Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարների Ստամբուլի հայտարարությունը

1073

31 հոկտեմբեր, 2018 11:36

Իրանի, Ադրբեջանի, Թուրքիայի ԱԳ նախարարների ստամբուլյան հայտարարությունում ԼՂ մասով նոր բան չկա

Հոկտեմբերի 30-ին Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Մևլութ Չավուշօղլուի, Մոհամմադ Ջավադ Զարիֆի և Էլմար Մամեդյարովի՝ թվով վեցերորդ եռակողմ հանդիպումը, որի ավարտին դիվանագետներն ընդունել է հայտարարություն։

Ի թիվս այլ հարցերի՝ նախարարներն ընդգծել են իրենց հանձնառությունը միջազգային իրավունքի սկզբունքներին, որոնց թվում են՝ հարգանքն ու աջակցությունը ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ, բոլոր հակամարտությունները խաղաղ լուծելու, ինչպես նաև ներքին գործերին չմիջամտելու սկզբունքները։

Իրանական Tasnim գործակալությունը, որը մեջբերում է տեքստը, հաղորդում է, որ այս համատեքստում կարևորվել է ղարաբաղյան հակամարտության «շուտափույթ կարգավորումը՝ վերը նշված սկզբունքների հիման վրա»։

Ստամբուլյան հայտարարությունում ղարաբաղյան հակամարտությանը առնչվող մասը գրեթե նույնն է, ինչ 2017-ին Բաքվում երեք նախարարների համատեղ հայտարարությունում էր։

2017թ․ դեկտեմբերի 20-ին Բաքվում ընդունված հայտարարությունում ասված էր․ «Նախարարները հատուկ ընդգծել են ընդհանուր շահագրգռվածությունը տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության ամրապնդման հարցում, և այս համատեքստում հայտարարել են միջազգային իրավունքի սկզբունքների նկատմամբ իրենց պարտավորությունների մասին, որոնց թվում է՝ հարգանքը ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելության նկատմամբ, ինչպես նաև բոլոր հակամարտությունները խաղաղ լուծելու սկզբունքը։ Այս համատեքստում ևս մեկ անգամ շեշտվել է հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման կարևորությունը՝ վերը նշված սկզբունքների հիման վրա»։

Ստամբուլում կայացած հանդիպման օրակարգային հարցերից էին Իրանի դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցները: Մոհամմադ Ջավադ Զարիֆի խոսքով՝ բանակցությունները ցույց տվեցին, որ պատժամիջոցների հարցում Վաշինգտոնը բախվում է միջազգային համայնքի հակազդեցությանը:

Բանակցությունների ընթացքում քննարկվել է նաև համագործակցությունը էներգետիկ ոլորտում, դիտարկվել են տարբեր նախագծեր բեռնափոխադրումների, տրանսպորտի և երկաթուղային հաղորդակցության ոլորտներում։ Ինչպես հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն, Իրանն ու Ադրբեջանը էներգիայի աղբյուր են Թուրքիայի համար, և երկուսի հետ էլ Անկարան զարգացնելու է առևտուրը, իրականացնելու է համատեղ նախագծեր։

Մեկ կարևոր հարց էլ վերաբերել է հակաահաբեկչական պայքարին, բացի այդ, երեք երկրների թիվ մեկ դիվանագետները պայմանավորվել են աջակցել միմյանց երկրների թեկնածություններին միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններում։

Ստելլա Մեհրաբեկյան

ՍիվիլՆեթ