Հայաստանը Արցախին կապող նոր՝ երրորդ մայրուղին է կառուցվելու

3516

Հայաստանը Արցախին կապող նոր՝ երրորդ մայրուղին է կառուցվելու. այս մասին ասել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը՝ հոկտեմբերի 15-ին լիբանանահայ գործարարների հետ հանդիպմանը։

Ավելի քան 200 սփյուռքահայ (հիմնականում՝ լիբանանահայ և Լիբանանից հեռացած) գործարարներից կազմված ԱՐԻ՝ «Արցախ ռութս ինվեսթմենթ» (Artsakh Roots Investment) ներդրումային ընկերության բաժնետերերի խումբը՝ շուրջ 25 հոգի, հերթական այցով, հոկտեմբերի 13-ից 16-ը, ժամանել է Արցախ՝ տեղում ծանոթանալու նախորդ տարիների գործունեության արդյունքներին, հանդիպումներ ունենալու Արցախի իշխանությունների հետ և քննարկելու «Արցախ-2028» խորհրդաժողովի անցկացման մանրամասները:

ԱՐԻ-ի բաժնետերերի հետ հանդիպմանը Բակո Սահակյանը նշել է, որ առաջիկայում նախատեսվում է կառուցել Հայաստանն ու Արցախը միմյանց կապող երրորդ՝ հարավային մայրուղին՝ Արաքսի ափամերձ հատվածով:

Բակո Սահակյանը նշել է, որ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը ոչ միայն մեկ աստիճանով բարձրացրել է Արցախի անվտանգությունը, այլև իր հետ բերել է տնտեսական էֆեկտ, մասնավորապես՝ աճել է զբոսաշրջությունը, Թարթառ և Լև գետերի երկայնքով կառուցվել ու կառուցվում են սննդի, սպասարկման օբյեկտներ, հիդրոէլեկտրակայաններ:

Արցախյան պատերազմի ավարտից հետո Հայաստան համահայկական հիմնադրամը սկսեց կառուցել Գորիս-Ստեփանակերտ մայրուղին: Վերջերս ավարտվեց և շահագործման հանձնվեց Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը:

Թաթուլ Հակոբյան, Արցախ

Լուսանկարում՝ Արաքս գետը Արցախ-Իրան հատվածում և Խոդաֆարինի միջնադարյան կամուրջը

Կարդացեք նաև՝

Լիբանանը Արցախի կյանքում հատուկ տեղ ունի

ԱՐԻ․ վերաբնակեցնելով Քաշաթաղն ու Քարվաճառը

Քարվաճառում կկառուցվի Սիդնեյ անունով թաղամաս