Ռոբերտ Քոչարյանն իրեն նույնացնում է պետության հետ․ Սասուն Խաչատրյան

1334

Մարտի 1-ի գործով մեղադրյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի ձևակերպմամբ՝ իրեն նույնացնում է պետության հետ, գրում է Ազատությունը:

Նախօրեին հերթական հարցազրույցում Քոչարյանը նորից տարակուսանք էր հայտնել իրեն առաջադրված մեղադրանքի շուրջ, թե՝ լինելով սահմանադրական կարգի կրողը, ինչպես կարող էր ինքն իրեն տապալել․ – «Պատկերացնու՞մ եք, նախագահը՝ որպես սահմանադրության երաշխավոր, այդ պաշտոնը զբաղեցնող, տապելել է ինքն իրեն: Հապշտապ փորձել են մեղադրական եզրակացության ինչ-որ ձև գտնել: Սա վկայում է, որ խոսքը ոչ թե քրեական գործի, այլ քաղաքական վենդետայի մասին է»

«Ռոբերտ Քոչարյանը իրեն նույնացնում է պետության հետ, սահմանադրական կարգի հետ այս դեպքում, որը, կարծում եմ, ճիշտ չէ», – ասաց Սասուն Խաչատրյանը:

Ռոբերտ Քոչարյանը նաև հայտարարել էր, թե այս գործը կապ չունի կոնկրետ 10 զոհերի մեղավորների և առհասարակ մարտի 1-ի բացահայտման հետ:

Հատուկ Քննչական ծառայության ղեկավարն ասում է, որ 2008-ի արյունալի իրադարձությունների բոլոր հանգամանքները ջրի երես դուրս կգան: Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց հարուցված նոր գործով՝ սահմանադրական կարգը տապալելու համար․ – «Դա թողնում եմ ձեր գնահատամանը՝ մեր գործը տասը զոհերի հետ կապ ունի թե չունի։ Սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ քրեական գործը միացվել է սպանությունների փաստերով հարուցված քրեական գործին, վարույթը մեկ միասնական վարույթ է․․․ Ես չգիտեմ Ռոբերտ Քոչարյանին որտեղից այդ տեղեկությունը, որ մենք քննություն չենք անում, կամ մեր արած քննություն այն աստիճանի ինտենսիվ և արդյունավետ չէ, որ մենք չենք բացահայտի դա: Ես ասում եմ՝ ամեն ինչ արվել է և արվելու է, և ես լիահույս եմ, այս գործը ամբողջությամբ, այդ թվում սպանություններ կատարած անձանց մասով, բացահայտվելու է»:

Սասուն Խաչատրյանը վերահաստատեց, որ Սերժ Սարգսյանն այս գործով հարցաքննվելու է, բայց թե ինչ կարգավիճակով և երբ, դեռ չի հրապարակվում: