Սերժ Սարգսյանի թիմակից Գևորգ Կոստանյանը այսօրվանից աջակցում է Նիկոլ Փաշինյանին

1275

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը «Ազատության» հետ զրույցում ասել է, թե ամբողջությամբ աջակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը քաղաքական անհրաժեշտություն է։

Խորհրդարանի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը նշել է, որ ցանկացած ողջամիտ մարդ այսօր պարտավոր է աջակցել Փաշինյանին․ «Ազնիվ է իր նպատակների մեջ, ազնիվ է իր ցանկությունների մեջ: Ինձ համար սա չափազանց կարևոր նշանակություն ունի․․․ Եվ ազնիվ է իր քաղաքական ուղղվածություն մեջ, որը ինձ համար ընդունելի է անձնապես»:

Կոստանյանը, հակառակ խմբակցության այլ պատգամավորների, նաև պնդել է, որ Նիկոլ Փաշինյանն այսօր ոչ թե հրապարակի, այլ Հայաստանի լայն զանգվածների նախընտրելի առաջնորդն է։

Նրա հրաժարականից հետո այլ թեկնածու առաջադրելը, ըստ Կոստանյանի, կլինի «արհեստածին ու վտանգներով լի»․ «Եթե կա որևէ այլ անձ, որը ունի հանրային կոնսոլիդացիայի նման մակարդակ, ուրեմն հրաշալի մրցակցություն կլինի: Բայց ես դեռ չեմ տեսնում: Կարող է քսան օրից լինի, կարող է մեկ ամսից լինի: Նստենք, քննարկենք, որոշենք: Բայց ես էս պահին տեսնում եմ, որ չկա»:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցում նախկինում բազմիցս դեմ արտահայտված Հանրապետական խմբակցության պատգամավորն այսօր էլ նշում է, որ դրա իրավական անհրաժեշտությունը այժմ էլ չկա, սակայն, ըստ նրա, առավել կարևոր է խորհրդարանն ազատ արձակելու ներկայիս քաղաքական պահանջը։

Գևորգ Կոստանյանի խոսքով, ՀՀԿ խմբակցությունում իր տեսակետը կիսող բազմաթիվ պատգամավորներ կան: Նա ասել է, որ պատրաստ է վայր դնել պատգամավորական մանդատը: