Դաշնակցության համար ես երկու անգամ եմ երդվել. Աղվան Վարդանյան

1292

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, արդեն նախկին ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանը Ֆեյսբուքի իր էջում հետևյալ գրառումն է կատարել․

Դաշնակցության համար ես երկու անգամ եմ երդվել:

Առաջինը՝ 1990թ. ապրիլի 26-ին՝ անդամագրվելիս:

Երկրորդը՝ 1996թ. ապրիլի սկզբին, Աթենքից Երևան վերադառնալուց առաջ, կոմայի մեջ Մարդու մահճակալի մոտ: Այս երդումը կուսակցության վարկը միշտ բարձր պահելու խոստում էր:

Ազգային ժողովում իմ վերջին՝ խղճով ու համոզմունքով ելույթ-կեցվածքը անհատական պատասխանատվության դրսևորում էր՝ երդմանս հավատարիմ:

Մնացածը տասներորդական է: 

Սեփական տեսակետ ունեցողներին ժողովուրդը, հավաքականությունները դժվար են հանդուրժում: Հետո ժամանակը պարզում է ջրերը. հեռացողները, երբեմն, վերադառնում են, հեռացնողները, երբեմն, մոռացվում:

Երբեմն:

Բայց սա էլ է տասներորդական:

Գլխավորը՝ կոնկրետ իրավիճակում, կոնկրետ պահին, ով՝ ինչ է անում:

Ասված է՝ արա՛ ինչ որ ճիշտ է, թող լինի՝ ինչ լինելու է:

Այսքանը՝ ինձ Դաշնակցությունից հեռացնելու ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի որոշման վերաբերյալ:

—-

Մայիսի 1-ին Ազգային ժողովում վարչապետի ընտրության ժամանակ Աղվան Վարդանյանը, հակառակ ՀՅԴ խմբակցության որոշմանը, կողմ չէր քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը, «քննելով ընկեր Աղվան Վարդանյանի կարգապահական հարցը, որոշել է նրան հեռացնել ՀՅԴ շարքերից»: