Սուրմալուի շրջանը Երևանի խանության օրոք. Արարատի հետ այն կորցրեցինք 1920-21թթ

6890

Հարյուրամյակների ընթացքում հայերը բազմաթիվ տարածքներ են կորցրել: Դրանց մեջ ամենից ցավալին, հավանաբար, Իգդիր/Սուրմալուի կորուստն էր, որ տեղի ունեցավ 1920-1921 թվականին՝ թուրք-բոլշևիկյան պայմանավորվածության արդյունքում: Այս շրջանի կորստով հայերը զրկվեցին նաև իրենց գլխավոր խորհրդանիշ Արարատ սարից և Արաքսի աջ ափի բարեբեր դաշտավայրից:

Եթե Կարսը, Արդահանը և Արևմտյան Հայաստանի նահանգները տասնամյակներ և հարյուրամյակներ եղել են Օսմանյան կայսրության կազմում, ապա Իգդիր/Սուրմալուն երբեք մաս չի կազմել: Ավելին, երբ 1920-ին թուրքերը հրապարակեցին Ազգային ուխտը, ապագա Թուրքիայի կազմում չէր նշվում Իգդիր/Սուրմալուն:

Երբ մինչև 1828-ը Արևելյան Հայաստանի տարածքները մաս էին կազմում Սեֆյան Պարսկաստանի, այսօրվա Իգդիր/Սուրմալուի տարածքը Երևանի խանության կազմում բաժանված էր երկու մահալի (շրջանի)` Սուրմալուի և Դարաքենդ-Փարչենիսի: Սուրմալուի վարչական կենտրոնը` Իգդիր, իսկ Դարաքենդ-Փարչենիսի վարչական կենտրոնը`Քյուլբ (Կողբ) բնակավայրն էր, ներկայում` Թուզլուջա, Արաքսի աջ ափին:

Համաձայն ռուս պատմաբան Իվան Շոպենի «Камеральное описание Армянской области» աշխատության, Սուրմալուի մահալում (շրջան) 1832-ին հայերի թիվը կազմում էր 7.575, իսկ մահմեդականների (պարսիկներ, քրդեր, թուրքեր և թուրքալեզու ցեղեր) թիվը՝ 4.832: Դարաքենդ-Փարչենիսի մահալում հայերի թիվը 1.123 էր, մահմեդականների թիվը՝ 3.264:

Սուրմալուի մահալը ուներ 49 գյուղ: Շրջանի կենտրոնը Իգդիր քաղաքն էր, որն ուներ 100 տոկոսով հայ բնակչություն՝ 624 հոգի: Քաղաքում չէր բնակվում որևէ այլազգի: Մահալի մաքուր հայաբնակ գյուղերից էր Ալիջանը, որն ուներ 255 հոգի հայ բնակչություն: Ալիջանը Արաքսի մյուս ափին է՝ Մարգարա գյուղի դիմաց: Հենց Ալիջան-Մարգարա հատվածում է գտնվում հայտնի կամուրջը, որը միմյանց միացնում է այսօրվա Թուրքիան և Հայաստանը: Այն փակվել է 1993-ի գարնանը: Սուրմալուի մահալի ամենամեծ բնակավայրը Արխուրի մաքուր հայաբնակ գյուղն էր, որն ուներ 1.358 հոգի: Մահալի մաքուր հայկական խոշոր գյուղերից էին Բլուրը (539 մարդ), Թաշբուրունը (426 հոգի), Եվջիլարը (420 հոգի), Գոլուջան (341 հոգի):

Դարաքենդ-Փարչենիսի մահալը ուներ 55 գյուղ: Շրջանի կենտրոնը Կողբ քաղաքն էր, որն ուներ 100 տոկոսով հայ բնակչություն՝ 1.118 հոգի: Կողբը հայտնի է իր աղի հանքերով: Այսօրվա նրա անունը՝ Թուզլուջա, ևս գալիս է աղ բառից (թուրքերենում աղին ասում են tuz):

Նկարում՝ Իգդիր քաղաքի համայնապատկերն այսօր