Քոչարյան. Ես պետք է շնորհավորեմ Հայաստանի ժողովրդին, որ մենք ստացանք նոր բռնապետ

1297

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բացառիկ հարցազրույց է տվել Yerevan.Today-ին: 

– Սեպտեմբերի 11-ին մի քանի իրադարձություն կատարվեց Հայաստանում, որոնք Ձեզ հետ անմիջական առնչություն ունեն, ուստի շնորհակալ ենք հարցազրույցի մեր խնդրանքը չմերժելու համար:

Հրապարակվեց հայտնի հեռախոսազրույցը ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների միջև, դրան հաջորդեց իշխանության կոշտ արձագանքը, վարչապետի ուղիղ եթերում ելույթը, Երևանի թաղամասերից մեկում ելույթը, դրանից հետո այդ 2 կառույցների ղեկավարների մամուլի ասուլիսը: Կարծում եմ՝ հետևել եք կատարվածին, ի՞նչ մեկնաբանություն ունեք:

– Ամեն ինչ ուղղակի զավեշտալի է: Ես այդ հեռախոսազրույցի փաստը երկու մասի կբաժանեի. առաջինը հենց ինքը՝ փաստը, որ դա հայտնվել է համացանցում, և երկրորդը՝ այդ հեռախոսազրույցի բովանդակությունը: Այսօր պետք է խոսեմ բովանդակության մասին, երկու պաշտոնյայի հեռախոսազրույցի բովանդակության մասին: Բովանդակությունը միանշանակ ապացուցում է, որ կատարվել է հանցագործություն, շատ կոնկրետ հանցագործություն, եղել է ճնշում դատարանի վրա, և ընդհանրապես, մեր բոլոր կանխատեսումներն ապացուցվեցին այդ հեռախոսազրույցում, մեր բոլոր հայտարարությունները, որ գործը քաղաքական է, սա քաղաքական հետապնդում է, որևէ կապ չունի Մարտի 1-ի բացահայտման հետ և ունի միակ նպատակ, ոնց որ իրենք են ասում՝ ինձ փակել: Սա է այդ գործի էությունը, և ակնհայտ է ևս մի բան, որ որևէ, ընդհանրապես որևէ վստահություն չի լինելու այն քրեական գործերի նկատմամաբ, որոնք քննվում են կամ վերահսկվում են այդ մարդկանց կողմից: Յուրաքանչյուր պետությունում, ոչ միայն զարգացած ժողովրդավարական պետություններում, նման սկանդալից հետո այդ մարդիկ պետք է տային հրաժարական, ներողություն խնդրեին հասարակությունից իրենց արարքի, հանցանքի համար, ներողություն խնդրեին նաև ինձնից՝ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահից: Բայց մեր մոտ մենք ունենք լրիվ այլ պատկեր. իրենք անցան հարձակման և այդ հանձակման ընթացքում սկսեցին օգտագործել Մարտի 1-ի քրեական գործը: Սա ևս ապացուցում է, որ այս մարդիկ խիղճ չունեն, ուղղակի պադոշոտ դեմքերով փոխանակ փորձեն արդարանալ իրենց արած հանցանքից, փորձում են հարձակվել և նոր մեղադրանքներ ուղղել իմ հասցեին:

Ի՞նչ ասեմ, զարմանալի բան է, բայց սա փաստ է և ամենից զարմանալին գիտե՞ք ինչն էր ինձ համար՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն էր, որ ինքը պատասխանատու է քաղաքական հնչեղություն ունեցող բոլոր ձերբակալումների համար: Դա հնչեցրեց հանրահավաքի ընթացքում: Մենք Եվրոխորհրդի անդամ երկիր ենք, սա չի կարող անհետևանք անցնել Հայաստանի Հանրապետության համար: Սա մի հայտարարություն է, որ նույնիսկ բռնապետները չեն անում այսպիսի ուղիղ ձևով:

