Երևանի բնակչության կազմը 1832-ին

4818

1832 թվականին Երևանը ունեցել է 11.417 բնակիչ, որից մահմեդականները կազմել են 7.286 հոգի, իսկ հայերը՝ 3937: Այս թվերն է ներկայացնում ռուս (ֆրանսիական ծագումով) պատմաբան, ազգագրագետ Իվան Շոպենը, ով 1829-1832 թթ. անցկացրել է Երևանում և հետագայում պատրաստել «Камеральное описание Армянской области» աշխատությունը:

Թե ինչ ազգության ներկայացուցիչներ են եղել Երևանի բնակչության ավելի քան 60 տոկոս մեծամասնություն կազմող մահմեդականները, չի նշվում: Շոպենի ներկայացրած վիճակագրական այլ տվյալներից կարելի է կռահել, որ Երևանում և ռուսների կողմից ստեղծած Հայկական մարզում  մահմեդականները եղել են պարսիկներ, թուրքական տարբեր ցեղերի ներկայացուցիչներ (կարափափախ, այրումլու, սեիդլու-ախսախլու, մողանլու, սաադլու և այլն) և քրդեր, ընդ որում՝ եղել են և՛ շիաներ, և՛ սուննիներ:

Շոպենի տվյալներով՝ 1832 թվականին Երևանում տեղացի հայերը կազմում էին 521 տուն և 2.174 հոգի (1.119 արական, 1.055 իգական): Երևանի մնացած 1.763 հայերը Հայկական մարզի վարչական կենտրոն էին տեղափոխվել նախորդող տարիներին (1828-ից հետո, երբ ռուսները պարսիկներից գրավեցին Երևանն ու Արևելյան Հայաստանը): Այդ հայերից 1715-ը (903-ը՝ արական, 812-ը՝ իգական) Երևան էր տեղափոխվել Պարսկաստանից, իսկ 48-ը (25-ը՝ արական, 23-ը՝ իգական) Արևմտյան Հայաստանից՝ Օսմանյան կայսրությունից:

Խանական շրջանում Երևանը կազմված էր երեք հիմնական թաղամասերից՝ Շահար (5.292 բնակիչ), Թափաբաշի (4.105 բնակիչ) և Դեմիր-Բուլաղ (1.825 բնակիչ): Երևանն ուներ 6 եկեղեցի և 8 մզկիթ: Շահարը համապատասխանում է այսօրվա Երևանի կենտրոնական հատվածին՝ Մաշտոցի պողոտա, Հանրապետության, Շահումյան, Մյասնիկյան հրապարակներ և շրջակայք, Թափաբաշին՝ Չարենց, Այգեստան, Ալեք Մանուկյան հատվածին, իսկ Դեմիր-Բուլաղը՝ Տիգրան Մեծ պողոտա, կայարանամերձ շրջաններ հատվածին:

Մինչև 1828 թվականը Երևանը, որպես խանության կենտրոն, Պարսկաստանի մաս էր կազմում: Չնայած որ Երևանն ու Արարատյան դաշտավայրը հարյուրամյակներ մաս կազմեցին շիական Պարսկաստանի, իսկ 1600-ական թվականների ընթացքում Շահ Աբբասը հայությանը (Կարսից մինչև Ջուղա՝ Նախիջևան) բռնի տեղահանել ու քշել էր Սպահանի կողմերը, հայությունը Արարատյան դաշտավայրում և Երևանում շարունակում էր կազմել ընդհանուր բնակչության մի ստվար հատվածը, բայց ոչ մեծամասնությունը և ոչ էլ անգամ՝ 50 տոկոսը:

Նկարում՝ Երևանի Կապույտ մզկիթը (շիա)՝ կառուցված 1766-ին