ՀՅԴ-ն կողմ է նոր Ընտրական օրենսգրքին, դեմ է դեկտեմբերին արտահերթ անցկացնելուն․ Ռուստամյան

547

Այն, ինչ պարտադրանքով փորձ է արվում իրականացնել, մեր համար անընդունելի է, իսկ դեկտեմբերին ընտրությունների անցկացումը, ըստ էության, պարտադրանք է. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններին և այդ նպատակով ԱԺ արտահերթ նիստում քննարկվող ԸՕ բարեփոխումների նախագծին։

«Մենք ենք ստեղծել այս ֆորսմաժորը։ Ստեղծել ենք ճգնաժամ, ուզում ենք հաղթահարել։ Այս ճգնաժամը ստեղծվել է այն պարզ պատճառով, որ դրվել է պարտադրանք` ընտրություններն անցկացնել դեկտեմբերին։ Ամեն ինչ հարմարեցվում է դեկտեմբերին: Չենք հասցնում` ընտրական մասնագիտացված հանձնաժողովներն ուսուցումով ձևավորվեն, անգամ այդ պահանջն է հանվել, քանի որ դեկտեմբերը դրված է որպես գլխավոր հարց: Մենք ի՞նչ որակի ընտրություն ենք ուզում անցկացնել, սա է խնդիրը»,- ասաց պատգամավորը:

Ռուստամյանն ասաց, որ իրենք դեմ են հատուկ ռեժիմին, սակայն եթե քվեարկության դրվի ԸՕ-ն, իրենք կողմ կքվեարկեն: Նա անընդունելի համարեց, որ ոստիկանությանը ընտրությունները վերահսկելու դեր է վերապահվում, սակայն այդ կառույցը ենթարկվում է մի քաղաքական ուժի ներկայացուցիչներին:

Պատգամավորը նաև չբացառեց, որ այս ԸՕ-ն չի ընդունվի:

Հարցին` ՀՀԿ-ն ասաց, որ կողմ չի քվեարկի, սա սաբոտա՞ժ է, Ռուստամյանը պատասխանեց. «Ի՞նչ է նշանակում սաբոտաժ, նրանք իրենց տեսակետն են հայտնում: Մենք ասում ենք` ճիշտ է ԸՕ փոխելը, բայց այս ԸՕ-ն փոխելուց հետո էլ պետք է ժամանակ հատկացնե,լ որպեսզի քաղաքական ուժերը պատրաստվեն: Մրցակցային պայմաններն են խախտվելու, և սրանով իսկապես ական է դրվելու այս ընտրությունների տակ: Սա ձեռնտու չէ այն իշխանությանը, որն այսօր ունի վստահություն, որ ինքը, միևնույն է, մեծամասնություն է ունենալու, ինչի՞ է պետք այդ ականապատ դաշտով այդ մեծամասնությունը ստանալը, ես չեմ հասկանում»:

Ռուստամյանի խոսքով` դեկտեմբերը հանգեցնում է նրան, որ երկու ճանապարհն էլ նորմալ ընտրություն անցկացնելու ճանապարհ չեն մեզ համար: «Առաջին` չի ընդունվում և մնում է նույնը, որը վատ է, երկրորդ` ընդունվում է, սակայն կարճ ժամանակահատված է հատկացվում, և քաղաքական ուժերը չեն հասցնում պատրաստվել, վերադասավորվել»,- ասաց նա:

Պատգամավորը հայտնեց, որ ՀՅԴ-ն մասնակցելու է արտահերթ ընտրություններին: «Կողմ ենք լույսին, դեմ ենք խավարին, և’ կողմ ենք, և’ դեմ ենք: Անխուսափելի իրավիճակ է, ու մենք երկրից չենք թողնելու գնանք, ընտրություններն այս ձևով են անում, այս ձևով կմասնակցենք»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է կոնսենսուսին, որ Վենետիկի հանձնաժողովն ասել է, Ռուստամյանն ասաց, «Վենետիկի հանձնաժողովի նախագահն է ասել, որ իրենք իրենց տեսակետը պահպանել են և կրկին գնդակը գցել քաղաքական ուժերի դաշտ»: Նա հավելեց, որ եթե դեկտեմբերի մասին է խոսքը, կոնսենսուս չկա, իսկ եթե` ԸՕ-ի, ապա կոնսենսուս կա:

Աղբյուրը՝ Yerkir.am