ՀՀԿ-ն Նիկոլ Փաշինյանին համարում է «մարտի 1-ի հրահրիչ»

1347

Հայաստանի հանրապետական կուսակցությունը տարածել է քաղաքական հայտարարության նախագիծ։ Նախագծի մասին նոյեմբերի 11-ի երեկոյան ՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց կուսակցության փոխնախագահ Վիգեն Սարգսյանը։

«Խորհրդի նիստում ընդհանուր հավանության արժանացավ ներկայացված փաստաթուղթը: Որոշվեց մեկ շաբաթ ժամանակ տրամադրել խորհրդի անդամներին՝ լրացուցիչ առաջարկություններ ներկայացնելու համար: Ներկայացված առաջարկությունները քննարկման կդրվեն Կուսակցության գործադիր մարմնի նիստում: ՀՀԿ գործադիր մարմինը, առաջարկությունների   քննարկման հիման վրա կհաստատի հայտարարության վերջնական տեքստը»,- նշված է հաղորդագրությունում:

14-էջանոց հայտարարության նախագիծը բաղկացած է հետևյալ բաժիններից․

1․ 2018թ. ապրիլ-հոկտեմբեր ամիսներին իրավիճակի զարգացման հիմնական հանգրվանների գնահատականը․

2. Փաշինյանի պաշտոնավարումը. սպասումներ և իրականություն,

3. ՀՀԿ-ի սխալներն ու բացթողումները, արձանագրած արդյունքները,

4․ ՀՀԿ-ի առաջիկա անելիքները,

5․ ՀՀԿ խորհրդի որոշումը։

Ապրիլ-մայիս ամիսների իրավիճակի զարգացման գնահատականում նշվում է, որ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած ցույցերի պատճառը Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելն էր, ինչը ներկայացվեց որպես երրորդ ժամկետ։

Փաշինյանին մեղադրանք է հասցեագրվում նաև որպես 2008-ի մարտի 1-ի անկարգությունների հրահրող․

«Ապրիլի 22-ին ՀՀ վարչապետը [Սերժ Սարգսյանը] հանդիպեց ցույցերի կազմակերպիչ Նիկոլ Փաշինյանին: Նկատի ունենալով, որ հենց ինքը` Նիկոլ Փաշինյանն է եղել 2008թ. մարտի 1-ին տեղի ունեցած բախումների հրահրողներից մեկը, որոնց արդյունքում եղան մարդկային զոհեր, ՀՀ վարչապետը նրան հիշեցրեց իրավիճակի սրման վտանգները և իրավապահների հետ բախումների պարագայում հնարավոր հետևանքների ծանրությունը: Սակայն հանրությանը դա ներկայացվեց որպես ցուցարարների դեմ ուժ կիրառելու սպառնալիք, թեև հետագա գործողությունները, ինչպես նաև ապրիլի 22-ի հանդիպմանը նախորդած օրերին իրավապահների քայլերը հստակ ցույց տվեցին, որ իշխանությունները չունեին նման ծրագրեր և նպատակներ»։

ՀՀԿ խորհրդի հայտարարության նախագծի որոշման մեջ նշվում է․

1․ Մասնակցել Ազգային ժողովի 2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններին:

2. Հավանություն տալ կուսակցության նախընտրական ծրագրի նախագծին և լիազորել Գործադիր մարմնին` լրամշակել այն՝ համաձայն խորհրդի նիստում հնչեցրած առաջարկների:

3. Հավանություն տալ ընտրական ցուցակի ձևավորման սկզբունքներին և լիազորել Գործադիր մարմնին՝ ձևավորելու և հաստատելու կուսակցության ընտրական ցուցակը:

4. Անմիջապես խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո նախաձեռնել ՀՀԿ արդիականացման գործընթաց: Հատուկ ուշադրություն պետք է դարձվի անդամագրման և անդամների հետ փոխգործակցության մեխանիզմների բարելավման, ինքնաբավ գործունեության համար անհրաժեշտ կուսակցական մեխանիզմների ներդրման, երիտասարդության հետ աշխատանքի որակի բարձրացման, գործունեության գաղափարական հենքերի ուժեղացման, ղեկավար կազմի համալրման մեխանիզմների վերանայման խնդիրներին:

Վերը նշված նպատակները քննարկելու և լուծումներ գտնելու նպատակով պլանավորել և խորհրդարանական ընտրություններից կարճ ժամանակ անց անցակցնել կուսակցության համագումար:

Արխիվային լուսանկար, 2017-ի մարտ