Իրեն հարգող որևէ քաղաքական ուժ չի կարող ընդունել պարտադրանքը, վերջնագիրը. Ռուստամյան

785

Շատ պարզ պատճառով չմիացանք ստորագրահավաքին. նախ, համահեղինակ հանդես չենք գալիս նախագծին, իսկ եթե համարում ենք, որ իրավիճակ է փոխվել և պետք է նաև մասնակցությամբ լինի այս նախաձեռնությունը, ուրեմն պետք է նաև ընդունել մեր առաջարկները: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝անդրադառնալով հարցին՝ ինչո՞ւ որոշեցին չմիանալ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների համար արտահերթ նիստ հրավիրելու ստորագրահավաքին:

«Մենք երեք առաջարկ ենք ներկայացրել, որոնք համաձայնեցված են եղել բոլորի հետ, սակայն այդ առաջարկությունները չեն ընդունվել: Շատ հստակ ենք ասել՝ առաջինը. բաց համամասնական ընտրակարգ և այս պարագայում չգնալ ավելի ժողովրդավարական ընտրակարգով ընտրության, մեզ համար անհասկանալի է: Բոլոր բերվող պատճառաբանությունները անհիմն են, անտրամաբանական, միայն վերաբերում են ժամկետներին, տեխնիկական ինչ-որ խնդիրների, որոնք, բնականաբար, չեն կարող ավելի գլխավոր լինել, քան այն արժեքը, որը ամբողջ աշխարհն ընդունում է, որ բաց ցանկերով համամասնական ընտրությունը ժողովրդավարական է:

Այսինքն՝ մարդն ընտրում է ոչ միայն ցուցակը, այլ նախապատվություն է տալիս, թե այդ ցուցակից կոնկրետ ով պետք է մանդատ ստանա»,-նշեց Արմեն Ռուստամյանը:

Մյուս առաջարկն այն է, որ առավելագույն շեմը, որ որևէ կուսակցություն չի կարող 2/3-ից ավելի մանդատ ունենալ, 3/5 դարձնել, որ մեկ քաղաքական ուժ չկարողանա միանձնյա Սահմանադրություն փոխել, գոնե մեկ քաղաքական ուժի հետ համաձայնեցնի:

Արմեն Ռուստամյանն ասաց, որ հիմա ասում են՝ «սուպերվարչապետական» համակարգ, հետո կարող են փոխել դարձնել «սուպերնախագահական», և հայտնվենք նույն մղձավանջի մեջ:

ՀՅԴ երրորդ առաջարկությունն էլ վերաբերում է ընտրակեղծիքների ծավալն արձանագրելու գործիքի ստեղծմանը:

«Երբ ընտրությունն ավարտվում է, բողոքարկող կողմն ասում է՝ կան կեղծիքներ, միշտ պատասխանը լինում է սա, որ եղել են կեղծիքներ, դրանք չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա: Մենք էլ առաջարկում ենք եղանակ, որ արձանագրվեր ոչ միայն կեղծիքները, այլև կեղծիքների ծավալը, ու դա հնարավորություն կտա դատարանում փաստարկված վիճարկել ընտրությունների արդյունքները: Որպեսզի սրան վերջ դրվի, մեխանիզմ ենք առաջարկել, որը բոլորի կողմից ընդունելի է եղել, բայց չի ընդունվել»,-նշեց նա:

Արմեն Ռուստամյանն ասաց, որ ինչպես երեկ մասնակցել են ԸՕ փոփոխությունների քվեարկությանը և կողմ են քվեարկել, այնպես էլ երկուշաբթի կգան և կքվեարկեն կողմ, բայց համահեղինակ հանդես չեն գա:

«Ոչ ոք չի կարող ծրագրերն առանց մեզ հետ քննարկելու ստիպել, որ մենք մաս կազմենք դրան, Դաշնակցությունն այդ կուսակցությունը չէ, պիտի սովորեն աշխատել Դաշնակցության հետ: Եթե մենք մի բանի մշակման մեջ մասնակից չենք, ուրեմն չենք էլ միանում»,-ընդգծեց նա:

Անդրադառնալով ԸՕ-ում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծին՝ երեկ ՀՀԿ պատգամավորների չքվեարկելուն, Արմեն Ռուստամյանն ասաց, որ դա այդ քաղաքական ուժի որոշելիքն է, բայց կարծում է, որ երկու հիմնական խնդիր կա, որը պետք է նկատի ունենալ, հեշտ ու հանգիստ չպետք է ասել, թե սաբոտաժ է եղել, այս ամենը եղավ նաև դեկտեմբերին ընտրություններ անցկացնելու անսպասելի որոշման պատճառով, պետք էր ժամանակ հատկացնել համախոհություն ձևավորել:

«Եթե պարտադրանքով՝ «ինչ ուզենամ՝ կանեմով» է, և դուք պարտավոր եք համակերպվել մեր բերած ընթացակարգին, իրեն հարգող որևէ քաղաքական ուժ չի կարող ընդունել պարտադրանքը, վերջնագիրը»,-նկատեց նա:

Աղբյուրը՝ www.arfd

Արխիվային լուսանկար