Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 28-ին Դուշանբեում մասնակցում է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:
Ըստ վարչապետի պաշտոնական կայքի, Տաջիկստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդիպումը այդ երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ:
Ինչպես փոխանցում են ռուսաստանյան լրատվամիջոցները, հղում անելով Կրեմլի խոսնակին, ԱՊՀ գագաթաժողովի շրջանակում կարճ հանդիպում է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև։
Պեսկովի խոսքով՝ ՀՀ վարչապետի հետ Պուտինը չի քննարկել Հայաստան իր այցի հեռանկարները. «քննարկվել են այլ՝ հրատապ, ընթացիկ հարցեր»։
ՀՀ կառավարությունը հանդիպման տեսանյութ է հրապարակել։
Երեկ Ռուսաստանի նախագահը կարճատև այցով Բաքվում էր։
Պուտինն այցելեց Բաքու
Սեպտեմբերի 27-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է Բաքու, որտեղ մասնակցել է ռուս-ադրբեջանական միջտարածաշրջանային 9-րդ ֆորումի աշխատանքին։ Վերջին հինգ տարիներին սա Պուտինի չորրորդ այցն է Ադրբեջան։
Ելույթ ունենալով ֆորումին՝ Պուտինը հայտարարել է. «Մենք դեռևս Սոչիում նշել ենք, որ հարաբերությունները դրական են զարգանում տնտեսությունում և այլ ոլորտներում»:
Կարճատև այցի ընթացքում Պուտինը թեյի սեղանի շուրջ առանձնազրույց է ունեցել ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիևի հետ, մամուլի համար հայտարարություններ չեն հնչել:
Բաքվում Ռուսաստանի ղեկավարը հայտարարել է, որ Մոսկվան բարձր է գնահատում Ադրբեջանում ռուսաց լեզվի նկատմամբ իշխանությունների և հանրության աջակցությունը։
Ադրբեջանի մայրաքաղաքում ՌԴ նախագահը ներկա է գտնվել նաև ձյուդոյի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին, որին, ի դեպ, Հայաստանը չի մասնակցում, քանի որ Ադրբեջանը անվտանգության երաշխիքներ չի տրամադրել Հայաստանի հավաքականին։