ՀՅԴ-ն որոշել է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին

774

Մամլո հաղորդագրություն

Հոկտեմբերի 19-21-ին կայացել է ՀՅԴ Հայաստանի 22-րդ արտահերթ Գերագույն Ժողովը, առաջիկա ՀՅԴ Ընդհանուր Ժողովի օրակարգի քննարկման նպատակով։ Ի շարս քաղաքական, կազմակերպական եւ այլ օրակարգերի, Ժողովն անդրադարձել է առաջիկա համապետական արտահերթ ընտրությունների հարցին։ Համակողմանի քննարկումների արդյունքում ժողովն որոշել է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Քննարկման ավարտին, ՀՅԴ Հայաստանի 22-րդ արտահերթ Գերագույն Ժողովը միաձայնությամբ ընդունել է ՀՀ ԱԺ արտահեթ ընտրություններին մասնակցելու հարցով առանձին հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորև:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ 22-ՐԴ ԱՐՏԱՀԵՐԹ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԺՈՂՈՎԻ

ՀՅԴ Հայաստանի 22-րդ արտահերթ Գերագույն Ժողովը՝

– արժեւորելով նախընթաց (2015-2018) ժամանակահատվածում կուսակցության գործունեությունը, քննելով ներքաղաքական վիճակը, առկա մարտահրավերներն ու հնարավոր զարգացումները,

– կարեւորելով քաղաքական ուժերի միջեւ գաղափարական, ծրագրային հենքի վրա փոխադարձ հարգանքի հանդուրժողականության մթնոլոտում քաղաքական պայքարը,

– իբրեւ ազգային, սոցիալիստական, ժողովրդավարական կուսակցություն, նպատակ ունենալով կյանքի կոչել ՀՅԴ արժեհամարկարգից բխող գաղափարական, ծրագրային առաջադրանքները,

– արձանագրելով իր հավատարմությունը ազգային ուղեգծին, Արցախի հանրապետության եւ արցախահայության իրավունքների ամբողջական պաշտպանության, երկրում սոցիալական ու տնտեսական արդարության հաստատման համար պայքարին,

որոշում է մասնակցել Խորհրդարանական արտահերթ ընտրություններին:

Միաժամանակ, Ժողովը՝

– արձանագրում է, որ անընդունելի է ընթացիկ դեկտեմբերին՝ առանց օրենսդրական լիարժեք փոփոխությունների, շտապողական արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը,
– իր մտահոգությունն է հայտնում կառավարության գործունեության ծրագրում ամրագրված ազատ, արդար, թափանցիկ եւ մրցակցային ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ երաշխիքների ոչ լիարժեք ապահովման կապակցությամբ,
– փաստում է, որ անցյալի ոչ ցանկալի իրողությունների եւ երեւույթների մերժումն ինքնին չի ենթադրում երաշխավորված ապագա:

Դաշնակցությունը, որպես ընդդիմություն, անկախ ընտրությունների արդյունքներից, մշտապես հանդես է գալու իր սկզբունքային դիրքորոշումներով, հետեւողական եւ վճռական քայլերով։

21, հոկտեմբեր, 2018 թ.

Աղվերան