Վանո Սիրադեղյանը 1998թ. Հ1 հեռուստատեսությամբ “Մարդու ժամանակը” հաղորդաշարի ընթացքում խոսեց 1996թ. սեպտեմբերի 22-ի նախագահական ընտրությունների մասին.
“1996-ի ընտրությունները չարաբաստիկ ընտրություններ էին:
Ընտրություններից մեկ ամիս առաջ պարզ դարձավ, որ ընտրութունները ձախողվում են:
Այնպիսի տպավորություն էր նույնիսկ, որ հիմա, հետին թվով, իմ ընկերներից, որոնք իշխանության մեջ չեն եղել, ասում են, որ այդքան ապաշնորհ քարոզարշավը միայն մի դեպքում կարող էր լինել, եթե նախագահը չէր ուզում ընտրվել: Բայց եթե չէր ուզում ընտրվել, շատ քաղաքակիրթ ձև կար՝ պիտի թեկնածությունը չդներ: Ոչ միայն չդներ, այլ հակառակորդին օգներ, որ անցնի: Այդպիսի բան չկար: Ուղղակի ապաշնորհություն էր ընտրությունների քարոզարշավը:
1996-ի անհամությունը ես վերագրում եմ Տեր-Պետրոսյանի հոգնածությանը: Արդեն սպառել էր իրեն, հոգնել էր: Երբ որ ընտրությունների արդյունքները հաղորդում էին, բոլորս նստած էինք ՀՀՇ-ի վարչության շենքում և Ռոբերտ Քոչարյանն էր, Լեոնարդ Պետրոսյանն էր, Արկադի Ղուկասյանը, մենք բոլորս այնտեղ էինք՝ Սարգսյանը, Տեր-Պետրոսյանը, և ստանում էիք այդ անմխիթար տվյալները, ընդ որում մեր մոտից այդ գիշեր հրապարակ Վազգենի կողմնակիցներին լուրեր էին տանում, որ այնտեղ ընկճված են: Շատ ոգևորվեցին, Վազգենը հաստատ չէր անցել: Առաջինը լավ նկատեց Քոչարյանը հենց նույն գիշերը:
Վազգեն Սարգսյանին կանչեցի մյուս սենյակ: Իմ միակ հարցն էր՝ Լևոնը պատրաստ է՞ երկրորդ փուլի գնալու: Վազգենն ասաց, որ պատրաստ չէ: Ես ուզում էի իմ տպավորությունը ստուգեմ: Ասաց` շուտ վերադառնանք, որ մեր առանձին խոսելու մասին կասkակծներ չունենան: Կամ խուճապի:
Երկրորդ փուլ չեղավ: 1996-ի դեպքերից հետո նախագահն ընկավ եռամսյա դեպրեսիայի մեջ: Ես ասացի, որ գնում եմ: Իմ գնալը մի քիչ արագացրեց կառավարության կազմումը: Ամբողջ պետական համակարգն էր լուծարված, չէր աշխատում”: