Միքայել Մինասյանի հորը մեղադրանք է առաջադրվել, հայտարարվել է հետախուզում

2694

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Միանսյանին մեղադրանք է առաջադրվել, հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեն։ Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Մինասյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։

Արա Մինասյանը Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի դստեր ամուսնու՝ Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայրն է։ Միքայել Մինասյանը դեսպանի պաշտոնից հետ է կանչվել երեկ՝ ՀՀ նախագահի հրամանագրով։

Արա Մինասյանը մեղադրվում է պետությանը 426 միլիոն դրամի վնաս պատճառելու մեջ։

Արա ՄինասյանըԱրա Մինասյանը

Քննչական կոմիտեի հաղորդագրությունը

«ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերությունում հայտնաբերված  առերևույթ չարաշահումների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ չարաշահումների իրականացմանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության նախկին տնօրենի առնչության վերաբերյալ։

Նախնական քննության տվյալներով՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության նախկին տնօրենը, 2016 թվականից մինչև 2017 թվականի սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում, նույն ընկերության մի շարք աշխատակիցների հանցակցությամբ, փաստաթղթեր կեղծելու և կեղծ փաստաթղթեր օգտագործելու միջոցով, խարդախությամբ առերևույթ հափշտակել է ՀՀ առողջապահության նախարարության և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության միջև կնքված «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով անվճար բժշկական և սպասարկման ծառայությունների մատուցման մասին» պայմանագրի շրջանակներում ընդգրկված «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» ծրագրով ՀՀ պետական բյուջեից հատկացված առանձնապես խոշոր չափերով գումարները: Նախաքննության ներկա փուլում հանցագործությամբ առերևույթ պատճառված վնասի չափը կազմում է 426.343.650 ՀՀ դրամ։

Քրեական գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմամբ, դրանք իրենց համակցության մեջ վերլուծությամբ և համատեղ գնահատմամբ՝ այսօր որոշում է կայացվել՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության նախկին տնօրեն Ա.Մինասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նկատի ունենալով, որ Ա.Մինասյանը թաքնվում է քննությունից և պարզ չէ նրա գտնվելու վայրը՝ վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է»։