Աննախադեպ համախմբում 1996-ին՝ Վազգեն Մանուկյանի շուրջ

3100

1996-ը շատերի հիշողության մեջ մնացել է նախագահական կեղծված ընտրությունների տարի, թեև նախագահական ընտրությունները կեղծվեցին նաև հետագայում և գուցե ավելի այլանդակ ու կատարելագործված ձևերով:

1996-ը և նախագահական ընտրությունները հատկանշական էին նրանով, որ տեղի ունեցավ աննախադեպ համախմբում ընդդիմության շարքերում: Ընդ որում՝ այն անհատներն ու կուսակցությունները, որոնք կանգնեցին նախագահի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի կողքին, կանգնեցին մինչև վերջ՝ ենթարկվեցին հետապնդումների, դատապարտեցին կեղծիքները, ներդրված ականի ամոթալի դեր չկատարեցին:

1996-ի սեպտեմբերի 22-ի նախագահական ընտրությունների նախօրեին գրանցված էին 7 թեկնածուներ.

Լևոն Տեր-Պետրոսյան` “Հանրապետություն” միավորում,

Վազգեն Մանուկյան` ԱԺՄ,

Սերգեյ Բադալյան` ՀԿԿ,

Պարույր Հայրիկյան` ԱԻՄ,

Լենսեր Աղալովյան` “Արցախ-Հայաստան” միություն,

Արամ Սարգսյան` ՀԴԿ,

Աշոտ Մանուչարյան` ԳիԱրՔՄի:

Ընտրություններից կարճ ժամանակ առաջ տեղի ունեցավ համախմբում Վազգեն Մանուկյանի շուրջ: Պարույր Հայրիկյանը, Արամ Սարգսյանը և Լենսեր Աղալովյանը հանեցին իրենց թեկնածությունները՝ հօգուտ Վազգեն Մանուկյանի:

ՀՅԴ-ն, որ կասեցված էր, իսկ նրա առաջնորդները՝ բանտարկված, նույնպես պաշտպանեց Մանուկյանին: Աշոտ Մանուչարյանը դուրս չեկավ ընտրարշավից, սակայն իր գործողություններով չաջակցեց Լևոն Տեր-Պետրոսյանին, որևէ վնասակար քայլ չկատարեց Վազգեն Մանուկյանի դեմ:

ՍԻՄ-ը՝ Սահմանադրական Իրավունք միությունը, որը ղեկավարում էր Հրանտ Խաչատրյանը, ևս պաշտպանեց Վազգեն Մանուկյանին:

Ներկայացնում ենք երկու ելույթ, որ ունեցել է Վազգեն Մանուկյանը այդ աննախադեպ համախմբման մասին:

“Մենք հպարտ ենք, որ այս թիմի մեջ է Դաշնակցությունը: Մի կուսակցություն, որ Հայաստանում իր շարքերի մեջ ներգրավել է բազում լավագույն տղաների, ովքեր անձնվիրաբար ծառայել են ժողովրդին և մարտնչել Արցախում: Մի կուսակցություն, որ կապահովի Հայաստանի հարաբերություններն աշխարհի բազմաթիվ երկրների հետ, որովհետև ՀՅ Դաշնակցությունը հարաբերություններ ունի թե՛ այդ երկրների ղեկավարների, թե՛ հայ գաղթօջախների հետ:

Մենք հպարտ ենք, որ մեր թիմի մեջ են Պարույր Հայրիկյանը և ԱԻՄ-ը: Մի մարդ, որ իր ամբողջ կյանքը նվիրել է ժողովրդին: Մի անձնավորություն, որ ճանաչված և հարգված քաղաքական գործիչ է ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի բազում երկրներում:

Մենք հպարտ ենք և ուժեղ, որ մեզ հետ է Արամ Սարգսյանը: Մի անհատ, որի ղեկավարած կուսակցության մեջ կան բազմաթիվ հանրահայտ մտավորականներ, իսկ մեր երկրի ապագան  բոլոր դեպքերում կապված է մտավորականության հետ:

Մենք հպարտ ենք, որ մեր թիմում է Լենսեր Աղալովյանը: Մի անհատ, որ 1988-ից սկսած հետևողականորեն պայքարում է հանուն Արցախի, և որին մենք վաղուց ենք ճանաչում:

Կան բազում կազմակերպություններ, որ մեզ հետ են: Բայց ես, այնուամենայնիվ, ուզում եմ հատուկ մատնանշել ՍԻՄ-ը: Մի կազմակերպություն, որտեղ համախմբված են իմ ճանաչած ազնվագույն, ժողովրդին նվիրված մարդիկ, ում ոչ մի բան չկոտրեց, ովքեր դիմացան բոլոր փորձություններին և շարունակելով մնալ էլիտար կուսակցություն՝ այսուհետ էլ աշխատելու են ի շահ ժողովրդի”:1

“Այդ ժամանակ կատարվեց իրենց [իշխանությունների] համար անսպասելին՝ առաջացավ միասնական ճակատ իրենց  դեմ, միասնական թեկնածու: Ստեղծվեց բավական հզոր թիմ, որի մեջ  համախմբված է մտավորականության զգալի մասը Արամ Սարգսյանի և Լենսեր Աղալովյանի միջոցով: Ներգրավված է  Դաշնակցությունը, որը տասնյակ երկրներում ունի իր հզոր կապերը տարբեր պետությունների տնտեսական և քաղաքական ղեկավարների հետ: Այդ թիմում է Պարույր Հայրիկյանը, որն իրեն փայլուն դրսևորեց միասնական թեկնածուի  առաջադրման  հարցում:  Եվ դա մեծ ոգևորություն առաջացրեց ժողովրդի մեջ”2:

Թաթուլ Հակոբյան

  1. Վազգեն Մանուկյանի ելույթը Ազգային համաձայնության դաշինքի հանդիսավոր նիստում, 1996թ. սեպտեմբերի 10, ֆիլհարմոնիայի դահլիճ, Վազգեն Մանուկյան “Հայկական երազանքը գոյատևման փակուղում”, ելույթների և հոդվածների ժողովածու, “Վ. Ի. Ա. Այսօր և վաղը”, Երևան, 2002, էջ 345:
  2. ՀՀ նախագահի թեկնածու Վ. Մանուկյան “Այժմ”, 1996, 18-24 սեպտեմբեր, Վազգեն Մանուկյան “Հայկական երազանքը գոյատևման փակուղում”, ելույթների և հոդվածների ժողովածու, “Վ. Ի. Ա. Այսօր և վաղը”, Երևան, 2002, էջ 349: