Սիրո և համերաշխության նշանաբանի ներքո տեղի ունեցածը վերածվում է ատելության և վրեժի

1559

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 27 ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ:

Անկախության 27-րդ տարեդարձը մենք դիմավորում ենք յուրահատուկ իրավիճակում: Այս տարվա մայիսին տեղի ունեցած հեղափոխությունը, դրանից սկիզբ առած տարատեսակ գործընթացներն ու ծավալվող իրադարձությունները նոր փորձություն են մեր պետականության համար: Այն արժեքները, որոնց համար մարդիկ դուրս եկան փողոց, այսօր հարվածի տակ են դրվել: Սիրո և համերաշխության նշանաբանի ներքո տեղի ունեցածն իր իսկ առաջնորդների կողմից վերածվում է ատելության, վրեժի և անօրինականության: Ճակատագրի հեգնանքով այսօր կարիք է առաջացել փրկելու հեղափոխության գաղափարները նրանցից, ով այն սկսել է:

Այնուամենայնիվ, վստահ եմ, որ այս փորձությունը մեր երկիրը կհաղթահարի պատվով, և արդյունքում Հայաստանում կունենանք ոչ թե անձի պաշտամունք ու ամբոխավարություն, այլ` իրական ժողովրդավարություն, ոչ թե սևերի և սպիտակների բաժանված հասարակություն, այլ` միասնական ժողովուրդ, ոչ թե ամպագոռգոռ հայտարարություններ, այլ` Հայաստանի և Արցախի երաշխավորված անվտանգություն ու բարեկեցիկ կյանք:

Սիրելի հայրենակիցներ,
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ և այս նվիրական օրը երջանկություն ու խաղաղություն եմ մաղթում բոլորիդ:

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ
21․09․ 2018թ․