Երևանի խանության վարչական շրջանները

8128

Երևանի խանությունը, որ շուրջ 200 տարի Պարսկաստանի մաս էր կազմում, 1828-ին անցավ Ռուսաստանին: Խանության տարածքի մաս էին կազմում այսօրվա Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերը, ինչպես նաև այսօրվա Նախիջևանին պատկանող Շարուրի հատվածը, և այսօրվա Թուրքիայի մաս կազմող Իգդիրի շրջանը:

Խանության կենտրոնը Երևան քաղաքն էր 11.417 բնակչությամբ, որից 7.286-ը`մահմեդականներ, 3.937-ը` հայեր: Երևանի վերջին խանը Հոսեյն Ղոլի Խան Ղաջարն էր, որ կառավարեց երկու տասնամյակ` 1807-1827 թվականներին:

Խանությունը բաժանված էր 15 վարչական շրջանների`

  1. Քըրխ-Բուլաղ, վարչական կենտրոնը`Քանաքեռ,
  2. Զանգի-Բասար, վարչական կենտրոնը՝ Ուլուխանլու (այսօրվա Մասիս քաղաքը),
  3. Գառնի-Բասար, վարչական կենտրոնը`Ղամարլու (Արտաշատ),
  4. Վեդի-Բասար, վարչական կենտրոնը` Դավալու (Արարատ),
  5. Շարուր, վարչական կենտրոնը`Էնգիջա,
  6. Սուրմալու, վարչական կենտրոնը` Իգդիր,
  7. Դարաքենդ-Փարչենիս, վարչական կենտրոնը`Քյուլբ (Կողբ), ներկայում`Թուզլուջա Արաքսի աջ ափին, Թուրքիայի տարածքում,
  8. Սաադլու, վարչական կենտրոնը`Խեյրիբեգլու (Երվանդաշատ), Արաքսի ձախ ափին,
  9. Թալին, վարչական կենտրոնը՝ Մաստարա,
  10. Սեյիդլի-Ախսախլի, վարչական կենտրոնը`Ուշի,
  11. Սարդարապատ, վարչական կենտրոնը`Սարդարապատ,
  12. Կարբի-Բասար, վարչական կենտրոնը`Աշտարակ,
  13. Ապարան, վարչական կենտրոնը`Բաշ-Ապարան,
  14. Դարաչիչակ, վարչական կենտրոնը`Դարաչիչակ (այսօր՝ Ծաղկաձոր),
  15. Գյոկչայ, վարչական կենտրոնը՝ Գավառ (նախկինում` Նոր Բայազետ, Կամո):

Նշենք, որ 15 շրջաններում և Երևանում հայերը մեծամասնություն էին կազմում Քըրխ-Բուլաղում, Սուրմալույում, Թալինում, Սարդարապատում, Կարբի-Բասարում, Ապարանում, Դարաչիչակում և Գյոկչայում: Իսկ մինչ 1828-29 թվականների ներգաղթը հայերը Երևանի խանությունում մեծամասնություն էին կազմում Քըրխ-Բուլաղում, Սարդարապատում և Կարբի-Բասարում: Հայերի և մահմեդականների թիվը գրեթե հավասար էր Սուրմալույում և Թալինում:

Համաձայն ռուս պատմաբան Իվան Շոպենի «Камеральное описание Армянской области» աշխատության, 1832 թվականին Երևանի նախկին խանության ողջ տարածքում, որը արդեն կոչվում էր Հայկական մարզ (նրան էր կցվել նաև Նախիջևանի նախկին խանությունը և Գողթնից մի հատված), բնակչության ընդհանուր թիվը 115.106 էր, որից տեղացի հայերը`19.878, Պարսկաստանից և Արևմտյան Հայաստանից` Օսմանյան կայսրությունից 1828-29թթ. տեղափոխված հայերը` 45.207, մահմեդականները` 49.872:

Այսպիսով, 1832-ին նախկին Երևանի խանության տարածքում հայերի թիվը 65.085 էր, մահմեդականների թիվը` 49.872:

Հայաստանի մուսուլմանական բնակչությունը կազմված էր քրդերից՝ սունիի և շիա, թաթարներից՝ շիա, պարսիկներից՝ շիա, թուրքերից՝ սուննի:

Քարտեզը` Հայկական մարզը (1828-1840)