Օգոստոսի 29-ի երեկոյան Կալիֆոռնիայի Բերքլիի համալսարանում հայկական թավշյա հեղափոխության թեմայով օտարազգի և հայ ներկաների առաջ դասախոսություն է կարդացել ՍիվիլՆեթի լրագրող, Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը։
Երեկոն բացել է Բերքլիի համալսարանի հայագիտության ամբիոնի ղեկավար, պատմաբան Ստեփան Աստուրյանը, ով դասախոսության մոդերատորն էր։
Հակոբյանը մանրամասներ է պատմել հայկական թավշյա հեղափոխությունից, ներկայացրել Հայաստանի և նոր կառավարության համար մարտահրավերներն ու վտանգները, ապա պատասխանել շուրջ 100 ներկաների բազմաթիվ հարցերի, որոնք վերաբերում էին ոչ միայն Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, այլև ղարաբաղյան հակամարտությանը, Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին, Երևանի արտաքին քաղաքականությանը։
Ավելի վաղ, օգոստոսի 28-ին, Հակոբյանը ելույթ էր ունեցել Սան Ֆրանցիսկոյի հայ համայնքի համար։
Միջոցառումը տեղի է ունեցել Խաչատուրյան հայկական կենտրոնի Սարոյան սրահում։
Այսօր, օգոստոսի 30-ի երեկոյան, Հակոբյանը ելույթ է ունենալու Սիլիկոնյան դաշտում գտնվող Կուպերտինո քաղաքում։