Նիկոլ Փաշինյանի կառավարության 5 ամենալուրջ սխալները. Վարդան Հարությունյան

1404

Փաշինյանը հրաժարական տվեց եւ մենք, փաստորեն, արդեն նախկին կառավարություն ունենք:

Որոշեցի թվարկել նախկին կառավարության ամենալուրջ սխալները։ Իմ կարծիքով, իհարկե։ Հույս ունեմ, որ ապագա կառավարությունը դրանք չի կրկնի ու շտկել կփորձի։

1․ Դատախազությանը եւ Արդարադատության նախարարությանը համապատասխան հանձնարարություն իջեցնելու ճանապարհով քաղբանտարկյալներին հապշտապ ազատ չարձակելը եւ նրանց արդարացման գործընթաց չսկսելը։ Բանտարկյալի ռեժիմի փոփոխությունը չի կարող որպես ազատ արձակում դիտարկվել։

2․ Մարտի 1-ի գործի տարօրինակ ընթացքը․ բացահայտման մասին հայտարարությունները, առաջին դեմքերին մեղադրանք առաջադրելու ու կալանավորելու փորձերն ու այդ փորձերի ձախողումը։ Իսկ ինչու՞ չէր կարելի սկսել ներքեւներից ու հանգիստ, անշտապ ու հիմնավորված վերեւ բարձրանալ, եթե նպատակն, իհարկե, տեսարաններ ցուցադրելը չէր։ Հուսանք, որ նման նպատակ չի եղել եւ խաբուսիկ են տպավորությունները։

3․ ՊՆ մասնագետներ Սիրիա գործուղելը։ Պարզ է, սա Պուտինի պահանջն է եղել կամ՝ ինչն ավելի վատ է, Պուտինին սիրաշահելու քայլ։ Այս քայլի բացասական արձագանքը դեռ երկար է մեր ականջում հնչելու։ Ռուսաստանի հետ հարաբերությունները բացառիկ են ու անչափ նուրբ, բայց տպավորություն է, թե ամեն այցից հետո հայ-ռուսական հարաբերությունները «նոր աննախադեպ մակարդակի» բարձրացնելու մասին հայտարարություններ անելով մերժված իշխանությունների հետ ենք մրցում ու Սիրիա ենք հասնում։ Մեզ աննախադեպ մակարդակներ պետք չեն, մեզ շահավետ /մեզ համար շահավետ/ համագործակցություն է պետք։ Իսկ Պուտինը հաջորդ քայլերն է պահանջելու։

4․ Կաբզոնի մահվան կապակցությամբ Պուտինին ցավակցական հեռագիր հղելը։ Ո՞վ էր Կաբզոնը, որի մահն այդքան ծանր տարանք։ Քրեական պատմությունների մեջ թաթախված, բոլոր տեսակի ու որակի իշխանություններին քծնած ու ծառայած անսկզբունք մի գործիչ։ Եւ այս ֆոնին ԱՄՆ ամենաազդեցիկ սենատորներից մեկի, հայերիս աջակցություն ցուցաբերած, իր սկզբունքային դիրքորոշմամբ աչքի ընկած Մաքքեյնի մահը լռության մատնվեց եւ ԱՄՆ ցավակցական հեռագիր չհղվեց։

5․ Մերժված իշխանության առանցքային կադրերով նոր Հայաստան կառուցելու փորձերը եւ դրանք արդարացնելու միամիտ բացատրությունները։ Այս փորձերն, անկասկած, ձախողվելու են։ Դրանք հեղափոխություն իրականացրած ժողովրդին ուղղված վիրավորանք են։

Վարդան Հարությունյան

Աղբյուրը՝ հեղինակի ֆեյսբուքի էջ