Հիմա ես պետք է շնորհավորեմ Հայաստանի ժողովրդին, որ մենք ստացանք նոր բռնապետ: Արդյո՞ք սա էր այդ հեղափոխության նպատակը, ես մեծ կասկածներ ունեմ: Եվ մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ կատարվածի հետևանքները չափազանց ծանր են նստելու Հայաստանի համար: Վարչապետն իր վրա է վերցնում պատասխանատվությունը ձերբակալումների համար, որի իրավունքը սահմանադրությամբ ընդհանրապես չունի, մոտ գալու իրավունք չունի: Ինքը դրանով ոչ միայն կոպիտ ձևով խախտում է Սահմանադրությունը, խախտվում են մի շարք օրենքներ: Այ սա է սահմանադրական կարգի տապալումը:

Ես հասկանում եմ՝ կան մարդիկ, որոնք հանրահավաքների ժամանակ չափից շատ են ոգևորվում, մինչև որոշակի սենց բորբոքվածության աստիճան, և կարող են ասել տարբեր բաներ, բայց պետական գործիչը պետք է առաջին հերթին այնպիսին լինի, որ իր լեզուն մտքից առաջ չվազի, քանի որ դրա հետևանքները պետության համար կարող են ողբերգական լինել, և արդեն ժողովրդավարության հարցը լսվելու է Եվրոխորհրդի արտյաններում, մոնիտորինգային խմբում:

– Նշեցիք, որ պետք է առնվազն ներողություն խնդրեին այդ մարդիկ, բայց նրանք նաև հղում են անում վարչապետին, որ վարչապետն ասել է փակեք:

– Խոսքը նաև վարչապետի մասին է: Այս ամբողջ գործընթացն ուղղորդվում է վարչապետի կողմից: Սա ԱԱԾ տնօրենի նախաձեռնությունը չէ, ինքն ուղղակի կատարող է, բայց էնտուզիազմով կատարող է և հաճույքով կատարող է նման կարգի հանձնարարականը: Դրա համար եմ ասում՝ Հայաստանում ծնվում է բռնապետ. արդյո՞ք սա էր հեղափոխության նպատակը:

– Պարոն նախագահ, որպես պատասխան Ձեր, Ձեր թիմի հայտարարությունների, վարչապետն ու իր թիմը նշում են, որ եթե քաղաքական հետապնդում լիներ՝ Ձեզ ազատ չէին արձակի. Ինչպե՞ս եք սա մեկնաբանում:

– Ես այսօր ազատության մեջ եմ միայն մեկ պատճառով, որ Վերաքննիչ դատարանի իմ գործը լսող դատավորն ամբողջ դատական համակրագում իբրև անկաշառ և սկզբունքային մարդու համբավ ունի: Պատճառը միայն դա է: Ի դեպ՝ այս մթնոլորտում և այսպիսի ճնշումների տակ, դատավորը պետք է ներքին ուժ ունենա դիմադրելու համար և դժվար է բոլոր դատավորներից պահանջել նման կարգի խիզախություն: Վերջը դատավորը, դատական ծառայությունը … Դատավորը ռազմական սպա չէ, որ իրենից անձնական խիզախություն պահանջենք առաջին գծում կամ մարտի ժամանակ, դատավորներին օրենքը պետք է պաշտպանի բոլոր կարգի ճնշումներից, ինչն այսօր մենք տեսնում ենք, որ չի աշխատում Հայաստանում: Հետաքրքիր արտահայտություն էր, հիմա չեմ հիշում ինչպես արտահայտվեց ԱԱԾ-ի տնօրենը, փակեք բոլոր … ամեն գնով, թե ինչ որ էդպիսի բան ասեց, չէ՞…

-Ձև չունես պիտի տաս կալանքը:

– Հա … Պիտի փակես, և գիտե՞ք, երբ որ նման կարգի պաշտոնյաները գողական նաև տերմինաբանությամբ են խոսում, դա արդեն որոշ չափով բնութագրում է նրանց էությունը:

– Պարոն նախագահ, նաև երեկ նոր քրեական գործի մասին խոսվեց, նոր բացահայտումների մասին : Այս պարագայում, արդեն, փողերի լվացման մեջ Ձեր ընտանիքը մեղադրելու մասին է, 6 մլն դոլար կաշառքի, «Կոնգրես» հյուրանոցը ձեռք բերելու: Ի՞նչ մեղադրանքներ են սրանք:

