Սերժ Սարգսյանը վերջապես տուն ունեցավ

1656

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դուրս է եկել կառավարական առանձնատնից, հանձնել բանալիներն ու տեղափոխվել Ձորաղբյուր՝ մշտական բնակության համար։

Tert.am-ին այս մասին հայտնել է Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանը։

Սերժ Սարգսյանին մայիսից ի վեր առանձնատան ավելի քան 10 տարբերակ էր առաջարկվել։ Սարգսյանի կողմից բոլոր տարբերակները մերժվել էին, որոշները՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

Հոկտեմբերի 4-ին Սերժ Սարգսյանը հրաժարվել էր 602 միլիոն դրամանոց առանձնատան առաջարկից։ Այն գտնվում էր Ավան վարչական շրջանում։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը Սիվիլնեթին տեղեկացրել էր, որ Սարգսյանը չի ընդունել այս տարբերակը, քանի որ առանձնատան վերևում մի էլեկտրական լար է եղել։ Ավելի ուշ Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավարը, պատասխանելով Աղաջանյանին, ասել էր, որ խոսքը «ոչ թե մեկ լարի, այլ լարերի խրձի մասին է եղել»։

Ձորաղբյուրի վարչական ղեկավար Հայկ Սարոյանը Սիվիլնեթի հետ զրույցում տեղեկացրեց, որ ինքը լրատվամիջոցներից է տեղեկացել Սերժ Սարգսյանի տեղափոխության մասին։ Մամուլի հրապարակումների համաձայն՝ Ձորաբյուրում առանձնատունը պատկանում է Սարգսյանի դստերն ու փեսային։ Հայկ Սարոյանը ասաց, որ այդ մասին տեղեկություն չունի։

Մկրտիչ Կարապետյան

ՍիվիլՆեթ