Խատիսյանի վարչապետության շրջանը և ՀՅԴ Բյուրո-կառավարության հաստատումը

2288
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը վերահրատարակել է Հայաստանի Հանրապետության վարչապետ և արտգործնախարար Ալեքսանդր Խատիսյանի “Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը” կոթողային աշխատությունը: Հայաստանի Առաջին Հանրապետության շրջանում դժվար է նշել մեկ այլ հայ պաշտոնյայի, պետական գործչի, ով այնքան շատ ներկա եղած լինի հայ ժողովրդի համար ճակատագրական քննարկումների, բանակցած ու ստորագրած լինի այնքան կարևոր փաստաթղթեր:
ԱՆԻ կենտրոնը այս արժեքավոր հատորը, վերածելով արևելահայերնի և աբեղյանական ուղղագրության՝ առաջին անգամ այն հրատարակել է Հայաստանում: Այս հրապարակումներում վերնագրերը դնում է ԱՆԻ կենտրոնը։

_______________________________

Ութերորդ գլուխ

Իմ վարչապետության շրջանը

նախորդ մասը կարդալ այստեղ

10․ Աշխատանքի նախարարություն (նախարար՝ Ս․ Վրացյան, օգնական՝ Վ․ Բաբայան)։ Աշխատանքի նախարարության բաժանմունքը մտնում էր երկրագործական նախարարության մեջ, նախարար Վրացյանի ղեկավարությամբ, բայց դրա առանձին կաևորությունը նկատի առնելով նշանակվել էր հատուկ օգնական՝ Վար․ Բաբայան։

Հաշվետու շրջանում սա գոյություն ունեցավ միայն մի քանի ամիս։ Այդ ժամանակամիջոցում այդ նախարարությունը ձեռնարկեց հետևյալ միջոցառումները․ կազմակերպվեց ինքը նախարարությունը, մտցվեց ապրտավոր 8-ժամյա բանվորական օր, ընդունվեց օրենք այն եղանակի մասին, որով պետք է տեղի ունենար պետական և մասնավոր հիմնարկների պաշտոնյաների լիկվիդացիան։

Միջոցներ ձեռք առնվեցին նպաստելու Հայաստանի արհեստակցական միությունների կազմակերպության համար, նախապատրաստական միջոցների դիմեցին՝ հրավիրելու արհեստակցական միությունների համագումար։ Ստեղծվեց աշխատանքի կոմիսարների պաշտոնեություն։

***

Ընդհանուր գծերով սրանք են Հայաստանի կառավարության գործունեության գլխավոր կետերը մի որոշակի շրջանում։ Բացի այն ձեռնարկները, որ հիշատակվել են ներկա տեսության մեջ ըստ առանձին նախարարությունների, եղել են ձեռնարկներ, որոնք վերեբերել են միաժամանակ մի քանի նախարարությունների և որոնց գործադրության վրա հսկողություն էր իրականացնում վարչապետը կամ նախարարության անդամներից մեկը։

Այդպիսիներից էր Կարսի նահանգի, գլխավորապես Կարսում և Սարիղամիշում մնացած պետական գույքերի ցուցակագրությունը և պահպանությունը։ Այդ աշխատանքը կատարվում էր կառավարության կողմից ուղարկված առանձին կոմիսարների միջոցով։ Տեղում կազմակերպվում էին առանձին հանձնաժողովներ միջնախարարական բնույթով։ Կոմիսարը անմիջապես ենթարկվում էր կառավարությանը։

Գույքը գլխավորապես զինվորական տեսակի էր, նաև՝ ավտոմոբիլային և երկաթուղային։ Այդ աշխատանքը կատարվել է մի քանի ամիսների ընթացքում և հանդիպել մի շարք դժվարությունների։ Գույքը գողացվում էր, պահպանության համար պահանջվում էին ազնիվ պահապաններ, մեծ պահեստատեղիների կարիք կար։ Հաշվեշրջանի այդ ժամանակամիջոցում այդ բոլոր դժվարությունները պատճառեցին որոշ գույքի կորուստ։ Հետագայում գույքի մի մասը տեղափոխվեց Երևանի և Ալեքսանդրապոլի գլխավոր պահեստները, իսկ մի մասն էլ ծառայեց առևտրի փոխանակության համար։

Ժողովրդի նյութական վիճակը բարձրացնելու և կոոպերատիվների դրությունը բորվոքելու համար երկու միջոցներ ձեռնարկվեցին։ Նախ՝ ռուս-ասիական բանկի երաշխավորությամբ և Փարիզի պատվիրակության երաշխիքների միջոցով Եվրոպայից ստացվեցին զանազան ապրանքներ 2․5 միլիոն ֆրանկի արժողությամբ՝ գերանդիներ, թուղթ, տնային տնտեսության մանր ապրանքներ, ապակի, գամ, լուցկի, արհեստների պիտույքներ և այլն։ Այդ առարկաները մասամբ բաժանվեցին չունևոր ժողովրդին, մասամբ էլ վաճառվեցին։

Երկրորդ միջոցն այն էր, որ շատ փոքր տոկոսով՝ 2 կամ 3, օժանդակություն էր տրվում գավառական և քաղաքային ինանավարություններին։ Տրված նպաստ-փոխառությունների կանոնավոր գործադրության վերահսկողությունը հանձնվել էր ելևմտական և ներքին գործերի նախարարություններին։

Պետական փոխառությունները հնարավորություն տվեցին կոպերատիվներին  ոչ միայն առևտրական գործողություններ կատարել, այլև արդյունաբերական։ Կոոպերատիվների միությունը՝ «Հայկոոպը», ոչ միայնհսկայական պահեստներ ուներ, այլև սկսեց գործարաններ բանեցնել՝ օճառի գործարան, կաշվի արհեստների զանազան գործարաններ։ Խորհրդարանը իր կոմից որոշեց նոր վարկեր կոոպերատիվներին՝ առաջարկելով միանալ մեկ կազմակերպության մեջ։

Ահա այն արտաքին դեպքերն ու փաստերը, որոնք ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության մաս էին կազմում 1919թ․սկզբից մինչև 1920թ․ մայիսի 5-ը։

Իշխանության փոփոխության, այսինքն՝ Ալ․ Խատիսյանի նախարարության հրաժարականի պատճառը բոլշևիկների ապստամբությունն էր, որն սկսվեց Ալեքսանդրապոլում։ Նախարարության համար պարզվեց, որ կուսակցական ֆրակցիան անհրաժեշտ է համարում իշխանության ղեկը հանձնել կուսակցության գերագույն մարմնին, որը և ընդունեց իշխանությունը մայիսի 5-ին՝ ի դիմաց նոր նախարարության Համո Օհանջանյանի նախագահությամբ։