Լիբանանը Արցախի կյանքում հատուկ տեղ ունի

1144

Ավելի քան 200 սփյուռքահայ (հիմնականում՝ լիբանանահայ և Լիբանանից հեռացած) գործարարներից կազմված ԱՐԻ՝ «Արցախ ռութս ինվեսթմենթ» (Artsakh Roots Investment) ներդրումային ընկերության բաժնետերերի խումբը՝ շուրջ 25 հոգի, հերթական այցով, հոկտեմբերի 13-ից 16-ը, ժամանել է Արցախ՝ տեղում ծանոթանալու նախորդ տարիների գործունեության արդյունքներին, հանդիպումներ ունենալու Արցախի իշխանությունների հետ և քննարկելու «Արցախ-2028» խորհրդաժողովի անցկացման մանրամասները:

Քարվաճառում կառուցվելու է Սիդնեյ անունով ավան

ԱՐԻ ընկերությունը Աղավնո գետի ափին Արիավան անունով 50 նորակառույց տներով գյուղ կառուցելուց հետո մտադիր է ևս 40-ը կառուցել, այս անգամ՝ Քարվաճառում: Քանի որ այս ծրագիրը իրականացվելու է ավստրալահայության ներդրումերով, առաջարկվում է թաղամասը անվանել Սիդնեյ, Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ հանդիպման ընթացքում ասացին ԱՐԻ-ի վարչության անդամները:

Մարտիրոսյանը կարևորեց ԱՐԻ-ի դերը Արցախի վերաբնակեցման քաղաքականությանն աջակցության հարցում՝ ընդգծելով գյուղատնտեսության և բնակարանաշինության ոլորտներում իրականացվող ծրագրերը: Քննարկման փուլում է նաև Արիավանում ևս 20 առանձնատներ կառուցելու նախագիծը:

ԱՐԻ ընկերության հոգաբարձուների խորհրդի անդամ Վահան Գասարջյանը ասաց, որ ընկերության ներդրումներից օգտվել է մոտ 5000 ընտանիք Քաշաթաղի և Քարվաճառի շրջաններում: Նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպման ընթացքում նշվեց, որ վերջին տարիներին ավելացել է այդ երկու շրջաններում բնակչության թիվը և այդ գործում կարևոր է եղել ԱՐԻ-ի գործունեությունը:

Վերջին տարիներին Արցախում, այդ թվում՝ Քաշաթաղի շրջանում, գյուղատնտեսությունը զարգացում է ապրել և ինչպես նշեց Բակո Սահակյանը, այդ գործում է կարևոր է եղել ԱՐԻ-ի գործունեությունը:

Արցախի նախագահը նշեց, որ հատկապես Լիբանանի հայությունը Արցախի կյանքում հատուկ տեղ ունի՝ սկսած ղարաբաղյան շարժումից, պատերազմական տարիներից: Նա ընդգծեց, որ Սփյուռքը պետք է զգացականից, բարեգործականից բացի Արցախի հանդեպ ունենա բիզնես՝ գործարար մոտեցում և պետք է հաղթահարել հոգեբանական այն խոչընդոտը, որ սփյուռքահայության համար Արցախում փող աշխատելը անընդունելի բան է:

Որպես օրինակելի մոդել նա նշեց ԱՐԻ-ի գործունեությունը, որից շահում է գյուղացին, ով կարողանում է առանց գրավի, շատ ցածր տոկոսադրույքով վարկ ստանալ, շահում է պետությունը, քանի որ չճանաչված լինելու պատճառով միջազգային ֆինանսական կառույցները միջոցներ չեն տրամադրում Արցախին, և շահում է սփյուռքահայ գործարարը:

Արցախի բնակչությունը անցնում է 150 հազարից

Բակո Սահակյանի և ԱՐԻ-ի բաժնետերերի հանդիպման ընթացքում քննարկվեց Արցախի ժողովրդագրության հարցը: Սահակյանը նշեց, որ վերջին 10 տարիներին Արցախի բնակչությունը 138 հազարից հասել է 150 հազարի՝ ավելանալով 12 հազարով:

«12 հազարը համեստ թիվ է, և այս տեմպերով Արցախը չի կարող դիմագրավել մարտահրավերներին», ասաց Սահակյանը և որպես համեմատություն բերեց Լիբանանի և Արցախի օրինակները: Լիբանանն ունի 10 հազար քառակուսի կիլոմետր տարածք և ավելի քան 5 միլիոն բնակչություն, Արցախն ունի 12 հազար քառակուսի կիլոմետր և ընդամենը՝ 150 հազար:

Հատկապես քիչ է բնակեցված Քաշաթաղի շրջանը՝ 1 քառակուսի կիլոմետրի վրա՝ 1 մարդ:

Հայաստանը Արցախին կապող նոր՝ երրորդ մայրուղին է կառուցվելու

Արցախյան պատերազմի ավարտից հետո Հայաստան համահայկական հիմնադրամը սկսեց կառուցել Գորիս-Ստեփանակերտ մայրուղին: Վերջերս ավարտվեց և շահագործման հանձնվեց Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը: Առաջիկայում նախագծվում է կառուցել Հայաստանն ու Արցախը միմյանց կապող երրորդ՝ հարավային մայրուղին՝ Արաքսի ափամերձ հատվածով:

Բակո Սահակյանը նշեց, որ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը ոչ միայն մեկ աստիճանով բարձրացրել է Արցախի անվտանգությունը, այլ իր հետ բերել է տնտեսական էֆեկտ, մասնավորապես՝ աճել է զբոսաշրջությունը, Թարթառ և Լև գետերի երկայնքով կառուցվել ու կառուցվում են սնունդի, սպասարկման օբյեկտներ, հիդրոէլեկտրակայաններ:

Ընդհանուր առմամբ, վերջին տարիներին Արցախում կառուցվել է 18 ՀԷԿ, այս տարի շահագործման կհանձվեն ևս երկուսը, արդյունքում՝ Արցախը էներգետիկ առումով դառնում է ինքնաբավ:

Արցախի նախագահը կարևորեց Քարվաճառում և Քաշաթաղում բնակչության թվի ավելացումը, հետևաբար՝ բնակարանաշինությունը: Նրա խոսքերով, բնակարանների պակասը լուրջ խնդիր է ամբողջ Արցախում: Մասնավորապես, հարյուրավոր զինվորականներ, ովքեր պետք է արդեն բնակարան ստացած լինեին, շարունակում են մնալ երկար հերթերում:

«Արցախ-2028» խորհրդաժողովը՝ օրակարգում

Բակո Սահակյանի և պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ հանդիպումների ընթացքում ԱՐԻ-ի բաժնետերերը կարևորեցին «Արցախ-2028» խորհրդաժողովի անցկացման անհրաժեշտությունը: Այդ խորհրդաժողովը, որ պետք է անցկացվեր այս աշնանը, ինչպես նախապես պայմանավորվածություն էր ձեռք բերվել մարտ ամսին՝ Բակո Սահակյանի Բեյրութ այցելության ընթացքում, պետք է կազմի ճանապարհային քարտեզ ԱՐԻ-ի և Արցախի պետության համագործակցության առաջիկա 10 տարիների համար:

Թաթուլ Հակոբյան

Արցախ