քեզ չի պատկանում, վայել չէ քեզ ու հետո՝ «ձեռքերը վեր» բարձրացնելու համար այսօրվանից պատրաստություն տեսնելու բնավ կարիք չկա (պատրաստի մարդիկ՝ որքան կամենաս և երբ կամենաս):

Հայաստանի միակ կողմնորոշումը Ռուսաստանն է: Հայաստանը կարող է ապրել միմիայն Ռուսաստանին կառչած, ուրիշ քաղաքական հեռանկար չունի նա: Այս գիտակցությունն է, որ պետք է խորացնել ու ամրացնել հայ մարդու մտքում: Մտքերին ուրիշ ուղղություն տալու ամեն մի փորձ վնասակար է, որովհետև ճեղքվածք է մտցնելու հավաքական կամքի մեջ, կաշկանդելու է կամ թուլացնելու գործելու կարողությունը:

Ռուսաստանը բոլշևիկյան է այսօր, հետևաբար և միակ հնարին Հայաստանը ներկայիս՝ Խորհրդային Հայաստանն է:

Սա՛ է մեր ներկան և սա՛ է ապագայի հույսը: Սրա՛ շուրջն է, որ պետք է խմբվեն հայ ազգի բոլոր կենդանի ուժերը: Սա պետք է լինի մեր սիրո ու գուրգուրանքի առարկան ու, մանավանդ, աշխատանքի վայրը: Ամեն մի հայ հայրենասերի առաջին ու ամենամեծ պարտականությունն է՝ ամրացնել ամեն կերպ Հայաստանը և ոչ թե… բարեկամանալ նրա դեմ դավադրողների հետ:

Խորտակել Խորհրդային իշխանությունը՝ դա ասել է, գեթ այսօրվա պայմաններում՝ խորտակել նաև Հայաստանը: Ամեն մի փորձ այդ ուղղությամբ դավաճանություն է Հայաստանի հանդեպ:

Ծայրահեղ հիմարություն է կամ ոճրային կեղծիք ասել, թե ուզում եմ տապալել բոլշևիկյան Հայաստանը, որպեսզի տեղը կառուցեմ Հայկական Հայաստան, ուզում եմ ազատագրվել ռուսների լծից, որպեսզի թուրքերի օգնությամբ ու թուրքերի հովհանու տակ ապահովեմ Հայաստանի ազատ ու անկախ գոյությունը…

***

Որքա~ն գոհ կլինեմ, եթե ասես, թե չեմ հասկացել կամ զրպարտել եմ քեզ:

Օգոստոս, 1924