– Առաջին հերթին սա փորձ է շեղել հանրության ուշադրությունն այն կատարված փաստից, այն, ինչ որ եղավ, փորձեցին շեղել: Նկատելի է, որ մեր այսօրվա իշխանությունները բոլոր հարցերից խոսալելիս, երբ պատասխաններ չունեն, խոսում են կոռուպցիայի մասին, կապ չունի, թե ինչ է կատարվում երկրում կամ ինչով են իրենք զբաղված: Հենց պետք է ժողովրդին մոլորեցնեն, խոսում են կոռուպցիայի մասին: Սա հերթական անհեթեթությունն է, կրկնում եմ՝ հերթական: Ես անձամբ բիզնեսով երբեք չեմ զբաղվել: Իմ ընտանիքի անդամները 15-16 տարի զբաղվում են բիզնեսով, երբեք պետական պաշտոններ չեն զբաղեցրել, զբաղվում են բիզնեսով և որոշակի հաջողությունների հասել են: Բայց ինչ-որ ունի իմ ընտանիքը, իմ ընտանիքի անդամները, կամ ստեղծված է զրոյից, կամ գնված է օրինական ճանապարհով: Բոլորը գրանցված են Հայաստանի Հանրապետության պետռեգիստրում, և այստեղ որևէ գաղտնիք չկա: Եվ խոսքը, իհարկե, չի գնում միլիարդների կամ հարյուր հազարավոր միլիոնների մասին: Եվ կարծում եմ՝ կգա ժամանակը, երբ այդ հայտարարություն անողը պատասխան է տալու իր հայտարարությունների համար: Ինչ վերաբերում է, կոնկրետ մեղադրանք կար, չէ՞, «Կոնգրես» հյուրանոցի մասին. հյուրանոցը ձեռք է բերվել 2014-15 թվականներին, ես 6-7 տարի պաշտոնում չէի, ի՞նչ կաշառք կարող է այստեղ լինել: Մարդիկ ուղղակի փրփուրներից կախված՝ երեկ հիստերիկ վիճակում փորձում էին ինչ-որ բաներ ասեին ժողովրդի ուշադրությունը շեղելու համար: Էստեղ ուրիշ ոչ մի բան չկա: Ես պատրաստ եմ սպասել, թե երբ են իրենք ապացուցելու իրենց ասածը, և եթե չապացուցեն, ապա շատ ոչ նորմատիվային լեքսիկայով եմ տվյալ դեպքում, արդեն, սկսելու խոսել այդ մարդկանց հետ:

Ու ամենից հետաքրքիրը, գիտե՞ք, այդ հայտարարությունը անողը մինչև ականջները խրված է բիզնեսների մեջ, ԱԱԾ տնօրենը տարբեր բիզնեսների մեջ, իր նախկին պաշտոնում շատ ջերմ հարաբերություններ է ունեցել մի շարք օլիգարխների հետ: Դրանք հայտնի փաստեր են:

– Պարոն նախագահ, մենք մեր գրավոր հարցումներին ի պատասխան՝ կապված մոտ երեք տասնյակ բիզնեսների հետ, որոնցում, իբրև Ձեր ընտանիքը բաժնետոմսեր ունի, արդեն 25 ընկերությունից հերքում ենք ստացել: Բայց միևնույն է՝ այդ լուրերը նորից շարունակվում են տարածվել: Սա նո՞ւյնպես այդ տրամաբանության մեջ եք տեղավորում:

– Նույնն է, նույնը: Այդ ցանկի 95 տոկոսի հետ մեր ընտանիքը որևէ կապ չունի, որևէ կապ, որևէ առնչություն չունենք: Դուք այդ հնարավորությունը ունեք ստուգելու, իշխանությունը շատ լավ գիտի, թե ինչքանով, ինչ բիզնեսներում մենք կանք, որովհետև իրենք այդ ամենը կարող են ստանալ պետական ռեգիստրից: Այստեղ որևէ գաղտնիք չկա: Քողարկված բիզնեսներ իմ ընտանիքը չունի և չի ունեցել:

