Բոլթոնը հասկացրեց, որ ղարաբաղյան բանակցային գործընթացն իր համար առաջնահերթ չէ․ Էմիլ Սանամյան

1025

Հարավային Կովկասի հարցերով մասնագիտացած լրագրող-փորձագետ Էմիլ Սանամյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում մեկնաբանում է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը Հայաստան և նրա հայտարարությունները։ Սանամյանի խոսքով՝ այցի ընթացքում Բոլթոնը փորձեց շոշափել կովկասյան երկրների դիրքորոշումները, որքանով կարող են օգտակար լինել Իրանի մեկուսացման տեսանկյունից։

– Ինչպե՞ս եք գնահատում ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը տարածաշրջան, ի՞նչ կարևոր ուղերձներ հնչեցին։

– Ինչպես իր հարցազրույցում պարզաբանել է ինքը՝ Բոլթոնը, հարավկովկասյան հանրապետություններ իր այցի նպատակը ոչ թե բուն այդ երկրներն են, այլ նրանց փոխհարաբերությունները Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի հետ։ Բոլթոնը հայտնի է որպես խիստ արտաքին քաղաքականության կողմնակից, հատկապես Իրանի հարցում։ Այցի ընթացքում Բոլթոնը փորձեց շոշափել կովկասյան երկրների դիրքորոշումները, որքանով կարող են օգտակար լինել Իրանի մեկուսացման տեսանկյունից։

– Բոլթոնը մեկնաբանեց նաև Հայաստանին ու Ադրբեջանին զենքի հնարավոր վաճառքը։ Ինչպե՞ս դա կարող է ազդել տարածաշրջանային իրադրության, բանակցային գործընթացի վրա։

– Բոլթոնը հստակեցրեց, որ զենքի վաճառքի հարցը դիտարկում է որպես ԱՄՆ ազդեցության ընդլայնման և Ռուսաստանի ազդեցության կրճատման միջոց։ Դեռ հայտնի չէ՝ ինչպես դա կարող է անդրադառնալ ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցային գործընթացի վրա, սակայն Բոլթոնը հասկացրեց, որ ղարաբաղյան բանակցային գործընթացն իր համար առաջնահերթ չէ։

– Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ Բոլթոնը բազմիցս հայտարարեց այն մասին, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանը կարող է ուժեղ մանդատ ստանալ, ինչը նրան թույլ կտա վճռական քայլերի գնալ։ Ի՞նչ եք կարծում՝ ինչ նկատի ուներ ԱՄՆ նախագահի խորհրդականը։

– Կարծում եմ՝ Բոլթոնը պարզապես փաստեր արձանագրեց՝ մեծ հավանականությամբ Փաշինյանն ընտրություններում խոշոր հաղթանակ կտանի։ Հնարավոր է՝ նա հույս ունի, որ ստանալով այդ մանդատը՝ Փաշինյանը պատրաստ կլինի գնալ ինչ-ինչ ամերիկամետ քայլերի, ինչպիսիք են, օրինակ, Իրանի հետ հարաբերությունների սահմանափակումը կամ Ռուսաստանի ազդեցության կրճատումը։

– Վերջերս Հայաստանի կողմից որոշ տարածքային զիջումների մասին էր խոսել նաև Հայաստանում ԱՄՆ արդեն հեռացող դեսպան Ռիչարդ Միլզը։ Կարելի՞ է արդյոք խոսել ինչ-ինչ նոր գործընթացի մասին, որը նախաձեռնում է Վաշինգտոնը։

– Միլզի հայտարարությունը պարզապես ընդգծեց այն փաստը, որ Հայաստանում հանրային տրամադրությունները զգալիորեն տարբերվում են ղարաբաղյան բանակցային գործընթացում քննարկվող գաղափարներից, այսպես ասած Մադրիդյան սկզբունքներից՝ ինչպես հին, այնպես էլ նորացված։ Ես դրանում Վաշինգտոնի կողմից որևէ նոր նախաձեռնություն չեմ տեսնում։ Դա պարզապես փաստի անկեղծ արձանագրում էր՝ մոտեցումները, որոնց պաշտոնապես աջակցում են ԱՄՆ-ն ու մյուս միջնորդները, անընդունելի են Հայաստանի քաղաքացիների մեծամասնության համար։

– Բոլթոնի այցի օրակարգում նաև Իրանի հարցն էր։ Ի՞նչ առաջարկներ կարող էին հնչեցված լինել Երևանում, և ինչպե՞ս եք տեսնում Հայաստանի դիրքորոշումը տվյալ հարցով։

– Դա Բոլթոնի համար գերակա հարց էր։ ԱՄՆ-ում ընդհանուր առմամբ ստեղծվել է կարծիք, որ Իրաքում Սադդամ Հուսեյնի վարչակարգի տապալման և Սիրիայում ու Եմենում պատերազմների արդյունքում Իրանին հաջողվել է ընդլայնել ազդեցությունը Մերձավոր Արևելքում։ ԱՄՆ-ի առաջնահերթ խնդիրն է կրճատել այդ ազդեցությունը կամ առնվազն սահմանափակել։ Դրա համար օգտագործվում են Իրանի վրա ճնշման տարբեր մեթոդներ։ Հայաստանի համար Իրանը շատ կարևոր հարևան է, սակայն, ինչպես հայտնի է, նրա համար չափազանց կարևոր են հարաբերություններն ԱՄՆ-ի հետ։ Կարծում եմ՝ Հայաստանի ղեկավարությունը փորձելու է շարունակել հավասարակշռություն պահել երկու այդ հակառակորդների միջև, ինչպես Ռուսաստանի և Արևմուտքի դեպքում է արվում։

Զրուցեց Ստելլա Մեհրաբեկյանը

ՍիվիլՆեթ

Կարդացե՛ք

Հայաստանի համար դրսի ճնշող ազդեցությունը կրճատելու ամենահստակ ճանապարհը ԼՂ հարցի լուծումն է․ Բոլթոն