Միայնակ Գայլը. In Memoriam

9945

Այսօր կեսգիշերին մահացել է Արցախյան ազատամարտի պայծառ դեմքերից Արայիկ Խանդոյանը՝ Միայնակ Գայլը:

Նա Արցախյան ազատամարտի Միայնակ Գայլն էր, քանի որ ամենադժվար առաջադրանքները միայնակ էր կատարում:

Նրա այս լուսանկարը, որ դարձավ Արցախյան ազատամարտի հաղթական խորհրդանիշներից մեկը և տարածվեց հայաստանյան, սփյուռքյան ու արտասահմանյան բազմաթիվ լրատվամիջոցներով, արվել է 1992-ի մայիսի 18-ին:

Այդ օրը նա և ընկերները ճեղքել էին Լաչինի միջանցքը և ցամաքային՝ մարդասիրական կապ հաստատել Հայաստանի և Արցախի միջև:

Խանդոյան հինգ եղբայրներից չորսը՝ Արայիկը, Արարատը, Արթուրը և Հունանը, մասնակցել են ազատամարտին (միայն Արմենը չի մասնակցել, քանի որ հաճախ էր հիվանդանում), նրանցից Հունանը զոհվել է պատերազմից հետո՝ Օմարի լեռներում:

Խանդոյան եղբայրները պատերազմի ողջ ընթացքում Արցախի առաջնագծում էին՝ ամենաթեժ կետերում, և բոլոր եղբայրները կռվում էին տարբեր ճակատներում: Նրանք մի քանի անգամ ծանր վիրավորվել են:

Վերջին անգամ Արցախում ծանր վիրավորվելուց հետո Միայնակ Գայլը ձեռնահենակներով էր մինչև 2008-ը: Այդ թվականին նա հրաժեշտ տվեց ձեռնահենակներին, սակայն այդպես էլ չապաքինվեց Արցախյան ազատամարտի վերքերից:

«Արցախն իմ ամեն ինչն է, Արցախն իմ էությունն է, Արցախով ապրում և շնչում եմ»,- մի հարցազրույցում ասել է նա:

2015 թվականի մարտին Խանդոյանը հրաժարվեց մարտական պարգևներից: Նույն տարվա հունվարի 31-ին «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության շուրջ 150 անդամների և նրանց ընտանիքի անդամների հետ Միայնակ Գայլը մեկնում էր Արցախ:

Բերձորի հատվածում՝ Լաչին, որի ազատագրմանը մասնակցել էր անձամբ, Արցախի հատուկ ջոկատայինները դաժան ծեծի ենթարկեցին նրան և ընկերներին:

Միայնակ Գայլը լայն հանրությանը ավելի հայտնի դարձավ «Սասնա ծռեր» խմբավորման գործողությունից հետո: 2016 թվականի հուլիսի 17-ի առավոտյան զինյալ խմբի անդամները գրավեցին ՊՊԾ գունդը: Նրանք պահանջեցին Սերժ Սարգսյանի հրաժարականը, քաղբանտարկյալների ազատ արձակումը:

Մի քանի շաբաթվա դրամատիկ իրադարձություններից հետո «Սասնա ծռերը» վայր դրեցին զենքերը:

Խանդոյանը բանտում պահվում էր անմարդկային պայմաններում: Նրա պաշտպանը հայտարարեց, որ Խանդոյանը դաժան ծեծի ու խոշտանգումների է ենթարկվել անենաանմարդկային ձևով՝ 15 շնչող արարած՝ ոստիկաններ, հերթով մտել են խուց և հերթով ծեծել: Քանի որ խուցը փոքր է եղել, հերթ են կանգնել և հերթով են ծեծել: Բանտում գտնվելու ընթացքում Խանդոյանը հացադուլ հայտարարեց:

Պաշտպանը հայտարարեց, որ  Խանդոյանն  առնվազն ուղեղի ցնցում ունի, շատ ցավեր ունի գլխի, երիկամների շրջանում, ոտքերին վնասվածքներ կան:

ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Արայիկ Խանդոյանը կալանքից ազատ արձակվեց 2018-ի օգոստոսի 17-ին՝ պատգամավորների միջնորդությամբ: Բանտից նա ուղևորվեց Հանրապետության հրապարակ, որտեղ այդ օրը ավելի քան 100 հազար մարդու առաջ ելույթ էր ունենում Նիկոլ Փաշինյանը:

Արայիկ Խանդոյանը 47 տարեկան էր՝ հինգ զավակների հայր:

Թաթուլ Հակոբյան

ՍիվիլՆեթ