Սերժ Սարգսյանը ապրում է կառավարական ամառանոցում և ԱԱԾ ընդունելությունների քառահարկ տունն է ուզում

1563

Կառավարությունը մտադիր չէ անվերջ բանակցել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ՝ վերջինիս հատկացվելիք կացարանի ընտրության հարցով և առաջիկա օրերին կներկայացնի վերջնական առաջարկ, հաղորդում է Ազատությունը։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի խոսքով՝ վերջին մի քանի ամիսների ընթացքում կառավարությունը Սերժ Սարգյանին ավելի քան տասը տարբերակ է առաջարկել․ բոլորը, սակայն, մերժվել են երրորդ նախագահի կողմից։

Սերժ Սարգսյանն առաջարկվող տարբերակներից հրաժարվել է, պատճառաբանելով, թե դրանք անվտանգ չեն։ Աշխատակազմի ղեկավարի պնդմամբ՝ կառավարությունը նաև Սերժ Սարգսյանին է առաջարկել՝ ներկայցնել սեփական տարբերակները, բայց պաշտոնաթող նախագահի գրասենյակն առայժմ չի արձագանքել։

Սերժ Սարգյանը շարունակում է ապրել դեռևս 2008 թ․ իրեն տրամադրված Կառավարական ամառանոցի առանձնատանը։ Հեղափոխությունից առաջ Կարեն Կարապետյանի կառավարությունը որոշեց այդ առանձնատունը սեփականության իրավունքով փոխանցել Սերժ Սարգսյանին։ Վերջինս, սակայն, ապրիլի 17-ին՝ վարչապետ ընտրվելուց երկու օր անց, երբ փողոցում բողոքի ակցիաներ էին ընթանում, անսպասելիորեն հայտարարեց, որ հրաժարվում է նշված առանձնատան սեփականության իրավունքից, պատճառաբանելով, թե դրա ժամանակը չէ։ Նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանը շուրջ երեք ամիս առաջ, կառավարության նիստում Էդուրարդ Աղաջանյանին հանձնարարեց մեկամսյա ժամկետում լուծել երրորդ նախագահին օրենքով հասանելիք առանձնատան խնդիրը։

Սերժ Սարգսյանն աչք է դրել Մոնումենտում՝ Բաբայան փողոցում գտնվող Ազգային անվտանգության ծառայության ընդունելությունների քառահարկ տան վրա: Կառավարությունը, սակայն, չի պատրաստվում բավարարել Սերժ Սարգսյանի այս ցանկությունը:

Լուսանկարում՝ Սերժ Սարգսյանն ԱԱԾ այս 4-հարկանի տունն է ուզում