– Եվս մեկ հարց, պարոն Նախագահ: Երեկ երեկոյան իմ շատ գործընկերների, հասարակական-քաղաքական դաշտի ներկայացուցիչների հետ եմ զրուցել, իրավիճակը համարում են ծայրաստիճան վտանգավոր: Ինչպես արդեն նշեցիք Դուք էլ, երկրի վարչապետը խոսում է ռեպրեսիվ մեթոդներ կիրառելու մասին արդեն: Բացի այդ՝ նա դաշտը արդեն պաշտոնապես բաժանել է երկու մասերի՝ մենք սպիտակներն ենք, մյուսները՝ սևը: Ընդ որում, այդ սևերի մեջ են նաև իր թիմակիցները, կոալիցիոն այսօրվա գործընկերները: Սա որտե՞ղ է տանում: Այսինքն, քաղաքական դաշտը դնել ու բաժանել երկրի ղեկավարի մակարդակով սևերի ու սպիտակների, սա ինչի՞ կարող է հանգեցնել:

– Դասական բոլշևիզմ է: Դասական բոլշևիզմ է, ուղղակի բոլշևիզմի ժամանակ բաժանում էին սպիտակների ու կարմիրների: Կարմիրները լավն էին՝ բոլշևիկները, սպիտակները վատն էին՝ բուրժուազիան: Դասական բոլշևիզմ է, և մենք գիտենք ինչ հետևանքներ է նման քաղաքականությունն ունենում: Եվ վարչապետը փոխանակ միավորի ժողովրդին, բաժանում է, տարանջատում է ժողովրդին, ատելություն է սերմանում ժողովրդի մոտ, մոլորեցնում է:

Ես համոզված եմ, որ մեր ժողովրդի մտածող մասը, վերլուծող մասը շատ լավ գիտակցում է՝ ինչ է կատարվում Հայաստանում այսօր և ինչ վտանգներ կարող են բխել այս կարգի քաղաքականությունից, այս կարգի մոտեցումներից:

Ամենից վտանգավորը գիտե՞ք ինչն է. որ այս քաղաքականությամբ իրենք ներքաշում են ապօրինությունների մեջ բավական մեծ զանգվածներ: Օրինակ՝ այս կեղծարարության վրա և ստի վրա ստեղծված քրեական գործերը, քրեական գործը կոնկրետ իմ նկատմամբ. այդ գործի մեջ ներքաշված են բազմաթիվ քննիչներ, բազմաթիվ այլ մարդիկ, ներքաշում են բազմաթիվ պետական ծառայողների: Իմ հորդորը նա է, որ մարդիկ չգայթակղվեն այս իրավիճակից, չանեն քայլեր, որոնց համար պատասխան են տալու ինչ-որ ժամանակ անց, և ես կարծում եմ՝ ոչ հեռու ժամանակներում, այլ բավական մոտակա ժամանակներում պատասխան են տալու: Դրա համար պետք է ուղղակի լինել ճշգրիտ օրենքների շրջանակներում, չկատարել հանձնարարականներ, որոնց համար ինչ-որ ժամանակ հետո ստիպված ես լինելու պատասխան տալ օրենքի առաջ: Դա չափազանց կարևոր հանգամանք է, որովհետև այդ ղեկավարները մի կողմ են քաշվելու, ասելու են՝ մենք կապ չունենք, որովհետև օրենքով իրականում կապ չունեն:

Վատ իրավիճակ է, կրկնեմ, և սա այն իրավիճակն է, որտեղ իշխանությունը փորձում է գերբևեռացման վրա տեսնել իր հաջողությունը, ոչ թե մերձեցման, այլ գերբևեռացման վրա: Իսկ սա վտանգավոր է ուղղակի, ուղղակի վտանգավոր է: Չեմ կարծում, որ պետական մտածելակերպ ունեցող մարդիկ կարող են գնալ նման կարգի քայլերի, սա ուղղակի անընդունելի է: Ողջամտության կոչ պետք է անենք, և մեր մտավորականությունը, մեր լրագրողները, մեր մամուլը պետք է կանգնեցի և պետք է ցույց տա, որ սա անընդունելի քաղաքականություն է, և պետք է վերջ տանք սրան:

– Հրապարակում նշվում է սիրո և հանդուրժողականության մթնոլորտի մասին:

– Ես կարծում եմ, որ սիրո և հանդուրժողականությունից այսօր ոչ մի բան չի մնացել: Սկսվել է կեղծիքների, ստերի ժամանակը:

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Yerevan.Today-ին