Գառնի-Բասարը Երևանի խանության օրոք

3518

Երևանի խանության օրոք Գառնի-Բասարի մահալը ուներ 52 բնակավայր: Մահալի կենտրոնը Ղամարլու (այսօր՝ Արտաշատ քաղաքը) գյուղն էր 408 բնակիչներով, որոնցից 241-ը հայեր, 167-ը՝ մահմեդականներ: Մահմեդականներ էին պարսիկները, քրդերը, կովկասյան թաթարները (ադրբեջանցիներ) և թյուրքալեզու տարբեր ցեղեր:

Գառնի-Բասարի մահալում, որի տարածքը ընդգրկում էր այսօրվա Արտաշատի շրջակայքը, բնակչության ընդհանուր թիվը, համաձայն ռուս պատմաբան Իվան Շոպենի «Камеральное описание Армянской области» աշխատության, կազմում էր 9.680 հոգի, որից հայեր՝ 5.504, մահմեդականներ՝ 4.176 մարդ: Հայության մեծամանությունը՝ 5.359-ը, Գառնի-Բասարի մահալ էր տեղափոխվել Պարսկաստանից:

Երբ խոսք է գնում Պարսկաստանից տեղափոխված հայերի մասին, ապա պետք է իմանալ, որ նրանց նախնիների մի մասը բռնագաղթի հետևանքով Արարատյան աշխարհից Պարսկաստան էին քշվել Շահ Աբասի տիրապետության տարիներին՝ 17-դարի սկզբում:

Երևանի խանությունը, որ շուրջ 200 տարի Պարսկաստանի մաս էր կազմում, 1828-ին՝ ռուս-պարսկական երկրորդ պատերազմի արդյունքում անցավ Ռոմանովների Ռուսաստանին: Խանության տարածքի մաս էին կազմում այսօրվա Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերը, ինչպես նաև այսօրվա Նախիջևանին պատկանող Շարուրի հատվածը, և այսօրվա Թուրքիայի մաս կազմող Իգդիրի շրջանը:

Խանությունը բաժանված էր 15 վարչական շրջանների: Ըստ հերթականության՝ դրանցից 3-րդը Գառնի-Բասարի մահալն (շրջան) էր: (Առաջինի՝ Քառասուն Աղբյուր (Քըրխ բուլաղ) մահալի մասին տես՝ https://www.aniarc.am/2015/04/10/kanaker-1832/, երկրորդի՝ Զանգի-Բասարի մահալի մասին տես՝https://www.aniarc.am/2015/04/18/zangi-basar-1828-population/, հինգերորդի՝ Շարուրի մահալի մասին տես՝ https://www.aniarc.am/2015/04/09/sharur-nakhijevan-1921/, վեցերորդի՝ Սուրմալուի մահալի մասին տես՝ https://www.aniarc.am/2015/04/08/arart-igdir-surmalu-khanate-of-yerevan/, տասնմեկերորդի՝ Սարդարապատի մասին տես՝ https://www.aniarc.am/2015/04/20/sardarapat-mahal-1828/):

Երևանի վերջին խանը Հոսեյն Ղոլի Խան Ղաջարն էր, որ կառավարեց երկու տասնամյակ` 1807-1827 թվականներին: