Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան, դուք որոշել եք հայ ժողովրդին մարտահրավեր նետեք, դե հիմա սպասեք. Նիկոլ Փաշինյան

1535

Դավիթաշենում մեկնարկած «Իմ քայլը» դաշինքի նախընտրական հանդիպման ընթացքում ելույթ ունեցավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հաղորդում է Ա1 պլյուսը:

Նա անդրադարձավ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսմանը. «Սա դավադրություն է, սա հանցագործություն է Հայաստանի պետականության նկատմամբ, ես հանձնարարել եմ հայտնաբերել դավադրությունը կազմակերպողներին և նրանց ենթարկել ամենախիստ պատասխանատվության:

Ես հանձնարարում  եմ զինաթափել բոլորին՝ օլիգարխներին, թիկնազորներին։

Պարոն Վանեցյան և Օսիպյան, երկու ժամից լսեմ ձեր ցուցմունքը կատարված աշխատանքի մասին։

Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան, դուք որոշել եք հայ ժողովրդին մարտահրավեր նետեք, դե հիմա սպասեք»։

«Հանրապետության հրապարակում ինձ կախաղան կհանեք, եթե…». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Երեւանի ավագանու ընտրությունների «Իմ Քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ, հայտարարեց, որ բացառվում է դատարանների աշխատանքին միջամտություն, լինում են  դեպքեր, երբ դատավորները զանգում են եւ ասում՝ «Օ, վայ ի՞նչ անենք»: Եւս մեկ անգամ անդրադառնալով հեռախոսազանգի հայտնի  ձայնագրությանը, վարչապետը տեղեկացրեց, որ այս քրեական գործերի բոլոր պատասխանատվությունը իր վրա է:

«Տասը տարի անցել է, մինչեւ իշխանափոխություն չլինի Մարտի մեկի գործը չի բացահայտվելու, հիմա իշխանափոխություն է եղել եւ Մարտի մեկի գործը բացահայտվել է, ուրիշ տարբերակ չկա: Երբ ինձ ասում են՝ ճիշտ է, որ ձեր իշխանության օրոք նախկին իշախանությունները դատվեն: Ասում են նաեւ, չէ որ աստվածաշնչում գրված է մի դատվիր, որ չդատվես: Ես ասում եմ՝ ինձ կդատեք նույն դատով, եթե ես ներգրավվեմ  կոռուպցիայի մեջ, Հանրապետության հրապարակում ինձ կախաղան կհանեք, սա իմ պահանջն է ձեզնից: Որ պահին, որ որոշեք, որ ես չպետք է լինեմ ՀՀ վարչապետ, ես 15 րոպե հետո չեմ լինի ՀՀ վարչապետ»,- իր ելույթում նշեց Նիկոլ Փաշինյանը: Հավաքվածները նրա ելույթին արձագանքեցին Նիկոլ, Նիկոլ, Նիկոլ բացականչություններով:

«Չմոռանանք , թե ինչի համար ենք հավաքվել, ինչպես Սերժ Սարգսյանի տատն էր ասում»,- շարունակեց Փաշինյանը:

Դիմելով Երեւանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի, ասաց, որ Հայկը մի բան գիտեր, երբ խոսում էր սպիտակ եւ սեւ ուժերի մասին:

«Այո, Երեւանի քաղաքապետի էս ընտրությունները սեւի եւ սպիտակի ընտրություններ են, հեղափոխության եւ հակահեղափոխության ընտրություններն են, Պլատոնն իմ ընկերն է եւ ասում է ՝ ճշմարտությունն  ավելի թանկ է: Կոալիցիոն իմ ընկերները խաղեր են տվել եւ խաղեր են տալիս հակահեղափոխության հետ, ես կոչ եմ անում ոչ մի ձայն չտալ հակահեղափոխությանը, մեզ այս ընտրություններով անհրաժեշտ է անվերապահ, կատարյալ, անքննելի մեծամասնությամբ հաղթանակ, մեզ այս ընտրություններում  անհրաժեշտ է հակահեղափոխության անվերապահ կապիտուլացիա, եւ այդ կապիտուլացիայի համար գնացեք եւ քվեարկեք Հայկ Մարությանի օգտին, «Իմ քայլը» դաշինքի օգտին, հեղափոխության օգտին:

Ելույթից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը իջավ բեմահարթակից եւ երթով քայլում է Դավթաշեն համայնքի փողոցներով: Նրան են միացել հանրահավաքի մասնակիցները: