Տասնամյա վաղեմության դեպքերի հետաքննությունը Հայաստանի ներքին գործն է․ Սերգեյ Լավրով

700

Հայաստանում տիրող իրավիճակն անհանգստացնում է, սակայն Մոսկվայում կարծում են, որ ՀՀ-ի նախկին ղեկավարների նկատմամբ հետաքննությունները Հայաստանի ներքին գործն է, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Իհարկե, մեզ անհանգստացնում է, որ իրավիճակը Հայաստանում շարունակում է թեժ մնալ, հետաքննվում են տասնամյա վաղեմության դեպքեր, դուք գիտեք այդ փաստերի, տեղի ունեցող ձերբակալությունների մասին»,- ՄԳԻՄՈ-ում ելույթ ունենալիս հայտարարել է Լավրովը։

«Մենք դա, անկասկած, համարում ենք Հայաստանի Հանրապետության ներքին գործը։ Եվ շատ ենք ցանկանում, որ բոլոր այդ ներքին գործերը մնան օրենքի, Սահմանադրության ամուր հողի վրա և հնարավորին արագ հաղթահարվեն»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

Նա տեղեկացրել է, որ առաջիկայում ծրագրվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ևս մեկ հանդիպում։

«Կարծում եմ՝ մեզ համար կարևոր կլինի լսել, թե ինչպես է Հայաստանի նոր առաջնորդը անձամբ գնահատում իր երկրում իրավիճակի զարգացման հեռանկարները»,- նշել է Լավրովը։

Պուտինի հետ առաջիկա հանդիպման մասին երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Հուլիսի վերջին Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ «Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հակասում են երկրի նոր իշխանությունների՝ քաղաքական նախորդներին չհետապնդելու մասին հայտարարություններին»։